Ծննդոց
46
Յակոբ ընտանիքով Եգիպտոս կ’երթայ
1Եւ Իսրայէլ իր բոլոր ունեցածով ճամբայ ելաւ, ու Բերսաբէէ եկաւ. և իր հօրը Իսահակի Աստուծոյն զոհեր մատուց: 2Ու Աստուած գիշերուան տեսիլքի մէջ խօսեցաւ Իսրայէլի ու ըսաւ, Յակոբ, Յակոբ. և անիկա ըսաւ, Ահա ես հոս եմ: 3Եւ ըսաւ անոր, Ես եմ Աստուած, քու հօրդ Աստուածը. Եգիպտոս իջնելու մի վախնար, վասն զի հոն մեծ ազգ մը պիտի ընեմ քեզ. 4Ես քեզի հետ Եգիպտոս պիտի իջնեմ, նաև քեզ անշուշտ պիտի հանեմ, ու Յովսէփ պիտի դնէ իր ձեռքը քու աչքերուդ վրայ: 5Եւ Յակոբ ելաւ Բերսաբէէէ, ու Իսրայէլի որդիները տարին իրենց հայրը Յակոբը, ու իրենց տղաքները և իրենց կիները այն կառքերով, զորոնք Փարաւոն ղրկեց զանիկա տանելու համար: 6Եւ առին իրենց անասունները ու իրենց ստացուածքը զորոնք Քանանու երկրին մէջ ստացեր էին, ու Եգիպտոս եկան Յակոբ ու անոր բոլոր սերունդը իրեն հետ. 7Իր որդիները ու իր որդւոց որդիները իրեն հետ, իր աղջիկները ու իր որդւոց աղջիկները և իր բոլոր սերունդը իրեն հետ Եգիպտոս բերաւ: 8Եւ ասոնք են Իսրայէլի որդւոց անունները որոնք Եգիպտոս եկան. Յակոբ ու անոր որդիները. Յակոբի անդրանիկը Ռուբէն. 9Եւ Ռուբէնի որդիները՝ Ենովք ու Փաղղուս և Եսրոն ու Քարմի: 10Եւ Շմաւոնի որդիները՝ Յամուէլ ու Յամին և Ոհադ ու Յաքին և Սահառ, ու Քանանացի կնոջ որդին Սաւուղ: 11Եւ Ղեւիի որդիները՝ Գերսոն, Կահաթ ու Մերարի: 12Եւ Յուդայի որդիները՝ Էր ու Օնան և Սելօմ ու Փարէս և Զարա. բայց Էր ու Օնան Քանանու երկրին մէջ մեռան. և Փարէսի որդիները՝ Եսրոն ու Համուլ: 13Եւ Իսաքարի որդիները՝ Թովղա ու Փուա և Յոբ ու Սամրօն: 14Եւ Զաբուղոնի որդիները՝ Սարեդ ու Ելօն և Յաղէլ: 15Ասոնք են Լիայի որդիները, զորոնք Միջագետի մէջ ծնաւ Յակոբի, ու անոր Դինա աղջիկը. անոր բոլոր որդիները ու աղջիկները երեսունուիրեք հոգի էին: 16Եւ Գադի որդիները՝ Սափոն ու Անգի, Սունի և Եսբօն, Էրի ու Արօդի և Արելի: 17Եւ Ասերի որդիները՝ Յեմնա ու Յեսուա և Յեսուի ու Բարիա, և անոնց քոյրը Սարա. և Բարիայի որդիները՝ Քաբեր ու Մեղքիէլ: 18Ասոնք են Զեղփայի որդիները՝ զոր Լաբան իր Լիա աղջկան տուաւ. և անիկա ծնաւ ասոնք Յակոբի՝ տասնըվեց հոգի: 19Յակոբի կնոջ Ռաքէլի որդիները՝ Յովսէփ ու Բենիամին: 20Եւ Յովսէփի՝ Եգիպտոսի երկրին մէջ Մանասէ ու Եփրեմ ծնան, զորոնք Արեգ քաղաքի քուրմին, Պետափրայի, աղջիկը Ասանէթ ծնաւ անոր: 21Եւ Բենիամինի որդիները՝ Բաղա ու Բոքոր և Ասբել, Գերա ու Նէեման, Էհի ու Ռովս, Մուբիմ և Ոփիմ ու Արեդ: 22Ասոնք են Ռաքէլի որդիները՝ որոնք ծնան Յակոբի, ամէնը տասնըչորս հոգի: 23Եւ Դանի որդիները՝ Հուսիմ: 24Եւ Նեփթաղիմի որդիները՝ Յասիէլ ու Գունի և Յասեր ու Սիլլեմ: 25Ասոնք են Բաղղայի որդիները՝ զոր Լաբան իր Ռաքէլ աղջկան տուաւ. ու անիկա Յակոբի ասոնք ծնաւ. ամէնը յօթը հոգի էին: 26Յակոբի հետ Եգիպտոս եկող բոլոր հոգիները, որ անոր երանքէն ելած էին, Յակոբի որդւոց կիներէն զատ՝ ամէնը վաթսունըվեց հոգի էին: 27Եւ Յովսէփի որդիները՝ որ Եգիպտոսի մէջ անոր ծնան, երկու հոգի էին. Եգիպտոս գացող Յակոբի տանը բոլոր հոգիները եօթանասուն էին:
Յակոբ ընտանիքով Եգիպտոսի մէջ
28Եւ անիկա Յուդան իր առջեւէն ղրկեց Յովսէփի, որ Գեսեմը ցուցնէ իրեն. և անոնք Գեսեմի երկիրը եկան: 29Եւ Յովսէփ իր կառքը պատրաստեց, ու իր հայրը Իսրայէլը դիմաւորելու համար Գեսեմ ելաւ. և երբ անոր դէմը ելաւ, անոր պարանոցին վրայ ինկաւ, ու շատ մը ատեն անոր պարանոցին վրայ լացաւ: 30Եւ Իսրայէլ ըսաւ Յովսէփի, Հիմա քու երեսդ տեսնելէս ետքը թող մեռնիմ, վասն զի տակաւին ողջ ես: 31Եւ Յովսէփ իր եղբայրներուն ու իր հօրը տանը ըսաւ, Ելլեմ և Փարաւոնի պատմեմ, ու ըսեմ անոր, Իմ եղբայրներս ու իմ հօրս ընտանիքը՝ որ Քանանու երկրին մէջ էին, ինծի եկան. 32Եւ այն մարդիկը հովիւներ են, վասն զի խաշինքի տէր են, և իրենց հօտերը ու իրենց արջառները և իրենց բոլոր ունեցածը բերին: 33Եւ ըլլայ որ երբ Փարաւոն ձեզ կանչէ, ու ըսէ թէ Ի՞նչ է արհեստնիդ, 34Ըսէք, Քու ծառաներդ մեր մանկութենէն մինչև հիմա՝ մենք ալ, մեր հայրերն ալ, խաշինքի տէր ենք. որպէս զի Գեսեմի երկրին մէջ բնակիք. վասն զի ամէն հովիւ Եգիպտացւոց առջև գարշելի է: