Ծննդոց

38

Յուդայ և Թամար

1Ու եղաւ որ այն ատեն Յուդա իր եղբայրներուն քովէն իջաւ ու Ոդողոմացի մէկուն քով գնաց որուն անունը Իրաս էր: 2Եւ Յուդա Շաւա անունով Քանանացիի մը աղջիկ տեսաւ, ու առաւ զանիկա և մտաւ անոր: 3Ու անիկա յղացաւ ու որդի մը ծնաւ, և անոր անունը Էր դրաւ: 4Ու նորէն յղացաւ ու որդի մը ծնաւ, և անոր անունը Օնան դրաւ: 5Եւ դարձեալ որդի մըն ալ ծնաւ, ու անոր անունը Սելօմ դրաւ. և երբ զանիկա ծնաւ՝ Յուդա Քեզիբի մէջ էր: 6Եւ Յուդա իր առաջինեկ տղուն Էրի մը առաւ, որուն անունն էր Թամար: 7Եւ Յուդայի առջինեկը Էր չար էր Տէրոջը առջև. ու Տէրը մեռցուց զանիկա: 8Եւ Յուդա ըսաւ Օնանի, Մտիր քու եղբօրդ կնոջ, ու տագրութեան իրաւունքը կատարէ անոր, և քու եղբօրդ սերունդ հանէ: 9Եւ Օնան գիտցաւ որ սերունդը իրենը պիտի չըլլար. անոր համար երբ իր եղբօրը կնոջ կը մտնէր, սերմը գետինը կը թափէր, որպէս զի իր եղբօրը սերունդ չտայ: 10Եւ այս ըրած բանը Տէրոջը առջև գէշ երեւցաւ, ու զանիկա ալ մեռցուց: 11Եւ Յուդա իր Թամար հարսին ըսաւ, Որբեւարի նստէ քու հօրդ տունը մինչև իմ Սելօմ որդիս մեծնայ. քանզի ըսաւ, չըլլայ որ աս ալ իր եղբայրներուն պէս մեռնի. և Թամար գնաց ու իր հօրը տունը նստաւ: 12Եւ շատ օրերէն ետքը մեռաւ Շաւայի աղջիկը, Յուդայի կինը. և Յուդա մխիթարուեցաւ. ու Թամնա գնաց իր հօտերը ասրակտուր ընողներուն ինք ու իր բարեկամը Ոդողոմացի Իրաս: 13Եւ զրուցուեցաւ Թամարի՝ ըսելով, Ահա քու սկեսրայրդ դէպ ի Թամնա կ՚ելլէ՝ իր ոչխարները ասրակտուր ընելու: 14Ան ալ իր որբեւարութեան հանդերձները հանեց իր վրայէն, ու քօղով մը ծածկուեցաւ ու փաթթուեցաւ, և Թամնայի ճամբուն մէջ եղող Ենայիմի մուտքը նստաւ. քանզի տեսաւ որ Սելօմ մեծցաւ, ու ինք անոր կին ըլլալու չտրուեցաւ: 15Երբ Յուդա տեսաւ զանիկա, բոզ կարծեց, քանզի իր երեսը ծածկեր էր: 16Եւ ճամբան անոր դարձաւ ու ըսաւ, Շնորհք ըրէ, քեզի մտնեմ. քանզի չէր գիտեր թէ անիկա իր հարսն է: Եւ անիկա ըսաւ, Ինծի մտնելու համար ի՞նչ կու տաս ինծի: 17Ան ալ ըսաւ, Ես քեզի այծի ուլ մը կը ղրկեմ հօտերէն. և անիկա ըսաւ, Գրաւ մը կու տա՞ս մինչև ղրկելդ: 18Եւ Յուդա ըսաւ, Ի՞նչ գրաւ տամ քեզի. ու անիկա ըսաւ, Քու կնիքդ ու ժապաւէնդ և ձեռքիդ գաւազանը տուր . ան ալ տուաւ անոր ու մտաւ անոր, և Թամար անկէ յղի մնաց: 19Եւ ելաւ ու գնաց, ու իր վրայէն քօղը հանեց ու իր որբեւարութեան հանդերձները հագաւ: 20Եւ Յուդա իր բարեկամին, Ոդողոմացիին, ձեռքով այծին ուլը ղրկեց, որպէս զի կնոջ ձեռքէն գրաւը առնէ. բայց չգտաւ զանիկա: 21Եւ այն տեղի մարդոց հարցուց՝ ըսելով, Ճամբուն վրայ Ենայիմի մէջ եղած բոզը ո՞ւր է. և անոնք ըսին, Հոս բոզ չկա: 22Եւ դարձաւ Յուդայի ու ըսաւ, Չգտայ զանիկա, և այն տեղի մարդիկն ալ ըսին թէ Հոս բոզ չկայ: 23Եւ Յուդա ըսաւ, Իրեն թող ըլլայ, որպէս զի խայտառակ չըլլանք. ահա ես այս ուլը ղրկեցի, ու դուն չգտար զանիկա: 24Եւ եղաւ որ երեք ամիսի չափ ետքը Յուդայի պատմուեցաւ՝ ըսելով, Քու հարսդ Թամար պոռնկեցաւ, նաև ահա պոռնկութենէն յղի մնաց. և Յուդա ըսաւ, Հանեցէք զանիկա, ու այրուի: 25Երբ զանիկա դուրս կը հանէին, գրաւները իր սկեսրայրին ղրկեց՝ ըսելով, Ես այս բաներուն տէրոջմէն յղի եմ. նաև ըսաւ, Շնորհք ըրէ, գիտցիր թէ այս կնիքն ու ժապաւէնը և գաւազանը որո՞ւնն են: 26Եւ Յուդա ճանչցաւ ու ըսաւ, Անիկա ինծմէ արդար է. վասն զի զանիկա իմ որդւոյս Սելօմի չտուի. ու մէյմըն ալ նորէն չգիտցաւ զանիկա: 27Ու եղաւ որ անոր ծնած ատենը՝ ահա անոր արգանդին մէջ երկուորեակ էին: 28Եւ եղաւ որ երբ կը ծնանէր, մէկը ձեռքը երկնցուց. և մանկաբարձը առաւ ու անոր ձեռքին վրայ կարմիր դերձան կապեց՝ ըսելով, Առաջ աս ելաւ: 29Եւ անիկա իր ձեռքը ետ քաշածին պէս՝ ահա անոր եղբայրը ելաւ. և մանկաբարձը ըսաւ, Ինչո՞ւ ցանկը պատռեցիր. այս պատառումը քու վրադ ըլլայ. անոր համար անոր անունը Փարէս դրուեցաւ: 30Ու ետքը ձեռքին վրայ կարմիր դերձան ունեցող եղբայրը ելաւ, և անոր անունը Զարա դրուեցաւ:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)