Հուդիթ

10

1Եվ երբ Հուդիթն ավարտեց իր աղոթքը և ասաց այս խոսքերը, 2ոտքի կանգնեց խոնարհվելուց, կանչեց իր նաժիշտին, իջավ իր տունը, ուր որ լինում էր և տոնական օրերին։ 3Հանեց այրիության զգեստը և այն քուրձը, որ հագել էր, լվաց իր մարմինը ջրով և օծվեց անուշահոտ յուղով, հյուսեց իր մազերը, կապեց ապարոշ իր ճակատին, հագավ ուրախության իր զգեստը, որ հագնում էր իր ամուսնու՝ Մանասեի կենդանության ժամանակ, 4հագավ ոսկեզօծ կոշիկները, դրեց ձեռքերին ապարանջանները, գցեց իր պարանոցին թանկարժեք քարերով մանյակ, դրեց մատանիներ իր մատներին, գլխարկ՝ իր գլխին։ Եվ իր ողջ զարդարանքով ավելի պայծառացավ իր դեմքի գեղեցկությամբ՝ իրեն տեսնողներին խաբելու համար։ 5Իր մախաղը տվեց աղախնին՝ լցնելով այն փոխինդով, թզի չրով և անարատ հացով, ապա՝ գինու տիկ և յուղի սրվակ։ Դասավորելով այն ամենն ըստ կարգի՝ տվեց իր աղախնին։ 6Նրանք ելան Բետիղուա քաղաքի դուռը և այնտեղ տեսան Ոզիային, որ կանգնած էր դռների մոտ և նրա հետ՝ քաղաքի այլ ծերերին, այդ թվում՝ Քարբիին և Քարմիին։ 7Եվ երբ նրանք տեսան Հուդիթին, որ կերպարանափոխվել էր դեմքի գեղեցկությամբ և զգեստով, հիացան նրա գեղեցկությամբ և ասացին նրան. 8«, մեր հայրերի Աստված, թող քեզ տա և կատարի քո սրտի կամքը Իսրայելի որդիների ցնծության, ուրախության և Երուսաղեմի բարօրության համար»։ 9Եվ երկրպագեցին Աստծուն։ Հուդիթն ասաց նրանց. «Հրամայե՛ք, որ ինձ համար բացեն քաղաքի դռները, որպեսզի դուրս գամ կատարելու այն մտադրությունը, որի մասին ասել եմ ձեզ»։ Դռնապաններին հրամայեցին բացել դռները, ինչպես որ խոսել էին։ 10Այնպես էլ արեցին։ Եվ ելավ Հուդիթը, նրա հետ նաև իր աղախինը։ Քաղաքի մարդիկ նայում էին նրա ընթացքին, մինչև որ իջավ սարից, անցավ ծործորի միջով, և այլևս նրան չտեսան։ 11Նրանք ծործորի հովտով գնում էին ուղիղ ճանապարհով։ Եվ նրանց հանդիպեցին ասորեստանցիների պահապանները։ 12Բռնեցին նրանց և հարցրին. «Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Հուդիթն ասաց նրանց. «Ես եբրայեցիների դուստր եմ և փախել եմ նրանցից, քանի որ նրանք մեզ մատնելու են ձեր ձեռքը, որ ոչնչացնեք մեզ։ 13Եվ ես եկա, որ կանգնելով ձեր զորապետ Հողոփեռնեսի առաջ՝ պատմեմ ճշմարտությունը, ցույց տամ նրան այն ճանապարհը, որով կարող է գնալ և տիրել ողջ լեռնակողմին, որ իր զորքը չտուժի»։ 14Երբ այրերը լսեցին Հուդիթի խոսքերը, նայեցին նրա երեսին. նա շատ գեղեցիկ էր։ Եվ ասացին նրան. 15«Այսօր փրկեցիր քեզ, արդ, շտապի՛ր դու տեսնել մեր տիրոջը, մեզ հետ ե՛կ նրա վրանի մոտ, և քեզ կհանձնենք նրա ձեռքը։ 16Եվ երբ կանգնես նրա առաջ, չվախենաս, այլ ըստ քո մտածածի կպատմես նրան, և նա քո նկատմամբ կգտնվի»։

17Իրենցից հարյուր անձ ընտրեցին և ուղարկեցին նրա հետ։ Եվ նրանց տարան Հողոփեռնեսի վրանի մոտ։ 18Եվ ողջ բանակին պատմեցին նրա գեղեցկության և գալստյան մասին։ Եվ մինչ նա Հողոփեռնեսի վրանի մոտ էր, և քանի դեռ նրա մասին պատմում էին Հողոփեռնեսին, շատերը գալիս էին տեսնելու նրան։ 19Եվ հիանում էին նրա գեղեցկությամբ ու նրա շնորհիվ՝ Իսրայելի որդիներով։ Եվ մեկը մյուսին ասում էր. «Ո՞վ կարող է վատ բան մտածել մի ազգի մասին, որի կանայք այսպիսի գեղեցկություն ունեն։ Արդ նրանց տղամարդիկ չպետք է ապրեն, որպեսզի նրանց դուստրերը մեզ կնության մնան։ Իսկ եթե ապրեն, վնասակար կլինեն ողջ երկրի համար»։

20Եվ Հողոփեռնեսի ծառաները դուրս եկան և նրան տարան վրանը։ 21Հողոփեռնեսը նստած էր վարագույրով շուրջանակի փակված գահույքի վրա՝ ընդելուզված ոսկով, մարգարիտով և պատվական քարերով։ 22Երբ լսեց Հուդիթի մասին, քանի որ գիշեր էր, արծաթե ջահերով և լապտերներով դուրս եկավ վրանի սրահը։ 23Եվ երբ Հողոփեռնեսը տեսավ նրան, հիացավ նրա գեղեցկությամբ։ Իսկ Հուդիթը խոնարհվելով երկրպագեց Հողոփեռնեսին, բայց նրա ծառաները ոտքի հանեցին նրան։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն