Սաղմոսներ
144
ՍԱՂՄՈՍ ՃԽԴ (ՃԽԵ)
Օրհնութիւն Դաւթի։
1Բարձր առնեմ զքեզ, Աստուած իմ եւ Թագաւոր իմ, եւ օրհնեմ զանուն քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ 2Զօրհանապազ օրհնեցից զքեզ, եւ գովեցից զանուն քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ 3Մեծ է Տէր եւ օրհնեալ է յոյժ, եւ մեծութեան նորա ոչ գոյ չափ։ 4Ազգք եւ ազգք գովեսցեն զգործս քո, եւ զզօրութիւնս քո պատմեսցեն։ 5Զմեծ վայելչութիւն փառաց սրբութեան քո խօսեսցին, եւ զսքանչելիս քո պատմեսցեն։ 6Զզօրութիւն ահի քո ասասցեն, եւ զմեծութիւնս քո պատմեսցեն։ 7Զյիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն, եւ արդարութեամբ քով ցնծասցեն։ 8Գթած եւ ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ։ 9Քաղցր է Տէր առ ամենեսեան, եւ գթութիւն նորա ի վերայ ամենայն արարածոց իւրոց։ 10Խոստովան եղիցին առ քեզ, Տէր, ամենայն գործք քո, եւ սուրբք քո օրհնեսցեն զքեզ։ 11Զփառս արքայութեան քո ասասցեն, եւ զզօրութիւնս քո պատմեսցեն. 12Ճանաչել որդւոց մարդկան զզօրութիւն քո, եւ զփառս մեծվայելչութեան արքայութեան քո։ 13Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից, եւ տէրութիւն քո ազգէ մինչեւ յազգ։ Հաւատարիմ է Տէր յամենայն ի բանս իւր, եւ արդար է յամենայն ի գործս իւր։՝՝
14Հաստատէ Տէր զամենայն գայթակղեալս, եւ կանգնէ զամենայն գլորեալս։ 15Աչք ամենեցուն ի քեզ յուսան, եւ դու տաս կերակուր նոցա ի ժամու. տաս դու նոցա եւ կերակրին։ 16Բանաս զձեռն քո, եւ լցուցանես զամենեսեան քաղցրութեամբ կամօք քովք։ 17Արդար է Տէր յամենայն ճանապարհս իւր, եւ սուրբ է յամենայն ի գործս իւր։
18Մերձ է Տէր առ ամենեսեան որ կարդան առ նա, առ ամենեսեան որ կարդան առ նա ճշմարտութեամբ։ 19Զկամս երկիւղածաց իւրոց առնէ Տէր, աղօթից նոցա լսէ եւ կեցուցանէ զնոսա։ 20Պահէ Տէր զամենեսեան ոյք սիրեն զնա, եւ զամենայն մեղաւորս սատակէ Տէր։ 21Զօրհնութիւնս Տեառն խօսեսցի բերան իմ. օրհնեսցէ ամենայն կենդանի զանուն սուրբ նորա յաւիտեան, եւ յաւիտեանս յաւիտենից։