Իմաստութիւն Սողոմոնի

14

Կուռքերի պաշտամունքի մի ուրիշ օրինակ

1Դարձյալ, եթե մեկը, նավ բարձրանալով, կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնության է կանչում այդ փայտին, որն ավելի տկար է, քան նավի տախտակը։ 2Քանի որ թեև ստեղծվել է շահելու ցանկությունից, և ճարտարապետն էլ իմաստությամբ է կառուցել, 3սակայն քո նախախնամությունն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետև դու ես, որ ծովի մեջ ճանապարհ և ալիքների մեջ ապահով շավիղ ես տվել՝ 4ցույց տալով, թե ամեն ինչից կարող ես փրկել մինչև իսկ նրան, ով ծով է մտել անփորձաբար։ 5Բայց դու կամենում ես, որ քո իմաստության գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին և շրջելով ալիքների վրայով՝ փրկվում են աննշան լաստի շնորհիվ։ 6Որովհետև հենց սկզբից, երբ կործանվում էին ամբարտավան հսկաները, աշխարհի հույսը, ապավինելով տապանին և ղեկավարվելով քո ձեռքով, փրկվեց, որ աշխարհի վրա սերունդ լինի։ 7Քանզի օրհնյալ է այն փայտը, որով է լինում, 8և անիծյալ է ձեռակերտ կուռքը, ինչպես նաև այն շինողը, որովհետև նա կերտեց, իսկ այս եղծանելին անվանվեց։ 9Աստծուն առհասարակ ատելի են թե՛ ամբարիշտը և թե՛ նրա ամբարշտությունը։ 10Որովհետև գործն էլ, գործողն էլ հավասարապես պիտի պատժվեն։ 11Դրա համար էլ հեթանոսների կուռքերին ևս է լինելու, քանզի Աստծու արարածների մեջ նրանք գարշություն դարձան, մարդկանց որդիների համար՝ , անզգամների համար՝ ոտքի որոգայթ։

Կուռքերի պաշտամունքի ծագումը

12Կուռքեր հնարելը պոռնկության սկիզբն է, իսկ կյանքի ապականությունը՝ նրանց գյուտը։ 13Ի սկզբանե դրանք չեն եղել և հավիտյան էլ չեն մնալու։ 14Դրանք եկան մարդկանց ունայնամտության հետևանքով, ուստի նրանց վախճանն էլ շուտ է սահմանված։ 15Քանզի իր վաղամեռիկ որդու տարաժամ մահվան սգով թախծող մի շինել տվեց նրա արձանը և արդեն մահացած այդ մարդուն այդուհետև սկսեց մեծարել որպես աստված և իր սերունդներին ավանդ թողեց ծեսեր անել և ընծաներ մատուցել։ 16Հետո ամբարիշտ այդ սովորությունը մնաց երկար ժամանակ և պահպանվեց որպես օրենք, 17և բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանվեց։ Իսկ նրանց, որ հեռու բնակվելու պատճառով մարդիկ չէին կարող դեմ առ դեմ պատվել, նույն օրինակով քանդակեցին նրա հեռավոր կերպարը և կերտեցին թագավորի հայտնի պատկերը պատվելու համար, որպեսզի հեռավորին՝ իբրև մոտիկի, ողոքեն փութաջանությամբ։ 18Անգետների մեջ պաշտամունքի տարածման պատճառ դարձավ նաև արվեստագետ վարպետի արվեստը։ 19Քանի որ նա, թերևս ցանկանալով հաճելի լինել իշխանին, ջանք չխնայեց իր արվեստով նրա պատկերը քանդակելու իբրև գեղեցկություն։ 20Իսկ բազմությունը, արվեստագետի գործի հմայքից հրապուրված, նրան, որ քիչ ժամանակ առաջ մեծարում էր որպես մարդու, այժմ արդեն պաշտամունքի առարկա դարձրեց։ 21Եվ դա կյանքի որոգայթ և գայթակղություն դարձավ, որովհետև ում ժամանակին մարդիկ ծառայում էին կարիքից ու բռնությունից դրդված, այժմ արդեն նրա անհաղորդակցելի անունը դրեցին քարի ու փայտի վրա։

22Բավական չէ, որ նրանք մոլորվել էին Աստծու գիտությունից, այլև, լինելով անգիտության պայքարի մեջ, դեռ այդ չարիքն էլ էին կոչում՝ 23մանկասպան զոհաբերություններ կամ գաղտնի ծեսեր կատարելով և կամ ուրիշ կրոններից մոլեգին անառակություններ վերցնելով։ 24Նրանք սուրբ չեն պահում ո՛չ իրենց կյանքը և ո՛չ էլ ամուսնությունը. ընկերը կասկածամտությամբ կա՛մ սպանում է ընկերոջը, կա՛մ թաքուն խաբեությամբ խղճալի վիճակի է հասցնում նրան։ 25Եվ խառնիխուռն է ամեն ինչ՝ և սպանություն, գողություն և նենգություն, ապականություն, ուխտադրժություն, խռովություն, երդմնազանցություն, 26գրգռություն, երախտիքների մոռացություն, հոգեպղծություն, այլասերվածություն, ամուսնալուծություն, շնություն ու գիջություն։ 27Քանի որ կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն ու վախճանը։ 28Դրանք պաշտողները եթե ուրախ են լինում, ապա մոլեգնում են, եթե մարգարեանում են, ապա սուտ են, եթե ապրում են, ապա անիրավությամբ, եթե երդվում են, ապա դրժում են իսկույն։ 29Եվ սուտ են երդվում, քանի որ հույսը դրել են անշունչ կուռքերի վրա, որոնցից պատժի ակնկալություն չունեն։ 30Արդ, նրանց համար կրկնակի պատիժ պիտի լինի հիրավի, քանի որ սխալ գաղափար ունեցան Աստծու մասին՝ ունկնդիր լինելով կուռքերին, և սուտ երդվեցին կուռքերին՝ արհամարհելով սրբությունը։ 31Արդարև, ոչ թե նրանց զորությունը, ում երդվեցին, այլ մեղավորներին սահմանված արդար դատաստանն է ամբարիշտներին պատժելու հանցանքների համար։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն