Ավետարան ըստ Հովհաննէսի

21

Յիսուս կ’երևի եօթը աշակերտներու

1Ասկէ ետև Յիսուս նորէն ինքզինք իր աշակերտներուն յայտնեց Տիբերիայի ծովուն եզերքը, և այսպէս յայտնեց։ 2Մէկտեղ էին Սիմոն ու Թովմաս, Երկուորեակ ըսուածը, և Նաթանայէլ որ Գալիլեայի Կանա քաղաքէն էր, ու Զեբեդէոսի որդիները և աշակերտներէն ուրիշ երկուք ալ։ 3Սիմոն Պետրոս ըսաւ անոնց, Ես որսալու կ’երթամ. ըսին անոր, Մենք ալ կու գանք քեզի հետ. ելան և շուտ մը նաւը մտան, ու այն գիշերը բան մը չբռնեցին։ 4Ու երբ ա՛լ առտու եղաւ, Յիսուս ծովուն եզերքը կայներ էր, բայց աշակերտները չճանչցան թէ Յիսուս է։ 5Իսկ Յիսուս ըսաւ անոնց, Տղաք, ուտելու բան մը ունի՞ք. պատասխան տուին իրեն, Ոչ։ 6Եւ ըսաւ անոնց, Ուռկանը նաւին աջ կողմը ձգեցէք ու պիտի գտնէք. ուստի ձգեցին, և ձուկերուն շատութենէն՝ ա՛լ չէին կրնար զանիկա քաշել։ 7Այն ատեն այն աշակերտը զոր Յիսուս կը սիրէր, ըսաւ Պետրոսի, Անիկա Տէրն է. իսկ Սիմոն Պետրոս երբ լսեց թէ Տէրն է, վերարկուն վրան առաւ, վասն զի մերկ էր, ու ծովը նետուեցաւ։ 8Եւ միւս աշակերտները նաւակովը եկան, (վասն զի ցամաքէն հեռու չէին, միայն թէ երկու հարիւր կանգունի չափ,) և ուռկանը ձուկերովը կը քաշէին։ 9Ու երբ ցամաքը ելան, հոն վառած կրակ տեսան, ու վրան ձուկ դրուած, և ։ 10Յիսուս ըսաւ անոնց, Բերէք այդ ձուկերէն զորոնք դուք հիմա բռնեցիք։ 11Սիմոն Պետրոս նաւը մտաւ, և ուռկանը ցամաք քաշեց հարիւր յիսունուիրեք խոշոր ձուկերով լեցուն. և այնչափ բան կար ու չպատռեցաւ ուռկանը։ 12Յիսուս ըսաւ անոնց, Եկէք ըրէք. ու աշակերտներէն մէ՛կն ալ չէր համարձակեր անոր հարցնել թէ Դուն ո՞վ ես. վասն զի գիտէին թէ Տէրն է։ 13Այն ատեն Յիսուս եկաւ ու առաւ հացը և անոնց տուաւ, նոյնպէս ալ ձուկը։ 14Այս երրորդ անգամն է որ Յիսուս իր աշակերտներուն երևցաւ՝ մեռելներէն յարութիւն առնելէն ետև։

Յիսուս և Պետրոս

15Ու երբ ճաշը ըրին, Յիսուս ըսաւ Սիմոն Պետրոսի. Սիմոն, Յովնանի որդի, զիս ատոնցմէ աւելի կը սիրե՞ս. անիկա ըսաւ անոր, Այո, Տէր, դուն գիտես որ քեզ կը սիրեմ ըսաւ անոր, Արածէ իմ գառնուկներս։ 16Նորէն երկրորդ անգամ ըսաւ անոր, Սիմոն, Յովնանի որդի, զիս կը սիրե՞ս. ըսաւ անոր, Այո, Տէր, դուն գիտես որ քեզ կը սիրեմ. ըսաւ անոր, Արածէ իմ ոչխարներս։ 17Ըսաւ անոր երրորդ անգամ, Սիմոն, Յովնանի որդի, զիս կը սիրե՞ս. Պետրոս տրտմեցաւ որ երեք անգամ իրեն ըսաւ թէ Զիս կը սիրե՞ս. և ըսաւ անոր, Տէր, դուն ամէն բան գիտես, դուն գիտես որ ես քեզ կը սիրեմ. ըսաւ անոր Յիսուս, Արածէ իմ ոչխարներս։ 18Ճշմարիտ ճշմարիտ կ’ըսեմ քեզի, որ երբ դուն պատանի էիր, ինքիրմէդ կը կապէիր ու կ’երթայիր ուր որ ուզէիր. բայց երբ ծերանաս, ձեռքերդ վեր պիտի բռնես, և ուրիշը քեզի գօտի պիտի կապէ ու պիտի տանի ուր չես ուզեր։ 19Այս բանը ըսաւ՝ ցուցնելով թէ անիկա ի՛նչ մահով պիտի փառաւորէ զԱստուած. ու երբ զայս զրուցեց՝ ըսաւ անոր, Եկուր իմ ետևէս։

Յիսուս և միւս աշակերտը

20Եւ Պետրոս դարձաւ ու տեսաւ այն աշակերտը զոր Յիսուս կը սիրէր, որ ետևէն կ’երթար, (որ նաև ընթրիքին ատենը անոր կուրծքին վրայ ինկեր և ըսեր էր, Տէր, ո՞վ է որ քեզ պիտի մատնէ։) 21Պետրոս զանիկա տեսնելով՝ ըսաւ Յիսուսի, Տէր, հապա ասիկա ի՞նչ պիտի ըլլայ։ 22Յիսուս ըսաւ անոր, Եթէ ես ուզեմ որ ատիկա կենայ մինչև ես գամ, քու ի՞նչ հոգդ է. դուն իմ ետևէս եկուր։ 23Ալ այս խօսքը ելաւ եղբայրներուն մէջ թէ այն աշակերտը պիտի չմեռնի. սակայն Յիսուս չըսաւ անոր թէ Պիտի չմեռնի, հապա՝ Եթէ ես ուզեմ որ ատիկա կենայ մինչև ես գամ, քու ի՞նչ հոգդ է։

Եզրակացութիւն

24Ասիկա այն աշակերտն է՝ որ կը վկայէ այս բաներուն համար, որ գրեց ալ այս բաները. ու գիտենք որ անոր վկայութիւնը ճշմարիտ է։ 25Եւ ուրիշ շատ բաներ ալ կան, զորոնք Յիսուս ըñաւ, որոնք եթէ մէկիկ մէկիկ գրուած ըլլային, կարծեմ թէ աշխարհս ալ բաւական պիտի չըլլար պարունակելու այն գիրքերը որ գրուած ըլլային։ Ամէն։

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)