Հուդիթ

5

1Ասորեստանի զորքերի զորագլուխ Հողոփեռնեսին պատմեցին, որ Իսրայելի որդիները պատրաստվել են պատերազմի և փակել են լեռնանցքներն ու պարսպապատել լեռների բարձունքների գյուղերը, իսկ դաշտերում որոգայթներ լարել։ 2Հողոփեռնեսը շատ բարկացավ. կանչեց Մովաբի բոլոր իշխաններին, Ամովնի զորագլուխներին և ծովեզերքի բոլոր նախարարներին 3ու ասաց նրանց. «Ասացե՛ք ինձ, Քանանի՛ որդիներ, ո՞վ է այս ժողովուրդը, որ բնակվում է լեռանկողմերում, ի՞նչ մեծության զորք ունի, ո՞վ է նրա թագավորը և նրա զորքերի առաջնորդը, ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ բնակվում են նրանք, 4և ինչո՞ւ շեղեցին իրենց միտքն ու ինձ ընդառաջ չեկան, այլ հպարտացան արևմուտքի բոլոր բնակիչներից ավելի»։ 5Եվ Ամովնի որդիների առաջնորդ Աքիովրն ասաց նրան. «Թող տերը լսի իր ծառայի խոսքը, և կպատմեմ քեզ ճշմարտությունը լեռնակողմում բնակվող այն ժողովրդի մասին, որ քեզ մոտ է։ Քո ծառայի բերանից ոչ մի սուտ դուրս չի գա։ 6Այս ժողովուրդը քաղդեացիների ազգից է, 7որ նախ դեգերեց Միջագետքում, որովհետև քաղդեացիների երկրում չցանկացավ պաշտել իր հայրերի աստվածներին։ 8Ելնելով իր հայրենի երկրից՝ նրանք երկրպագեցին երկնավոր Աստծուն, որին ընդունելուց հետո գնացին , այնտեղ դեգերեցին երկար ժամանակ։ 9Եվ պատվիրեց նրանց ելնել պանդխտությունից, գալ Քանանի երկիրը, որտեղ և բնակություն հաստատելով՝ հարստացան ոսկով, արծաթով ու շատ անասուններով։ 10Ապա նրանք իջան , քանի որ քանանացիների երկրում սով սկսվեց, և դեգերեցին այնտեղ, քանի դեռ կար։ Եվ այնքան շատ բազմացան, որ հնարավոր չէր նրանց ազգը հաշվել։ 11Եգիպտոսի արքան ելավ նրանց դեմ, չարչարեց նրանց ցավերով, մատնեց նրանց աղյուսագործության տաժանակիր աշխատանքի։ 12Եվ նրանք գոչեցին առ Աստվածն իրենց, ու Նա հարվածեց եգիպտացիների երկիրն անբժշկելի հարվածներով, և եգիպտացիները հալածելով իրենց մոտից դուրս քշեցին նրանց։ 13Եվ Աստված նրանց առաջ ցամաքեցրեց Կարմիր ծովը 14և հանեց նրանց դեպի Սինայի ճանապարհն ու դեպի Կադես Բառնեա։ Իսկ նրանք, տեղահանելով անապատի բոլոր բնակիչներին, 15բնակվեցին ամորհացիների երկրում և իրենց ուժով ոչնչացրին եսեբոնացիներին։ Եվ անցնելով Հորդանանով՝ ժառանգեցին ողջ լեռնակողմը և 16արտաքսելով իրենց առջևից քանանացիներին, փերեզացիներին, հեբուսացիներին, սյուքեմացիներին ու գերգեսացիներին՝ երկար ժամանակ բնակվեցին այնտեղ։ 17Եվ նրանց հետ էր բարօրությունն այնքան ժամանակ, քանի դեռ չէին մեղանչել իրենց Աստծու առաջ, և քանի դեռ անիրավությունն ատող Աստված իրենց հետ էր։ 18Իսկ երբ հեռացան այն ճանապարհից, որ իրենց Աստված էր տվել, ոչնչացան բազմաթիվ պատերազմների մեջ և գերեվարվեցին օտար , որն իրենցը չէր։ Իսկ իրենց Աստծու տաճարը կործանվեց, և քաղաքները մատնվեցին թշնամիների ձեռքը։ 19Իսկ այժմ վերադարձան դեպի իրենց Աստված՝ Տերը, և ազատվեցին իրենց գերությունից, գրավեցին քաղաքը, որտեղ սրբությունն էր, և քանի որ այն ավերակ էր, բնակվեցին լեռնային կողմում։ 20Եվ արդ, տե՛ր, եթե այդ ժողովուրդն անտեսի իր Աստծուն և մեղանչի նրա դեմ, դա պատճառ ու կլինի նրա համար, իսկ մենք այդ ժամանակ կարող ենք ելնել և պատերազմել նրանց դեմ։ 21Իսկ եթե նրանց մեջ Աստծու նկատմամբ անիրավություն չկա, անտեսենք նրանց, տե՛ր, որովհետև իրենց Տերը՝ Աստված, կպաշտպանի նրանց, և մենք խայտառակ կլինենք ողջ երկրով մեկ»։ 22Եվ երբ Աքիովրը դադարեց այս ամենը խոսելուց, վրանի շուրջը եղող ողջ բանակը տրտնջաց, իսկ իշխանները, ինչպես նաև ծովեզերքի և Մովաբի բնակիչները, ասացին Հողոփեռնեսին, որ պատուհասի Աքիովրին. 23«Քանի որ մենք չենք վախենում Իսրայելի որդիներից՝ մի ժողովրդից, որ պատերազմելու ուժ չունի։ 24Արդ, տե՛ր Հողոփեռնես, մենք ելնենք, իսկ նրանք թող քո զորքի կերակուրը լինեն»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն