Սաղմոսներ

144

Օրհնություն Դավթի

1Պիտի փառաբանեմ քեզ, Աստվա՛ծ իմ և թագավո՛ր իմ, Եվ քո անունն օրհնեմ հավիտյան և հավիտյանս հավիտենից։

Ալեֆ

Բեթ

2Զօրհանապազ պիտի օրհնեմ քեզ և պիտի գովեմ քո անունը Հավիտյանս հավիտենից։

Գիմել

3Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Եվ նրա մեծությանը չափ չկա։

Դալեթ

4Սերնդեսերունդ պիտի գովեն քո գործերը Եվ պատմեն քո զորությունները։

Հեյ

5Պիտի խոսեն քո սրբության փառքի մեծ վայելչությունից Եվ քո հրաշագործությունները պատմեն։

Վավ

6Եվ պիտի պատմեն քո ահի զորությունը Եվ քո մեծությունը։

Զայն

7Քո մեծ բարության հիշատակը պիտի ավետեն Եվ ցնծան քո արդարությամբ։

Խեթ

8Գթած և ողորմած է Տերը, համբերատար և բազումողորմ։

Տեթ

9Քաղցր է Տերը բոլորի հանդեպ, և նրա գթությունը Բոլոր արարածների վրա է։

Յոդ

10Քո բոլոր գործերը, Տե՜ր, քեզ պիտի խոստովանեն, Եվ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։

Կաֆ

11Քո արքայության փառքը պիտի ասեն Եվ պատմեն քո զորության մասին։

Լամեդ

12Որ մարդկանց որդիները ճանաչեն քո զորությունը, Քո արքայական մեծ վայելչության փառքերը։

Մեմ

Նուն

13Քո արքայությունը ողջ հավիտենականության Արքայությունն է, Եվ տերությունդ՝ սերնդեսերունդ։ Տերը հավատարիմ է իր բոլոր խոստումներում Եվ արդար՝ իր բոլոր գործերում։

Սամեխ

14Տերը հաստատում է բոլոր սայթաքողներին, Ոտքի կանգնեցնում բոլոր գլորվածներին։

Այն

15Բոլոր աչքերը քեզ են վստահում, Եվ դու ես ժամանակին կերակուր տալիս նրանց. Տալիս ես նրանց, և նրանք սնվում են։

Պե

16Բացում ես ձեռքդ և հագեցնում բոլորին Քո կամքի քաղցրությամբ։

Ցադե

17Արդար է Տերն իր բոլոր ճանապարհներին Եվ սուրբ՝ իր բոլոր գործերում։

Քոֆ

18Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր աղոթում են իրեն, Բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են աղոթում։

Ռեշ

19Տերը կատարում է իրենից երկյուղածների կամքը, Լսում է նրանց աղոթքները և փրկում նրանց։

Շին

20Տերը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, Բոլոր մեղավորներին կործանում է Տերը։

Տավ

21Բերանս Տիրոջ օրհնությունները պիտի խոսի. Ամեն շնչավոր պիտի օրհնի նրա սուրբ անունը Հավիտյան և հավիտյանս հավիտենից։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն