Դատավորների գիրք

4

Դեբօրա և Բարակ

1Եւ Աւովդի մեռնելէն ետքը Իսրայէլի որդիները Տէրոջը առջև նորէն չարութիւն ըրին. 2Ու Տէրը մատնեց զանոնք Քանանացւոց Յաբին թագաւորին ձեռքը, որ Հասորի մէջ կը թագաւորէր. և անոր զօրագլուխը Սիսարա էր, ու ազգաց Արիսօթին մէջ կը բնակէր: 3Եւ Իսրայէլի որդիները Տէրոջը աղաղակեցին. քանզի անիկա ինը հարիւր երկաթէ կառքեր ունէր, ու անիկա քսան տարի Իսրայէլի որդիները սաստիկ նեղեց: 4Եւ այն ատեն Դեբօրա մարգարէուհին, Ղաբիդօթի կինը, Իսրայէլի մէջ դատաւորութիւն կ’ընէր: 5Ու անիկա Եփրեմի լեռանը վրայ, Ռամայի ու Բեթէլի մէջտեղ, Դեբօրայի արմաւենիին տակ կը բնակէր, և Իսրայէլի որդիները դատաստանի համար անոր կ’ելլէին: 6Ու Դեբօրա մարդ ղրկեց, և Նեփթաղիմի Կադէսէն Աբինոամի որդին Բարակը կանչեց, ու անոր ըսաւ, Իսրայէլի Տէր Աստուածը քեզի չհրամայե՞ց` ըսելով, Գնա, լեռը ելիր, ու Նեփթաղիմի որդիներէն և Զաբուղոնի որդիներէն քեզի հետ տասը հազար մարդ առ, 7Ու ես Յաբինի զօրագլուխը Սիսարան, և անոր կառքերը ու զօրաց բազմութիւնը քու դիմացդ պիտի հանեմ Կիսոն հեղեղատին քով, ու զանիկա քու ձեռքդ պիտի մատնեմ: 8Եւ Բարակ անոր ըսաւ, եթէ դուն ալ ինծի հետ երթաս, կ’երթամ. բայց եթէ ինծի հետ չերթաս, չեմ երթար: 9Եւ անիկա ըսաւ, Անշուշտ ես քեզի հետ պիտի երթամ, բայց քու երթալու ճամբուդ մէջ դուն մը չես ստանար. քանզի Տէրը Սիսարան կնոջ մը ձեռքը պիտի մատնէ: Ու Դեբօրա ելաւ Բարակի հետ Կադէս գնաց: 10Եւ Բարակ Զաբուղոնը ու Նեփթաղիմը Կադէսի մէջ ժողվեց, և տասը հազար մարդով ելաւ. Դեբօրա ալ անոր հետ ելաւ: 11(Ու Մովսէսի աներոջ Յոբաբի որդիներէն Կենեցի Քաբեր Կենեցիներէն զատուեր էր, ու իր վրանը Կադէսի մօտ Սանանիմի Կաղնիին քով կանգներ էր:) 12Այն ատեն Սիսարայի իմացուցին որ Աբինոամի որդին Բարակ Թաբօր լեռը ելեր է: 13Եւ Սիսարա իր բոլոր կառքերը, ինը հարիւր երկաթէ կառքերը, ու իրեն հետ եղող բոլոր զօրքը ազգաց Արիսօթէն Կիսոն հեղեղատը ժողվեց: 14Եւ Դեբօրա ըսաւ Բարակի, Ոտք ելիր, քանզի Տէրը այսօր Սիսարան քու ձեռքդ մատնեց. միթէ Տէրը քու առջեւէդ չելա՞ւ: Ու Բարակ Թաբօր լեռնէն իջաւ, և իրեն հետ տասը հազար մարդ կար: 15Ու Տէրը Սիսարան և բոլոր կառքերը ու բոլոր բանակը Բարակի առջև սուրի բերնով խորտակեց. և Սիսարա կառքէն վար իջաւ ու ոտքով փախաւ: 16Եւ Բարակ կառքերը ու բանակը մինչև ազգաց Արիսօթը հալածեց, ու Սիսարայի բոլոր բանակը սուրի բերնով ինկաւ, ու մա՛րդ մը չմնաց: 17Եւ Սիսարա ոտքով Կենեցի Քաբերի կնոջ Յայէլի վրանը փախաւ. քանզի Հասորի Յաբին թագաւորին ու Կենեցի Քաբերի տանը մէջտեղ խաղաղութիւն կար: 18Ուստի Յայէլ Սիսարան դիմաւորելու ելաւ ու անոր ըսաւ, Տէր իմ, դարձիր, ինծի դարձիր, մի վախնար: Ուստի անիկա դէպ ի վրանը անոր դարձաւ, և կինը զանիկա վերմակով մը ծածկեց: 19Եւ անիկա կնոջը ըսաւ, Շնորհք ըրէ, ինծի քիչ մը տուր խմեմ, քանզի ծարւած եմ: Ան ալ կաթին տիկը բացաւ, ու անոր խմցուց. ետքը զանիկա ծածկեց: 20Եւ անիկա կնոջը ըսաւ, Վրանին դուռը կեցիր, ու եթէ մարդ մը գայ, քեզի հարցնէ ու ըսէ թէ Այս տեղ մարդ կա՞յ, Չկայ ըսես: 21Ու Քաբերի կինը Յայէլ վրանին մէկ ցիցը առաւ, և ուռն ալ ձեռքը բռնելով` կամացուկ մը անոր քով գնաց, ու ցիցը անոր ծամելիքը մխելով մինչև գետինը գամեց, և անիկա յոգնած ըլլալուն համար խորունկ քունի մէջ էր. այսպէս մեռաւ: 22Եւ ահա Բարակ Սիսարայի ետեւէն կը վազէր, և Յայէլ զանիկա դիմաւորելու ելաւ ու անոր ըսաւ, Եկուր, քու փնտռած մարդդ քեզի ցուցնեմ. ու անիկա կնոջը հետ ներս մտաւ, և ահա Սիսարա մեռած պառկեր էր, ու ցիցը անոր ծամելիքին մէջ էր: 23Եւ այն օրը Քանանացւոց Յաբին թագաւորը Իսրայէլի որդիներուն առջև կորագլուխ ըրաւ: 24Ու Քանանացւոց Յաբին թագաւորին դէմ Իսրայէլի որդիներուն ձեռքը օրէ օր կը զօրանար, մինչև որ Քանանացւոց Յաբին թագաւորը բնաջինջ ըրին:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)