Ժողովող գիրք

1

Կյանքն անիմաստ է

1Դավթի որդու՝ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Ժողովողի խոսքերը 2Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է։ 3Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որով նա տանջվում է արեգակի ներքո։ 4Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավիտյան։ 5Արեգակը ծագում, է մտնում և վերադառնում իր տեղը։ 6Ելնում է նա դեպի հարավ և դառնում դեպի հյուսիս. պտտվելով պտտվում, փչում է հողմը և վերադառնում իր շրջապտույտին։ 7Բոլոր գետերն էլ հոսում են դեպի ծով, բայց այն չի լցվում, և վերադառնում են գետերն այնտեղ, որտեղով հոսել են՝ կրկին հոսելու համար։ 8Ամեն ինչ ջանքով է լինում, և մարդը չի կարող դա բացատրել. աչքը տեսնելով չի հագենում, և ականջը լսելով չի լցվում։ 9Ի՞նչ է անցյալը. այն, ինչ որ պիտի լինի, և ի՞նչ արեցինք. այն, ինչ անելու ենք միշտ։ Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո։ 10Ո՞վ կարող է ասել՝ «Ահա սա նոր է»։ Բայց դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ։ 11Նախկինների հիշատակը չկա, չի լինելու նաև դրանցից հետո գալիքների հիշատակը՝ ամենավերջում ծնվողների մեջ։

Փիլիսոփայի փորձառությունը

12Ես՝ Ժողովողս, թագավորեցի Իսրայելի վրա Երուսաղեմում 13և սիրտս տվեցի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է երկնքի ներքո։ Քանզի չար զբաղմունք է տվել մարդու որդիներին՝ արեգակի ներքո չարչարվելու։ 14Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման։ 15Ուղիղ ձևից շեղվածին նույն ճանապարհին դարձնել չի լինի, և պակասող բանը՝ հաշվել։ 16Սրտիս մեջ ինքս ինձ ասացի. «Ահա ես ավելի մեծ եղա և ավելի իմաստնացա, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել էին Երուսաղեմում»։ Եվ իմ սիրտը ճանաչեց իմաստությունն ու գիտությունը։ 17Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստություն և գիտություն, ես հասկացա առակներն ու խորհուրդները։ Սակայն դա նույնպես քամուն բռնելու նման է։ 18Քանզի շատ իմաստության մեջ շատ գիտություն կա, և իր գիտությունն ավելացնողն իր ցավն է ավելացնում։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն