Իմաստութիւն Սողոմոնի
13
Աստղերի և բնական ուժերի պաշտամունքը
1Բնությամբ ունայն էին բոլոր այն մարդիկ, որ աստվածգիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից իմանալ, թե ո՛րն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։ 2Այլ նրա փոխարեն աստվածներ համարեցին կա՛մ կրակը, կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը, կա՛մ աստղերի համաստեղությունները, կա՛մ հորդ ջրերը և կա՛մ երկնային լուսատուները՝ աշխարհի արբանյակները։ 3Եվ եթե դրանց գեղեցկությամբ հրճվելով՝ նրանց աստվածներ կարծեցին, ապա պիտի իմանային, թե որքա՜ն առավել ևս լավ է դրանց Տերը՝ գեղեցկության արարչապետը, դրանց ստեղծողը։ 4Իսկ եթե զարմանում են դրանց ուժի և ազդեցության վրա, ապա թող իմանան, թե որքա՜ն առավել ևս զորավոր է նա, որ ստեղծել է դրանք։ 5Քանզի արարվածների մեծությունից և գեղեցկությունից էլ հասնում ենք դրանք արարչագործողի գաղափարին։ 6Սակայն այդ մարդկանց մեղադրելու տակավին քիչ բան կա, քանի որ նրանք, թեև մոլորված, Աստծուն են որոնում և կամենում են գտնել նրան։ 7Անդրադառնալով նրա գործերին՝ քննում և տեսողությամբ հավանելով տեսանելիները՝ համոզվում են, որ դրանք գեղեցիկ են։ 8Բայց նրանք ևս արժանի չեն ներման, 9որովհետև եթե կարողացան այդքան խելամուտ լինել, որ ընդունակ եղան զննելու աշխարհը, ապա ինչո՞ւ անմիջապես չկարողացան գտնել դրա Տիրոջը։
10Թշվառական են նրանք, և մեռելների վրա է նրանց հույսը, ովքեր աստվածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը, ոսկին և արծաթը, արվեստի ճարտար կերտվածքները, կենդանիների նմանությունները կամ նախնիների ձեռակերտ անօգուտ ինչ-որ քար։ 11Մի ատաղձագործ, սղոցելով գեղեցիկ ինչ-որ ծառ, վարպետորեն քերեց նրա ողջ կեղևը և կյանքում օգտագործելու համար պատրաստեց վայելուչ և պիտանի մի անոթ։ 12Իսկ տաշեղը վառեց կերակուր պատրաստելու համար և հագեցավ, 13կամ անպետք, խոտելի և ծուռումուռ փայտը վերցրեց ու տաշեց գործի խոր իմացությամբ և իմաստուն խելամտությամբ ձևավորեց՝ նմանեցրելով մարդու կերպարանքին 14կամ դարձրեց անարգ կենդանու ճշգրիտ նմանություն։ Կրով ծեփեց և կարմիր սնգույրով ներկեց այն, կավով սվաղեց նրա բոլոր խորդուբորդությունները 15և նրա համար արժանի տուն շինեց, այն դրեց պատին և ամրացրեց երկաթով՝ 16զգուշանալով, որ չկործանվի։ Որովհետև գիտեր, որ նա ինքն իր անձին օգնել չի կարող, քանզի արձան է և կարոտ օգնության։ 17Ամուսնության, որդիների և ունեցվածքի համար մոտենում ու շշնջում է այդ անշունչ կերտվածքին, աղաչում է և չի ամաչում, առողջության համար դիմում է այդ ապիկարին, 18կյանքի համար աղերսում է այդ անշունչին, աղոթում է այդ անկարին, որ թև ու թիկունք լինի իրեն։ Եվ նրանից, որ ոտքն առաջ տանել չի կարող, 19ճանապարհորդության, հարստության և գործերի հաջողության համար է խնդրում և նրանից, որ ձեռքը շարժել չի կարող, խնդրում է ձեռքերի կորով և արգասավորություն։