Ծննդոց

22

Աստուած Աբրահամը կը փորձէ

1Ու եղաւ որ այս բաներէն ետքը փորձեց Աբրահամը, ու ըսաւ անոր, Ով . և անիկա ըսաւ, Ահա հոս եմ: 2Եւ անիկա ըսաւ, Հիմա քու սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը առ, ու Մօրիայի երկիրը գնա, և հոն զանիկա ողջակէզ ըրէ լեռներէն մէկուն վրայ՝ զոր ես քեզի պիտի ըսեմ: 3Եւ Աբրահամ առտուանց կանուխ ելաւ, ու իր իշուն համետը դրաւ, և իրեն հետ երկու ծառայ ու իր որդին առաւ. և ողջակէզի համար փայտ ճեղքեց, ու ելաւ գնաց այն տեղը զոր Աստուած իրեն ըսաւ: 4Ու երրորդ օրը Աբրահամ իր աչքերը վեր վերցուց, ու հեռուէն տեսաւ այն տեղը: 5Եւ Աբրահամ ըսաւ իր ծառաներուն, Դուք իշուն հետ հոս մնացէք, և ես ու տղան մինչև հոն երթանք, ու երկրպագութիւն ընենք, և նորէն ձեզի դառնանք: 6Ու Աբրահամ ողջակէզին փայտերն առաւ, ու իր որդւոյն Իսահակի վրայ դրաւ, և ինք իր ձեռքը առաւ կրակը ու դանակը, ու երկուքը մէկտեղ գացին: 7Եւ Իսահակ իր հօրը Աբրահամի խօսեցաւ ու ըսաւ, իմ. և անիկա ըսաւ, Ահա հոս եմ, որդիս: Եւ անիկա ըսաւ, Ահա կրակը ու փայտը, բայց ողջակէզ ըլլալու գառը ո՞ւր է. 8Եւ Աբրահամ ըսաւ, Աստուած իրեն ողջակէզ ըլլալու գառը պիտի պատրաստէ, որդեակ իմ: Այսպէս երկուքը մէկտեղ գացին: 9Ու եկան այն տեղը զոր Աստուած անոր ըսեր էր, և Աբրահամ հոն շինեց ու փայտերը շարեց, և իր որդին Իսահակը կապեց, ու զանիկա սեղանը, փայտերուն վրայ, դրաւ: 10Եւ Աբրահամ իր ձեռքը երկնցուց ու դանակը առաւ որպէս զի իր որդին մորթէ: 11Եւ Տէրոջը հրեշտակը երկինքէն անոր կանչեց ու ըսաւ, Աբրահամ, Աբրահամ. և անիկա ըսաւ, Ահա հոս եմ: 12Եւ ըսաւ, Տղուն ձեռք մի դպցներ, և անոր բան մը մի ըներ. քանզի հիմա գիտցայ որ Աստուծմէ կը վախնաս. որովհետև քու մէկ հատիկ որդիդ ինծմէ չխնայեցիր: 13Եւ Աբրահամ իր աչքերը վեր վերցուց ու նայեցաւ, և ահա իր ետեւը խիտ մացառներուն մէջ եղջիւրներէն բռնուած խոյ մը կար. ու Աբրահամ գնաց ու խոյը առաւ, և զանիկա իր որդւոյն տեղ ողջակէզ մատուց: 14Եւ Աբրահամ այն տեղին անունը Եհովայիրէ կոչեց, որ մինչև այսօր կ’ըսուի, Տէրը լեռանը մէջ պիտի երեւնայ: 15Եւ Տէրոջը հրեշտակը երկրորդ անգամ երկինքէն Աբրահամը կանչեց, 16Ու ըսաւ, Իմ անձիս վրայ ըրի, կ՚ըսէ Տէրը, որովհետև այս բանը ըրիր, ու ինծի համար քու մէկ հատիկ որդւոյդ չխնայեցիր, 17Քեզ օրհնելով պիտի օրհնեմ, ու քու սերունդդ երկինքի աստղերուն ու ծովեզերքը եղող աւազին պէս խիստ պիտի շատցնեմ. և քու սերունդդ իր թշնամիներուն քաղաքները պիտի ժառանգէ. 18Ու երկրի բոլոր ազգերը քու սերունդովդ պիտի օրհնուին, որովհետև իմ ձայնիս ականջ դրիր: 19Այսպէս Աբրահամ իր ծառաներուն դարձաւ, ու ելան ու մէկտեղ Բերսաբէէ գացին. և Աբրահամ Բերսաբէէի մէջ կը բնակէր:

Նաքովրին սերունդը

20Ու եղաւ որ այս բաներէն ետքը Աբրահամի պատմուեցաւ ըսելով, Ահա Մեղքա ինք ալ որդիներ ծնաւ քու եղբօրդ Նաքովրի. 21Առջինեկ որդին Հուսը, և անոր եղբայրը Բուզը, ու Արամի հայրը Կամուէլը, 22Եւ Քազադը ու Ասաւը և Փաղդասը ու Յեդլափը և Բաթուէլը: 23Եւ Բաթուէլ ծնաւ Ռեբեկան. այս ութ որդիները Մեղքա ծնաւ Աբրահամի եղբօրը Նաքովրի: 24Եւ անոր հարճը որուն անունը Ռէումա էր, անիկա ալ ծնաւ Տէբաքը և Գաամը ու Թաքասը և Մաաքան:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)