Միքիա մարգարեյի գիրք

5

Տերը խոստանում է Փրկիչ Բեթղեհեմից

1«Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։

2Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։

3Եվ կկանգնի, կտեսնի և կհովվի իր հոտը Տիրոջ զորությամբ, և կհաստատվեն Տիրոջ՝ իրենց Աստծու անվան փառքի մեջ, քանի որ այժմ մեծարվելու են մինչև երկրի ծայրերը,

4և կլինի նրա համար. երբ ասորեստանցին գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր աշխարհը, նրա դեմ յոթ և ութ առաջնորդ մարդիկ կելնեն։

5Եվ սրով կհովվեն ասորեստանցուն և Նեբրովթի երկիրը՝ իր պատնեշի մեջ, և կփրկի քեզ ասորեստանցուց, երբ գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր սահմաններին։

Իսրայելի մնացորդներն ազգերի մեջ

6«Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն Տիրոջից ընկած ցողի պես և ինչպես գառները սիզախոտի վրա, որպեսզի ո՛չ մեկը հավաքի, ո՛չ էլ մնա մարդկանց որդիների մեջ։

7Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում, և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ, ինչպես օրինակ, երբ անցնելով զատի և հափշտակի, ոչ ոք չի լինի, որ ազատի։

8Քո ձեռքը կբարձրանա քեզ նեղողների վրա, և քո բոլոր թշնամիները կկործանվեն։

9Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- քո միջից կվերացնեմ քո երիվարները և կորստյան կմատնեմ քո կառքերը,

10կվերացնեմ քո երկրի քաղաքները և կկործանեմ քո բոլոր ամրոցները,

11քո ձեռքից կվերացնեմ քո բոլոր կախարդությունները, և գուշակներ չեն լինի քո մեջ։

12Քո միջից կջնջեմ քո քանդակներն ու քո արձանները, և այլևս չես երկրպագի քո ձեռակերտներին։

13Կոչնչացնեմ քո պաշտամունքային փայտե սյուները քո միջից և կկործանեմ քո քաղաքները,

14բարկությամբ ու ցասումով վրեժխնդիր կլինեմ ազգերից, քանի որ չլսեցին»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն