Սաղմոսներ
142
ՍԱՂՄՈՍ ՃԽԲ (ՃԽԳ)
Սաղմոս Դաւթի, ի ժամանակի զի հալածեաց զնա Աբիսողոմ որդի նորա։՝՝
1Տէր, լուր աղօթից իմոց, ունկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ քով. լուր ինձ արդարութեամբ քով։ 2Եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի քո, զի ոչ արդարանայ առաջի քո ամենայն մսեղի։ 3Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ. եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից։ 4Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս։ 5Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն ի գործս քո. յարարածս ձեռաց քոց խորհեցայ։ 6Համբարձի առ քեզ զձեռս իմ. անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ քեզ։
7Վաղվաղակի լուր ինձ, Տէր, զի նուաղեաց յինէն հոգի իմ. մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն, նմանիցեմ այնոցիկ որ իջանեն ի գուբ։ 8Լսելի արա ինձ առաւօտուց զողորմութիւնս քո, զի ես ի քեզ, Տէր, յուսացայ. ցոյց ինձ ճանապարհ յոր գնացից, զի առ քեզ, Տէր, համբարձի զանձն իմ։ 9Փրկեա զիս ի թշնամեաց իմոց, Տէր, զի զքեզ ապաւէն ինձ արարի։ 10Ուսո ինձ առնել զկամս քո, զի դու ես Աստուած իմ. Հոգի քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ։ 11Վասն անուան քո, Տէր, կեցուսցես զիս. արդարութեամբ քով հանցես ի նեղութենէ զանձն իմ. 12ողորմութեամբ քով սատակեսցես զթշնամիս իմ. կորուսցես զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ քո եմ։