Ամբակում մարգարեյի գիրք

2

Աստծու պատասխանն Ամբակումին

1Իմ պահակակետում կկանգնեմ, կելնեմ ժայռի վրա և կդիտեմ՝ տեսնելու, թե ի՛նչ պիտի խոսի ինձ հետ և ի՛նչ պատասխան պիտի տա իմ հանդիմանությանը։

2Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Այդ տեսիլքը հստակորեն գրի՛ր տախտակների վրա, որպեսզի ով կարդա, վստահ կարդա,

3որովհետև այդ տեսիլքը դեռևս ժամանակների համար է և կծագի վերջում և ոչ ունայնության մեջ։ Բայց եթե ուշանա, հույսով սպասի՛ր նրան, որովհետև նա, ով գալու է, կգա և չի ուշանա։

4Եվ եթե մեկը երկմտի, իմ անձը նրան չի հավանի, քանի որ իմ արդարն իմ հավատքով է ապրելու»։

Արդարության վճիռ

5Սակայն կասկածողն ու արհամարհողն ամբարտավան մարդ է և ոչինչ ավարտին չի հասցնի, ով իր անձն ընդարձակեց դժոխքի պես և անհագ եղավ, ինչպես մահը, իր մոտ հավաքեց բոլոր հեթանոսներին և իր մեջ կամփոփի բոլոր ժողովուրդներին։

6Մի՞թե այս բոլորը նրա դեմ չեն հորինի և չեն հեգնի նրան և ասեն. «Վա՜յ նրան, ով ավելացնում է իր անձի համար այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ է ծանրացնելու իր լուծը ծանրությամբ»,

7որովհետև հանկարծակի կելնեն նրան ուտողները, և կզարթնեն նրան դավաճանողները, և հափշտակություն կդառնաս նրանց համար։

8Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, քեզ էլ կկողոպտեն ժողովուրդների բոլոր մնացորդները մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։

9Վա՜յ նրան, ով իր տան համար չար ագահություն է սաստիկ ցանկանում՝ իր բույնը բարձունքներում դնելու, չար ձեռքերից ազատվելու համար։

10Քո տան համար ամոթ խորհեցիր, ոչնչացրիր բազում ժողովուրդների, և քո անձը մեղանչեց.

11քանի որ քարը հիմքից կաղաղակի, և որդը փայտի միջից կգոչի այդ։

12Վա՜յ նրան, ով քաղաքն արյամբ է կառուցում և անիրավությամբ է հաստատում քաղաքը։

13Այդ ամենն Ամենակալ Տիրոջից չէ՞. շատ ժողովուրդներ կոչնչանան կրակից. և շատ ազգեր տկարացան,

14որպեսզի երկիրը լցվի Տիրոջ փառքի գիտությամբ, ինչպես բազում ջրերը, որ ծածկում են ծովերը։

15Վա՜յ նրան, ով իր ընկերոջը թունավոր ըմպելիք է մատուցում և արբեցնում, որպեսզի նայի նրանց քարայրներին։

16Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.

17քանի որ Լիբանանի ամբարշտությունը կծածկի քեզ, և գազանների թշվառությունը կզարհուրեցնի քեզ՝ մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։

18Ի՞նչ օգուտ ունի քանդակը, որ քանդակեցին այն, որպես ձուլածո այն ստեղծեցին, մի սուտ , քանի որ նա, ով ստեղծեց, հույսը դրեց իր ստեղծածի վրա՝ իր համար անօգուտ կուռքեր շինելու։

19Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափվի՛ր և զարթնի՛ր, և քարին՝ բարձրացի՛ր. և՛ մեկն է թվացյալ երևույթ, և՛ մյուսն է արծաթից ու ոսկուց կռած, և բոլորովին շունչ չկա դրանց մեջ։

20Սակայն Տերն իր սուրբ տաճարի մեջ է, և ողջ երկիրը թող վախենա նրա երեսից։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն