Զաքարիա մարգարեյի գիրք

4

ե. Աշտանակի տեսիլքը

1Եվ դարձավ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ և արթնացրեց ինձ, ինչպես երբ մարդ արթնանում է իր քնից, 2և ասաց ինձ. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձույլ և գունդ՝ նրա վրա, յոթ ճրագ՝ նրա վրա և յոթ ճրագակալ՝ նրա վրա, 3և երկու ձիթենի՝ նրա վրա, մեկը՝ վառված գնդի աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում։ 4Հարցրի և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ՝ «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ 5Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»։ Եվ ասացի՝ «Ո՛չ, տե՛ր»։

Տիրոջ խոստումը Զորաբաբելին

6Պատասխան տվեց հրեշտակը և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին,- ասաց,- ո՛չ մեծ զորությամբ և ո՛չ ուժգնությամբ, այլ իմ Հոգով,- ասում է Ամենակալ Տերը։

7Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ՝ Զորաբաբելի առջև կանգնած. դուրս կհանեմ ժառանգության վեմը՝ շնորհների հավասարությունը՝ նրան շնորհելու»։

8Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց.

9«Զորաբաբելի ձեռքերն այդ տան համար հիմք գցեցին, նրա ձեռքերն էլ կկանգնեցնեն այդ, և կիմանաս, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ։

10Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։

11Պատասխան տվեցի և ասացի նրան. «Իսկ ի՞նչ են երկու ձիթենիները, որ կան աշտանակի աջ և ձախ կողմերում»։ 12Եվ կրկին հարցրի և ասացի նրան. «Ի՞նչ են այն ձիթենիների երկու ոստերը, որ երկու ոսկե ճրագակալների միջոցով յուղը լցնում և վեր են հանում կոնքաձև ոսկե ճրագակալները»։ 13Ասաց ինձ. «Չգիտե՞ս՝ ի՞նչ են դրանք»։ Եվ ասացի. «Ո՛չ, տե՛ր»։ 14Եվ ասաց ինձ. «Դրանք պարարտության որդիներն են, որ կանգնած են ողջ աշխարհի Տիրոջ առաջ»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն