Սողոմոնի Առակների գիրք

28

1Փախչում է ամբարիշտը՝ առանց մեկից հալածվելու, իսկ արդարն առյուծի նման աներկյուղ է։

2Ամբարիշտների մեղքերի պատճառով հուզվում են դատարանները, իսկ խորագետը հանգցնում է դրանք։

3Հզորն ամբարշտությամբ կեղեքում է աղքատին։ Ինչպես սաստիկ և անշահ անձրևը,

4նրանք էլ մերժում են օրենքները և գովում ամբարշտությունը. իսկ նրանք, որ սիրում են օրենքը, իրենց պարսպով են շրջապատում։

5Չարերը չեն մտաբերում իրավունքը, իսկ Տիրոջը փնտրողները խելամուտ են ամեն ինչում։

6Ավելի լավ է ճշմարտությամբ ընթացող աղքատը, քան սուտ մեծատունը։

7Իմաստուն որդին պահում է օրենքը, իսկ որկրամոլներին միացողն անարգում է իր հորը։

8Ով իր տունը տոկոսներով և վաշխով է լցնում, հավաքում է նրա համար, ով ողորմում է աղքատին։

9Ով շեղում է իր ականջը, որ օրենքը չլսի, պղծում է իր ուխտը։

10Ով չար ճանապարհով մոլորեցնում է ուղղամիտներին, ապականության մեջ է ընկնելու։ Անբիծները պիտի բաժանեն բարիքները, անօրենները պիտի անցնեն բարիքների կողքով և չեն մտնելու նրանց մեջ։

11Մեծահարուստն իր աչքին իմաստուն է թվում, իսկ հանճարեղ աղքատը դատապարտում է նրան։

12Արդարներին օգնական լինելուց փառքը մեծ է լինելու, իսկ ամբարիշտների տեղերում կոտորվում են մարդիկ։

13Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։

14Երանելի է այն մարդը, որ արհամարհում է ամեն ինչ երկյուղածության պատճառով, իսկ խստասիրտը կընկնի չարիքների մեջ։

15Ով է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի խեղճ ժողովրդի համար։

16Մտքից զուրկ թագավորը մեծ կեղեքող է, իսկ անիրավություն ատողը երկարակյաց կլինի։

17Մահապարտին երաշխավորողը փախստական է դառնում և չի դադարում։ Խրատի՛ր որդուդ, և քեզ կհանգստացնի. զարդ կլինի անձիդ համար և չի հնազանդվի անօրեն ազգի։

18Ով գնում է արդարությամբ, օգնություն է գտնելու, իսկ ով թյուր ճանապարհ է բռնում, նրանով կխճճվի։

19Ով մշակում է իր հողը, կհագենա հացով, իսկ ով դատարկաբանների հետևից է գնում, անտուն կմնա։

20Հավատարիմ մարդը մեծ պիտի գտնի, իսկ չարագործը պատուհասից չի փրկվելու։

21Ով չի պատկառում արդարներից, արժանի չէ գովասանքի։ Ով կեղծորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց, չէ. այդպիսին մարդ կվաճառի մի կտոր հացով։

22Չարաչք մարդը շտապում է հարստանալ և չգիտի, որ ողորմածը պիտի հաղթի իրեն։

23Ով հանդիմանում է մարդուն նրա ճանապարհի համար, ավելի պիտի գտնի, քան լեզվով շողոքորթողը։

24Ով մերժում է իր հորը կամ մորը և դա մեղանչել չի համարում, նա կցորդ է ամբարիշտ մարդկանց։

25Ագահ մարդը հակառակություն է բորբոքում, բայց Տիրոջը հուսացողն հոգածություն կգտնի։

26Իր սրտի հանդգնությանն հուսացողը անզգամ է, իսկ իմաստությամբ գնացողը կփրկվի։

27Աղքատներին տվողը չի՛ աղքատանա, իսկ ով իր աչքը շրջում է նրանցից, շատ բանի կարոտ կմնա։

28Ամբարիշտների բարձրանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստյամբ բազմանում են արդարները։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն