Երկրորդ Թագավորաց գիրք
7
1Եւ եղեւ յորժամ նստաւ Դաւիթ ի տան իւրում, եւ Տէր հանգոյց զնա յամենայն թշնամեաց իւրոց շուրջանակի, 2եւ ասէ արքայ ցՆաթան մարգարէ. Ահաւասիկ ես բնակեալ եմ ի տան եղեւնափայտից, եւ տապանակն Աստուծոյ շրջիցի ի մէջ խորանի՝՝։ 3Եւ ասէ Նաթան ցարքայ. Զամենայն որ ինչ իցէ ի սրտի քում, երթ եւ արա. զի Տէր ընդ քեզ է։
4Եւ եղեւ ի գիշերին յայնմիկ եղեւ բան Տեառն առ Նաթան եւ ասէ. 5Երթ եւ ասա ցծառայ իմ Դաւիթ. Այսպէս ասէ Տէր. Ոչ շինեսցես դու՝՝ ինձ տուն բնակելոյ. 6զի ոչ բնակեցայ ի տան յօրէ յորմէ հետէ հանի զորդիսն Իսրայելի յԵգիպտոսէ մինչեւ ցայսօր, եւ շրջէի յիջավանի խորանաւ։ 7Ամենայն ուրեք ուր շրջէի ի մէջ ամենայն Իսրայելի, եթէ խօսելով խօսեցա՞յ երբեք ընդ միում ցեղի Իսրայելի ում եւ հրաման ետու հովուել զժողովուրդ իմ զԻսրայէլ, ասել թէ՝ Ընդէ՞ր ոչ շինեցէք ինձ տուն եղեւնափայտեայ։ 8Եւ արդ այսպէս ասասցես ցծառայ իմ Դաւիթ. Այսպէս ասէ Տէր ամենակալ. Առի ես զքեզ ի վանաց հօտից լինել քեզ յառաջնորդ ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի. 9եւ էի ընդ քեզ ամենայն ուրեք ուր եւ երթայիր. եւ սատակեցի զամենայն թշնամիս քո յերեսաց քոց, եւ արարի զքեզ անուանի ըստ անուանց մեծամեծաց որ ի վերայ երկրի։ 10Եւ եդից տեղի ժողովրդեան իմոյ Իսրայելի, եւ տնկեցից զնա եւ բնակեսցէ առանձինն. եւ մի՛ եւս հոգասցի՝՝ եւ ոչ եւս յաւելցէ որդի անօրէնութեան լլկել զնա իբրեւ զառաջինն, 11յաւուրցն յորոց կարգեցի դատաւորս ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի. եւ հանգուցից զքեզ յամենայն թշնամեաց քոց. եւ պատմեսցէ քեզ Տէր զի շինեսցես նմա տուն՝՝։ 12Եւ եղիցի եթէ լցցին աւուրք քո, եւ ննջեսցես ընդ հարս քո, յարուցից զզաւակ քո յետ քո, որ եղիցի յորովայնէ քումմէ, եւ պատրաստեցից զարքայութիւն քո նմա՝՝։ 13Նա շինեսցէ տուն անուան իմոյ, եւ կանգնեցից զաթոռ նորա մինչեւ ցյաւիտեան. 14ես եղէց նմա ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի. եւ եթէ եկեսցէ անիրաւութիւն նորա, յանդիմանեցից զնա, եւ՝՝ խրատեցից զնա գաւազանաւ արանց եւ տանջանօք որդւոց մարդկան. 15բայց զողորմութիւն ոչ մերժեցից ի նմանէ, որպէս մերժեցի յորոց մերժեցին առաջի երեսաց իմոց՝՝։ 16Հաւատարիմ լիցի անուն նորա եւ արքայութիւն նորա առաջի իմ՝՝ մինչեւ ցյաւիտեան, եւ աթոռ նորա կացցէ կանգուն առաջի իմ՝՝ մինչեւ ցյաւիտեան։ 17Ըստ ամենայն բանիցս այսոցիկ եւ ըստ ամենայն տեսլեանս այսորիկ՝ սոյնպէս խօսեցաւ Նաթան ընդ Դաւթայ։
18Եւ եմուտ արքայ Դաւիթ եւ նստաւ առաջի Տեառն, եւ ասէ. Ո՞վ եմ ես, Տէր իմ Տէր, եւ ո՞ տուն իմ, զի սիրեցեր զիս մինչեւ ցայդ վայր. 19եւ ոչ փոքրկացայ սակաւիկ ինչ՝՝ առաջի քո, Տէր իմ Տէր, եւ խօսեցար վասն տան ծառայի քո յերկար. եւ ա՞յս է օրէն մարդոյ, Տէր իմ Տէր։ 20Եւ զի՞ եւս յաւելուցու Դաւիթ խօսել առ քեզ. եւ դու ինքնին գիտես զծառայ քո, Տէր իմ Տէր։ 21Վասն ծառայի քո արարեր, եւ ըստ ամենայն՝՝ սրտի քո արարեր զամենայն զմեծութիւնս զայս ծանուցեալ ծառայի քում 22վասն մեծացուցանելոյ զիս՝՝, Տէր իմ Տէր. զի չիք ոք իբրեւ զքեզ, եւ չիք Աստուած բաց ի քէն ի վերայ ամենայնի զոր լուաք ականջօք մերովք։ 23Եւ ո՞վ է ազգ ի վերայ երկրի իբրեւ զժողովուրդ քո զԻսրայէլ, որում առաջնորդեաց Աստուած փրկել իւր ժողովուրդ, դնել քեզ անուն եւ առնել քեզ մեծութիւն եւ յայտնութիւն, մերժել քեզ՝՝ յերեսաց ժողովրդեան քո զոր փրկեցեր դու քեզ յԵգիպտոսէ՝ զազգս եւ զբնակութիւնս՝՝։ 24Եւ պատրաստեցեր դու քեզ զժողովուրդ քո զԻսրայէլ ի ժողովուրդ մինչեւ ցյաւիտեան, եւ դու, Տէր, եղեր նոցա յԱստուած։ 25Եւ արդ, Տէր իմ, զբանն զոր խօսեցար վասն ծառայի քո եւ տան նորա՝ հաւատարմացո մինչեւ յաւիտեան, եւ արա որպէս եւ խօսեցար. 26եւ մեծասցի անուն քո մինչեւ ցյաւիտեան. եւ արդ, Տէր ամենակալ, Աստուած ի վերայ ամենայն Իսրայելի. տուն ծառայի քո Դաւթի եղիցի կանգուն առաջի քո. 27զի դու ես Տէր ամենակալ Աստուած Իսրայելի, Եւ արդ որպէս խօսեցար մեծասցի անուն քո մինչեւ ցյաւիտեան, ասէ Տէր ամենակալ Աստուած Իսրայելի.՝՝ յայտնեցեր յունկն ծառայի քո եւ ասացեր շինեցից քեզ տուն. վասն այնորիկ եգիտ ծառայ քո զսիրտ իւր՝ կալ առ քեզ յաղօթս զաղօթս զայսոսիկ։ 28Եւ արդ, Տէր իմ Տէր, դու ես Աստուած, եւ բանք քո եղիցին ճշմարիտ, եւ զոր խօսեցար վասն ծառայի քո զամենայն բարութիւնս զայս։ 29Եւ արդ սկսիր օրհնել զտուն ծառայի քո՝ լինել առաջի քո յաւիտեան. զի դու, Տէր իմ Տէր, խօսեցար, եւ յօրհնութենէ քումմէ օրհնեսցի տուն ծառայի քո յաւիտեան։