Տոբիթ
14
Տովբիթի մահը
1Տովբիթը վերջացրեց այս օրհներգը։
2Երբ նրա աչքերը կուրացան, նա հիսունութ տարեկան էր. ութ տարի անց աչքերը կրկին բացվեցին։ Նա ողորմություններ էր անում, էլ ավելի երկյուղած դառնալով Աստծու հանդեպ՝ փառաբանում էր նրան։ 3Նա շատ ծերացավ։ Կանչեց իր որդուն ու թոռներին և իր որդուն ասաց. «Որդյա՛կ, դու վերցրո՛ւ քո որդիներին, որովհետև ես ահա ծերացել եմ և մեռնելու մոտ եմ, 4գնա՛ Մարաց երկիր, որդյա՛կ իմ, որովհետև ես հավատում եմ, որ, ինչպես Հովնան մարգարեն է ասել, Նինվեն պիտի կործանվի, իսկ Մարաց երկրում միառժամանակ խաղաղություն պիտի լինի։ Մեր եղբայրները կցրվեն օրհնյալ երկրից, Երուսաղեմն ավերակ ու անապատ կդառնա, այնտեղ գտնվող Աստծու տունը կհրկիզվի և մի որոշ ժամանակ ավերված կլինի։ 5Բայց Աստված կրկին կողորմի նրանց ու կվերադարձնի հայրենի երկիր, և նրանք կկառուցեն Տունը, բայց ոչ առաջինի նման, մինչև որ լրանան հավիտենության ժամանակները։ Դրանից հետո կվերադառնան գերությունից և փառքով ու մեծ պատվով կկառուցեն Երուսաղեմը։ Աստծու տաճարը փառավոր շինվածքներով նրա մեջ կկառուցվի հավիտյան բոլոր սերունդների համար, ինչպես դրա մասին ասել են մարգարեները։ 6Բոլոր հեթանոսները դարձի կգան՝ ճշմարտությամբ երկնչելու Տիրոջից՝ Աստծուց, և կկործանեն ու կմերժեն իրենց կուռքերին։ 7Բոլոր հեթանոս ժողովուրդները կօրհնաբանեն Տիրոջը, և նրա ժողովուրդը կխոստովանի Աստծուն։ Տերը կփառավորի իր ժողովրդին, և կցնծան բոլոր նրանք, ովքեր Տիրոջը՝ Աստծուն, ճշմարտությամբ ու արդարությամբ կսիրեն՝ ողորմություն անելով մեր եղբայրներին։ 8Արդ, որդյա՛կ իմ, դու գնա՛ այստեղից, որովհետև Հովնան մարգարեի ասածն անպատճառ կլինի։ 9Բայց դու պահի՛ր օրենքներն ու պատվիրանները և ողորմած ու արդա՛ր եղիր, որպեսզի քեզ համար լավ լինի։ Երբ կթաղես ինձ և քո մորն ինձ հետ, այլևս չմնաս Նինվեում։ 10Որդյա՛կ իմ, տե՛ս, թե Ամանն ի՛նչ արեց Աքիաքարին, որը սնել էր նրան, թե ինչպե՛ս նրան լույսից տարավ խավար, որքա՛ն չարիք գործեց նրա նկատմամբ։ Բայց Աքիաքարը փրկվեց, իսկ նա ստացավ հատուցումը. նրա փոխարեն ինքն իջավ խավարի մեջ։ Մանասեն ողորմություններ արեց և իր դեմ նյութված մահվան օրը փրկվեց, իսկ Ամանը որոգայթն ընկավ և կործանվեց։ 11Ահա, որդյա՛կ իմ, տե՛ս, թե ի՛նչ է անում ողորմությունը, կամ ինչպե՛ս է փրկում արդարությունը»։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց իր մահճում, քանի որ նա հարյուր հիսուն տարեկան էր։ Նրա որդին մեծ փառքով ու պատվով թաղեց նրան։ 12Երբ Աննան մեռավ, նրան ևս թաղեց իր հոր մոտ։ Տովբիան իր կնոջ ու որդիների հետ գնաց Մարաց Եկբատան քաղաքը՝ իր աներ Հռագուելի մոտ։
Վերջաբան
13Նա արժանապատվորեն ծերացավ։ Նա փառքով ու պատվով թաղեց նաև իր աներոջն ու զոքանչին և ժառանգեց նրանց ունեցվածքն ու իր հայր Տովբիթի ունեցվածքը։ 14Նա մեռավ հարյուր քսանյոթ տարեկանում Մարաց Եկբատան քաղաքում։ 15Նախքան մեռնելը լսեց Նինվեի կործանման մասին, որի բնակիչներին գերեցին Նաբուքոդոնոսորն ու Ասուերոսը։ Տովբիան նախքան մեռնելը ուրախացավ Նինվեի կործանման համար։ Նա փառք տվեց՝ գոհանալով Աստծուց, որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն։