Հուդիթ

9

1Եվ Հուդիթը ընկավ երեսնիվայր, հանեց քուրձը, որ հագել էր, մոխիր ցանեց գլխին։ Այդ նույն պահին Երուսաղեմում՝ Տիրոջ տաճարում, երեկոյան խնկարկությունն էին անում։ Եվ Հուդիթը բարձրաձայն դիմեց Տիրոջը՝ Աստծուն՝ ասելով. 2«Տե՛ր, Աստվա՛ծ իմ Շմավոնի, որի ձեռքը սուր տվեցիր՝ վրեժ լուծելու այն այլազգիներից, որոնք պղծեցին կույսի արգանդը, մերկացրին նրա ամոթույքը նախատինքի համար, թշնամաբար խայտառակեցին նրա կուսությունը։ Սրանք հաճելի չեղան քո առաջ, 3այդ իսկ պատճառով նրանց իշխաններին անկողիններով հանդերձ արյան դատապարտեցիր, իրենց տերերի հետ միասին սպանեցիր նաև ծառաներին, նաև նրանց հայրերին՝ իրենց աթոռների վրա, 4նրանց կանանց ավարի հանձնեցիր, իսկ դուստրերին՝ գերության, ողջ ավարը բաժանեցիր քո սիրելի որդիներին, որոնք խանդավառվեցին քո նախանձախնդրությամբ և գարշանք համարեցին իրենց քրոջ պղծությունը և դիմեցին քեզ օգնության խնդրանքով։ Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, լսի՛ր քո աղախնի ձայնը, նայի՛ր այրիիս խնդրանքին։ 5Դու խորհեցիր, և եղավ այնպես, ինչպես կամեցար։ Իրականություն դարձան այն ամենը, ինչ դու ցանկացար։ 6Եվ ասացին. “Ահա մենք կանք, քանզի քո բոլոր ճանապարհները պատրաստ են, իսկ դատաստանները՝ կանխագետ”։ 7Ահա ասորեստանցիները երկիրը լցրին զորքով, հպարտացան իրենց ձիերով, հեծյալներով, մեծամտացան իրենց հետևակ բազմության բազկով, իրենց հույսը դրեցին նիզակի ու սպառազինության, աղեղնավորների ու պարսատիկավորների վրա և անգիտացան, որ դու ես Տերը, որ խորտակում է պատերազմները։ 8Քո անունը Տեր է, փրկի՛ր մեզ նեղությունից, ցրի՛ր նրանց զորությունը, Տե՛ր ամենակալ, քո բարկությամբ խորտակի՛ր նրանց զորությունը, քանի որ ցանկացան պղծել քո սրբությունը՝ քո փառքի, անվան բնակության հարկը, և երկաթով կործանել քո զոհասեղանի եղջյուրը։ 9Նայի՛ր ու տե՛ս նրանց ամբարտավանությունը, քո բարկությունն առաքի՛ր նրանց գլխին, հզորացրո՛ւ ինձ՝ այրիիս, որ իմ իսկ ձեռքերով անեմ այն, ինչ մտածել եմ։ 10Հարվածի՛ր իշխանին իր ծառաներով և խորտակի՛ր նրանց սաստկությունը կնոջ ձեռքով։ 11Որովհետև քո զորությունը չի հիմնվում բազմության վրա, քո իշխանությունը չի հիմնվում հզորների վրա։ Դու խոնարհների Աստվածն ու տերն ես, կարոտյալների օգնականը, տկարների օժանդակությունը, հուսահատվածների պաշտպանը և ընկճվածների փրկիչը։ 12Այո՛, իմ հո՛ր , Աստվա՛ծ Իսրայելի ժառանգության, Տե՛ր երկնքի և երկրի, արարի՛չ ջրերի, բոլոր արարածների թագավո՛ր։ Լսի՛ր քո աղախնի աղոթքը, 13ինձ մի՛տք տուր, որ խոսեմ՝ կործանելու համար նրանց, որոնք ելել են քո սրբացյալ տան, Սիոնի բարձունքի և քո որդիների բնակության դեմ։ 14Եվ հայտնի՛ դարձրու քո ժառանգության հզոր բազուկը և նաև այն, որ դու ես Աստվածը, որ տիրում է բոլոր զորություններին ու իշխանություններին, և քեզնից բացի, Տե՛ր, ոչ ոք պաշտպան չի լինի Իսրայելի ազգին»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն