Սողոմոնի Առակների գիրք

21

1Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։

2Ամեն մարդ իր աչքին արդար է թվում, բայց Տերն է ուղղում սրտերը։

3 գործելը և խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։

4Խստասիրտ մարդը մեծամիտ է իր թշնամանքի մեջ. ամբարիշտների լապտերը մեղքն է։

5Կարճ խորհուրդը կարող է առատություն բերել, իսկ փութկոտությունը՝ կարոտություն։

6Ով լեզվի ստությամբ գանձ է կուտակում, սնոտի բաների հետևից է գնում և մահվան որոգայթներին պիտի հասնի։

7Ամբարիշտները պիտի կործանվեն, քանզի չեն ուզում կատարել իրավունքները։

8Խոտորնակին խոտոր ճանապարհ է տալիս , քանզի սուրբ և ուղիղ են Տիրոջ գործերը։

9Լավ է օդի ներքո մի անկյունում բնակվել, քան անիրավությամբ ծեփված և խառնակ տան մեջ։

10Ամբարիշտի հոգին չարիքներ է ցանկանում, և ողորմություն չի գտնի ոչ մեկից։

11Անխրատի պատժից անմեղն ավելի խորագետ է դառնում, իմաստունը խոհեմությամբ ընդունում է գիտությունը։

12Արդարը մտաբերում է ամբարիշտների սիրտը, և չարիքներն ապականում են ամբարիշտներին։

13Ով իր ականջը խցկում է թույլերին չլսելու համար, երբ աղոթի Տիրոջը, պատասխան չի լսի։

14Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։

15Արդարների ուրախությունը իրավունքի գործադրումն է, և սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին։

16Արդարության ճանապարհից շեղված մարդը դևերի ժողովում է տեղ գտնում։

17Ուրախություն սիրողը կարիքի մեջ կընկնի, ով ու ձեթ է սիրում, կհարստանա։

18Արդարի համար անօրենը փրկանք պիտի լինի, ուղղամիտների համար՝ երդմնադրուժը։

19Լավ է բնակվել անապատում, քան բարկացող, լեզվանի և անզգամ կնոջ հետ։

20Իմաստունների բերանում ցանկալի գանձ է հանգչում, տգետները կուլ են տալիս այն։

21Ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, , արդարություն և պիտի գտնի։

22Իմաստությունը հասավ ամուր քաղաքների վրա, քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։

23Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից։

24Խիստը, հանդուգնը և հպարտը ժանտ են կոչվում, իսկ ով ոխ է պահում, անօրեն է։

25Ցանկությունները սպանում են վատին, քանզի նրա ձեռքերը հոժար չեն որևէ բան գործելու։

26Ամբարիշտն ամեն օր չարիքների ցանկության է տենչում, իսկ արդարը ողորմում է և տալիս առանց խնայելու։

27Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։

28Սուտ վկան պիտի կործանվի. հեզ մարդը զգուշությամբ է խոսում։

29Ամբարիշտ մարդը հանդգնությամբ դեմ է ելնում, իսկ արդարը ինքնին գիտի իր ճանապարհը։

30Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։

31Երիվարը պատրաստվում է պատերազմի օրվան, բայց Տիրոջից է հաղթանակը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն