Զաքարիա մարգարեյի գիրք

10

Խնդրել Տիրոջից և ոչ կուռքերից

1«Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։

2Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին, և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին, որովհետև բժշկություն չկար»։

Գերեդարձության խոստումներ

3«Իմ բարկությունը բորբոքվեց հովիվների դեմ, և գառների համար այցելություն կանեմ։ Եվ Տերը՝ Ամենակալ , կայցելի իր հոտին՝ Հուդայի տանը, և կպատրաստի նրանց իր համար որպես պատերազմի գեղեցիկ երիվար։

4Նրանից դիտեց ու նրանից պատրաստեց, նրանից է իր աղեղը բարձրությամբ, և նրանից կելնի ամեն ոք, ով կհալածի նրանով։

5Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։

6Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։

7Եվ կլինեն Եփրեմի պատերազմողների պես, և նրանց սիրտը կխնդա, ինչպես գինուց, նրանց որդիները կտեսնեն և կուրախանան, և նրանց սրտերը կցնծան Տիրոջով։

8Կազդարարեմ նրանց և կընդունեմ նրանց, քանի որ կփրկեմ նրանց, և կբազմանան, ինչպես որ բազմաթիվ էին։

9Կսերմանեմ նրանց ազգերի մեջ, և նրանք, որ հեռու լինեն, կհիշեն ինձ։ Կմեծացնեն իրենց որդիներին ու կվերադառնան։

10Եվ կդարձնեմ նրանց եգիպտացիների երկրից, ասորեստանցիներից կընդունեմ նրանց և Գաղաադ ու Լիբանան կմտցնեմ նրանց, և նրանցից և ոչ մեկը չի պակասի։

11Կանցնեն նեղ ծովով և կխփեն ծովի ալիքներին. կցամաքեն գետերի բոլոր խորությունները, կկործանվի ասորեստանցիների ողջ հպարտությունը, և կվերանա եգիպտացիների իշխանությունը։

12Եվ նրանց կզորացնեմ Տիրոջով՝ նրանց Աստծով, և նրա անունով կպարծենան»,- ասում է Տերը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն