Ծննդոց

17

1Եւ եղեւ Աբրամ ամաց իննըսուն եւ ինունց։ Եւ երեւեցաւ Տէր Աբրամու եւ ասէ ցնա. Ե՛ս եմ Աստուած քո, հաճո՛յ լեր առաջի իմ, եւ լեր անարա՛տ։ 2Եւ եդից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ բազմացուցից զքեզ յո՛յժ յոյժ։ 3Եւ անկա՛ւ Աբրամ ՚ի վերայ երեսաց իւրոց։ Եւ խօսեցաւ ընդ նմա Աստուած 4եւ ասէ. Եւ իմ ահաւադիկ ուխտ ընդ քեզ. եւ եղիցես բազմութեան ազգաց։ 5Եւ ո՛չ կոչեսցի այսուհետեւ քո Աբրամ, այլ եղիցի անուն քո Աբրաա՛մ, զի հայր ազգա՛ց բազմաց եդի զքեզ։ 6Եւ աճեցուցից զքեզ յոյժ, եւ եդից զքեզ յազգս. եւ թագաւորք ՚ի քէ՛ն ելցեն։ 7Եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ՚ի մէջ զաւակի քոյ յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական. լինել քեզ Աստուած եւ զաւակի քում յետ քո։ 8Եւ տաց քե՛զ եւ զաւակի քում զերկիրս զայս, յորում բնակես պանդխտութեամբ. զամենայն երկիրդ Քանանացւոց ՚ի ժառանգութիւն յաւիտենական. եւ եղէց նոցա Աստուած։ 9Բայց դու զուխտ իմ պահեսցե՛ս, եւ զաւակ քո յետ քո յազգս իւրեանց։ 10Եւ ա՛յս է ուխտ իմ, զոր պահեսցես ընդ իս եւ ընդ քեզ, եւ ՚ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց։ 11Թլփատեսցի՛ ձեր ամենայն արու, եւ թլփատեսջիք զմարմին անթլփատութեան ձերոյ. եւ եղիցի նշանա՛կ ուխտին ընդ իս եւ ընդ ձեզ։ 12Եւ մանուկ՝ ութօրեա՛յ թլփատեսցի ձեր, ամենայն արու յազգս ձեր. ընտոծինն եւ արծաթագինն, եւ յամենայն օտարածնէ որ ո՛չ իցէ ՚ի զաւակէ քումմէ, թլփատելո՛վ թլփատեսցի ընտոծին տան քոյ եւ արծաթագին քո։ 13Եւ եղիցի ուխտ իմ ՚ի վերայ մարմնոյ ձերոյ յուխտ յաւիտենական։ 14Արուն անթլփատ՝ որ ո՛չ թլփատեսցէ զմարմին անթլփատութեան իւրոյ յաւուր ութերորդի, սատակեսցի՛ անձնն այն յազգէ իւրմէ. զի ցրեա՛ց զուխտ իմ։ 15Եւ ասէ Աստուած ցԱբրաամ. Եւ Սարայի կնոջ քո ո՛չ կոչեսցի անուն նորա Սարա, այլ Սարրա՛ եղիցի անուն նորա։ 16Եւ օրհնեցից զնա. եւ տաց քեզ ՚ի նմանէ որդի՛, եւ օրհնեցից զնա, եւ եղիցի յազգս, եւ թագաւորք ազգաց ՚ի նմանէ եղիցին։ 17Անկա՛ւ Աբրաամ ՚ի վերայ երեսաց իւրոց եւ ծիծաղեցաւ. եւ խօսեցաւ ՚ի սրտի իւրում եւ ասէ. Թէ հարիւրամենի՝ որդի՞ լինիցի. եւ Սարրա՝ իննըսնամեայ ծնանիցի՞։ 18Եւ ասէ Աբրաամ ցԱստուած. Իսմայէլս այս կեցցէ՛ առաջի քո։ 19Եւ ասէ Աստուած ցԱբրաամ. Այո՛։ Ահա Սարրա քո ծնցի քեզ որդի. եւ հաստատեցից զուխտ իմ ընդ նմա ուխտ յաւիտենական, եւ ընդ զաւակի նորա յետ նորա։ 20Եւ վասն Իսմայելի ահա լուա՛յ քեզ. եւ օրհնեցից զնա, եւ աճեցուցից զնա եւ բազմացուցից զնա յոյժ. եւ երկոտասա՛ն ազգ ծնցի, եւ տաց զնա յա՛զգ մեծ։ 21Բայց զուխտ իմ հաստատեցի՛ց ընդ Սահակայ, զոր ծնցի քեզ Սարրա ՚ի ժամանակի յայսմիկ ՚ի միւսում տարւոջ։ 22Եւ վախճանեաց զխօսելն ընդ նմա. եւ վերացաւ Աստուած յԱբրաամէ։ 23Եւ ա՛ռ Աբրաամ զԻսմայէլ զորդի իւր, եւ զամենայն ընտոծինս իւր, եւ զամենայն զարծաթագինս իւր, եւ զամենայն արու արանց որ էին ՚ի տան Աբրաամու. եւ թլփատեաց զմարմին անթլփատութեան նոցա ՚ի ժամանակի աւուրն այնորիկ, որպէս խօսեցաւ ընդ նմա Աստուած։ 24Եւ Աբրաամ էր ամաց իննըսուն եւ ինունց ՚ի ժամանակի յորում թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։ 25Եւ Իսմայէլ որդի նորա երեքտասանամեա՛յ էր՝ յորժամ թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։ 26՚Ի ժամանակի աւուրն այնորիկ թլփատեցաւ Աբրաա՛մ եւ Իսմայէլ որդի նորա. 27եւ ամենայն արք տան նորա։ Եւ ընտոծինք եւ արծաթագինք որ էին յազգաց օտարաց՝ թլփատեա՛ց զնոսա։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)