Երկրորդ Օրինաց
30
1Եւ եղիցի եթէ հասանիցեն ի վերայ քո ամենայն պատգամքս այսոքիկ, կամ օրհնութիւնք կամ անէծք զորս ետու առաջի երեսաց քոց, եւ կալցիս ի սրտի քում ընդ ամենայն ազգսն ուր ցրուեսցէ զքեզ Տէր անդ, 2եւ դարձցիս առ Տէր Աստուած քո, եւ լուիցես ձայնի նորա ըստ ամենայնի զոր ես պատուիրեմ քեզ այսօր, յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ, 3եւ բժշկեսցէ Տէր զմեղսն՝՝ քո եւ ողորմեսցի քեզ, եւ դարձեալ ժողովեսցէ զքեզ յամենայն ազգաց ուր ցրուեաց զքեզ Տէր անդր։ 4Եթէ իցէ ցրումն քո ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի՝՝, անտի ժողովեսցէ զքեզ Տէր Աստուած քո, եւ անտի առցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝. 5եւ ածցէ զքեզ Տէր Աստուած քո յերկիրն զոր ժառանգեցին հարք քո, եւ ժառանգեսցես զնա եւ բարի եղիցի քեզ, եւ բազմապատիկ արասցէ զքեզ քան զհարս քո. 6եւ պարուրեսցէ Տէր զսիրտ քո եւ զսիրտ զաւակի քո, սիրել զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձն քումմէ, զի կեցցես դու եւ զաւակ քո՝՝։ 7Եւ տացէ Տէր Աստուած քո զնզովս զայս ի թշնամիս քո եւ յատելիս քո որք հալածեցինն զքեզ։ 8Եւ դու դարձցիս եւ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո՝՝, եւ արասցես զպատուիրանս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսօր։ 9Եւ աճեցուսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն գործս ձեռաց քոց, ծննդովք որովայնի քո, եւ արդեամբք երկրի քո, եւ ծննդովք անասնոց քոց. զի դարձցի ի քեզ Տէր Աստուած քո՝՝ ուրախ լինել քեւ ի բարութիւնս որպէս ուրախ եղեւ հարբքն քովք, 10եթէ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, պահել եւ առնել զամենայն պատուիրանս նորա եւ զիրաւունս նորա եւ զդատաստանս նորա զգրեալս ի գրի օրինացս այսոցիկ, եթէ դարձցիս առ Տէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ։
11Զի պատուիրանքս այս զոր ես պատուիրեմ քեզ այսօր, ոչ ծանրաբեռն ինչ է եւ ոչ հեռի ի քէն։ 12Ոչ յերկինս թէ ասիցես. Ո՞վ ելանիցէ մեզ յերկինս եւ առնուցու զնա, եւ լուիցուք եւ արասցուք։ 13Եւ ոչ յայնկոյս ծովու է, թէ ասիցես. Ո՞վ անցանիցէ յայնկոյս ծովու եւ առնուցու մեզ զնա, եւ լսելի արասցէ մեզ եւ արասցուք։ 14Մերձ է բանն առ քեզ յոյժ, ի բերան քո եւ ի սրտի քում, եւ ի ձեռս քո է՝՝ առնել զնա։
15Ահաւասիկ ետու այսօր առաջի երեսաց քոց զկեանս եւ զմահ, զբարի եւ զչար. 16եւ եթէ լուիցես պատուիրանաց Տեառն Աստուծոյ քո՝ զոր՝՝ ես պատուիրեմ քեզ այսօր սիրել զՏէր Աստուած քո, գնալ ի ճանապարհս նորա, պահել զիրաւունս եւ զպատուիրանս նորա եւ զդատաստանս նորա, կեցցէք եւ բազումք լինիցիք՝՝. եւ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն երկրին յոր մտանելոց ես ժառանգել զնա։ 17Եւ եթէ փոխեսցի սիրտ քո եւ ոչ լուիցես, եւ մոլորեալ երկիր պագանիցես աստուածոց օտարաց եւ պաշտեսցես զնոսա, 18պատմեմ քեզ այսօր զի կորստեամբ կորնչիցիք, եւ ոչ լինիցիք բազմօրեայք ի վերայ երկրին յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա։ 19Ունիմ ձեզ վկայ այսօր զերկինս եւ զերկիր. զկեանս եւ զմահ ետու առաջի երեսաց ձերոց, զօրհնութիւնս եւ զանէծս. եւ ընտրեա զկեանս, զի կեցցես դու եւ զաւակ քո. 20սիրել զՏէր Աստուած քո եւ լսել ձայնի նորա եւ ունել զնմանէ, զի այն են կեանք քո եւ երկայնութիւն աւուրց քոց, բնակել յերկրին զոր երդուաւ Տէր հարցն քոց Աբրահամու եւ Իսահակայ եւ Յակոբա՝ տալ նոցա։