Իմաստութիւն Սողոմոնի
19
Անցում Կարմիր ծովից
1Բայց անողորմ այդ բարկությունը ամբարիշտների վրա տարածվեց մինչև վերջ, քանզի Տերը գիտեր նրանց և նրանց կատարելիք գործերը. 2թեև նրանք արձակեցին քո ժողովրդին և շտապ ճանապարհեցին, սակայն փոքր-ինչ հետո զղջալով՝ սկսեցին հալածել, 3որովհետև քանի դեռ նրանք իրենց սգի մեջ էին և կոծում էին մահացածների գերեզմանների վրա, ուրիշ անմիտ խորհուրդ ևս հղացան. նրանց, ում աղաչանքով ճանապարհել էին, սկսեցին հետապնդել որպես փախստականների։ 4Այդ տագնապը նրանց մղում էր դեպի իրենց արժանի վախճանը, որին արժանի էին իրենք, և այլևս չէին մտաբերում անցյալի դեպքերը, որպեսզի մնացած տանջանքների պատիժները ևս իրենց լրումին հասնեին, 5քո ժողովուրդը գնար նոր ու սքանչելի ճանապարհով, և իր որդիները փառավոր մահ գտնեին, 6որովհետև արարածներից յուրաքանչյուրը վերստին պիտի նորոգվեր ըստ իր բնության՝ հնազանդվելով քո հրամաններին։ 7Եվ որպեսզի քո որդիներն անվնաս մնային, ամպը պիտի ծածկեր բանակը, ջուրը պիտի ցամաքեր, նրա տակից հողի հատակը երևար, Կարմիր ծովի մեջ պիտի բացվեր անխափան մի ճանապարհ, իսկ հորդ ջրերի հորձապտույտներից՝ ծաղկավետ մի դաշտ։ 8Քո ձեռքի հովանու ներքո նրանք միահամուռ անցան այդտեղից՝ տեսնելով քո սքանչելի գործերը։ 9Քանզի նրանք ճախրեցին ձիերի նման և խայտացին գառների պես՝ օրհնելով քեզ, Տե՛ր, որ փրկեցիր իրենց։ 10Նրանք տակավին հիշում էին այն դեպքերը, որ տեղի ունեցան իրենց պանդխտության ժամանակ, թե ինչպես անասունների ծնունդների փոխարեն հողը խայթող մոծակներ դուրս բերեց, իսկ գետը ջրային էակների փոխարեն՝ գորտերի բազմություն։ 11Հետո նաև թռչունի նոր տեսակի ծնունդ տեսան, երբ կերակրվելու ցանկությամբ տենչալի խորտիկներ խնդրեցին։ 12Նրանց համար, որպես մխիթարություն, ծովից լորամարգիներ ելան, իսկ մեղավորներին պատիժներ հասան, որոնց մասին զգուշացված էին բուռն բարկության կայծակների տեսքով, և նրանք արդարացի չարչարանք կրեցին իրենց չարության համապատասխան, որովհետև խիստ օտարատյաց էին։
Եգիպտացիները. ատելություն օտարների հանդեպ
13Ոմանք եկվոր անծանոթներին չէին ընդունում, իսկ ոմանք էլ բարեգործ հյուրերին ստիպում էին ծառայել իրենց։ 14Եվ ոչ միայն այսքանը, այլև դատաստան է լինելու նրանց համար, ովքեր ատելությամբ էին ընդունում օտարներին։ 15Չէ՞ որ նրանք օտարականներին տոնական խնդությամբ ընդունելուց հետո անտանելի վիշտ ու չարչարանքներ պատճառեցին նրանց, մինչդեռ սկզբի օրերին հավասար էին միմյանց։ 16Դրա համար էլ կուրությունը հարվածեց նրանց, ինչպես մի ժամանակ այն մարդկանց, որ կանգնել էին արդարի դռանը. նրանց պատեց անշող ու անփարատ խավարը, և նրանցից ամեն մեկն իր դռան ելքն էր փնտրում։
17Նրանց պատճառով այսպես ամեն ինչ ըստ պատշաճի փոխեց իր բնությունը, ինչպես նվագարանի յուրաքանչյուր եղանակն է փոխում իր ռիթմը, սակայն միշտ նվագի նույն հնչյուններն են մնում՝ ստեղծված նույն ձայնեղանակի համար։ Համեմատություն, որ ճշգրտորեն արտահայտում է այն, ինչ տեղի է ունենալու։ 18Չէ՞ որ ցամաքային կենդանիները տեղափոխվում էին ջրերի մեջ, իսկ ջրային կենդանիները վերադառնում էին ցամաք։ 19Կրակն իր զորությամբ հաղթում էր ջրին, իսկ ջուրը մոռանում էր իր շիջող բնությունը։ 20Բոցերը չէին այրում-սպառում թափառող անասունների դյուրավառ մարմինները և ոչ էլ հալում էին սառցանման և դյուրահալ անուշ կերակուրի տեսակը։
21Արդարև, ամեն ինչում բարձրացրիր և փառավորեցիր քո ժողովրդին, Տե՛ր, և ամեն ժամ ու ամենուրեք անտես չարեցիր նրան քո պաշտպանությամբ։