Դանիէլ
1
Դանիելի դատաստանը
1Մի մարդ էր բնակվում Բաբելոնում, և նրա անունը Հովակիմ էր։ 2Եվ կին առավ իրեն Շուշան անունով. Քեղկիայի դուստրն էր՝ շատ գեղեցիկ, Տիրոջից երկյուղած։ 3Նրա ծնողներն արդար էին և իրենց դստերը կրթել էին ըստ Մովսեսի օրենքների։ 4Հովակիմը չափազանց հարուստ էր։ Նա մի պարտեզ ուներ իր ապարանքին մոտ, և հրեաները նրա մոտ էին հավաքվում, որովհետև բոլորից առավել անվանի էր։ 5Եվ երևացին այդ ժողովրդից երկու ծերեր՝ այդ տարվա դատավորները, որոնց մասին Տերն ասել էր. «Անօրենությունը ելավ Բաբելոնից՝ ծեր դատավորներից, որոնք կարծում էին, թե առաջնորդում են ժողովրդին»։ 6Նրանք մշտապես Հովակիմի տանն էին, և բոլորը նրանց մոտ էին գալիս դատաստանի։ 7Եվ լինում էր, երբ ժողովուրդը կեսօրին հեռանում էր, Շուշանը մտնում ու զբոսնում էր իր ամուսնու պարտեզում։ 8Այն երկու ծերերը միշտ տեսնում էին նրան, որ մտնում ու զբոսնում էր, և ցանկացան նրան. 9շեղեցին իրենց միտքն ու խոտորեցրին իրենց աչքերը՝ չնայելու երկինք և չհիշելու արդար դատաստանը։ 10Երկուսն էլ սիրահարվել էին նրան, բայց միմյանց չէին պատմում իրենց ցավերը, 11որովհետև ամաչում էին պատմել իրենց ցանկությունը, քանի որ ուզում էին նրա հետ լինել։ 12Եվ հաճախ էին սպասում նրան՝ մշտապես տեսնելու նրան։ 13Եվ ասացին միմյանց. «Գնանք տուն, որովհետև ճաշի ժամ է»։ Ելան, բաժանվեցին իրարից 14և դարձյալ նույն տեղը եկան՝ միմյանց մոտ, և իրար հարցնելով պատճառը՝ խոստովանեցին իրենց ցանկությունը։ Ապա իրար հետ ժամադրվեցին, թե ե՛րբ կարող են նրան մենակ գտնել։
15Եվ այնպես եղավ, որ մի հարմար օր, երբ նրանք սպասում էին նրան, միայն երկու աղջիկների հետ նա եկավ, մտավ, ինչպես որ երեկ և նախորդ օրը, և ցանկացավ լողանալ այն պարտեզում, որովհետև տոթ էր։ 16Ոչ ոք չկար այնտեղ, բացի միայն երկու թաքնված ծերերից, որ սպասում էին նրան։ 17Եվ ասաց աղջիկներին. «Գնացե՛ք, յուղ և օճա՛ռ բերեք ինձ համար և փակե՛ք պարտեզի դռները, որպեսզի լողանամ»։ 18Եվ արեցին, ինչպես ասաց իրենց. փակեցին պարտեզի դռները և ելան դռների կողմով՝ բերելու այն, ինչ հրամայեց իրենց, և չտեսան ծերերին, քանի որ թաքնված էին։ 19Եվ այնպես եղավ, երբ աղջիկները դուրս ելան, երկու ծերերը վեր կացան, դիմեցին դեպի նա 20և ասացին. «Ահա այս պարտեզի դռները փակված են, և չկա մեկը, որ տեսնի մեզ։ Մենք ցանկացել ենք քեզ։ Դրա համար էլ դու, մեզ հետ համաձայնվելով, եղի՛ր մեզ հետ, 21այլապես կվկայենք քո մասին, թե մի պատանի կար քեզ հետ, որի համար էլ աղջիկներին հեռացրիր քեզնից»։ 22Շուշանը հոգոց հանեց և ասաց. «Տագնապ է ինձ բոլոր կողմերից. եթե դա անեմ, մահ է ինձ համար, իսկ եթե չանեմ, չեմ ազատվելու ձեր ձեռքից։ 23Բայց ավելի լավ է ես դա չանեմ և ընկնեմ ձեր ձեռքը, քան թե մեղք գործեմ Տիրոջ առաջ»։ 24Եվ Շուշանը բարձրաձայն աղաղակեց. նրա հետ աղաղակեցին և երկու ծերերը։ 25Ապա մեկը գնաց, բացեց պարտեզի դռները։ 26Երբ ընտանիքը լսեց ճչի ձայնն այն պարտեզում, դռան կողմից ներս ընկավ՝ տեսնելու, թե ի՛նչ պատահեց նրա հետ։ 27Երբ ծերերն ասացին իրենց խոսքը, ծառաները սաստիկ ամոթահար եղան, որովհետև երբեք այնպիսի բաներ չէին ասվել Շուշանի մասին։
28Եվ այնպես եղավ, որ հաջորդ առավոտյան, երբ ժողովուրդը եկավ նրա ամուսնու՝ Հովակիմի մոտ, եկան նաև Շուշանի մասին անօրեն միտք ունեցող երկու ծերերը՝ սպանելու նրան, 29և ասացին ժողովրդի առաջ. «Այստե՛ղ ուղարկեք Շուշանին՝ Քեղկիայի դստերը, որ Հովակիմի կինն է»։ Եվ նրանք ուղարկեցին։ 30Եկան նա և նրա ծնողները, նրա որդիներն ու նրա բոլոր ազգականները։ 31Շուշանը շատ քնքուշ էր ու տեսքով գեղեցիկ։ 32Անօրենները հրամայեցին առանց քողի թողնել նրան, քանի որ ծածկված էր քողով, որպեսզի հագենան նրա գեղեցկությամբ։ 33Լաց էին լինում յուրայինները և բոլոր նրանք, որ ճանաչում էին նրան։ 34Վեր կացան երկու ծերերը ժողովրդի միջից և իրենց ձեռքերը դրեցին նրա գլխին։ 35Նա լաց լինելով նայեց երկինք, որովհետև նրա սիրտը հույսը դրել էր Տիրոջ վրա։ 36Երկու ծերերն ասացին. «Մինչ մենք մենակ զբոսնում էինք պարտեզում, նա այնտեղ մտավ երկու աղջիկների հետ, փակեց պարտեզի դռները և բաց թողեց աղջիկներին։ 37Եվ մի պատանի, որ թաքնված էր, եկավ նրա մոտ ու եղավ նրա հետ։ 38Մենք պարտեզի մի անկյունում էինք։ Երբ տեսանք անօրենությունը, ընթացանք նրանց մոտ 39և տեսանք դրանց՝ իրար հետ լինելը։ Նրան չկարողացանք բռնել, որովհետև մեզանից ավելի ուժեղ էր. դռները բացեց ու դուրս փախավ։ 40Սրան, որ բռնեցինք, հարցրինք, թե ո՛վ էր այն պատանին, 41սակայն չկամեցավ մեզ պատմել. այս ենք վկայում»։ Եվ ատյանը հավատաց նրանց՝ որպես ժողովրդի ծերերի և դատավորների, և նրան դատապարտեցին մեռնելու։ 42Շուշանը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ո՛վ հավիտենական ծածկագետ Աստված, որ գիտես ամեն ինչ, նախքան դրանց լինելը։ 43Դու գիտես, որ սուտ են վկայում իմ մասին։ Ահա մեռնում եմ, որ ոչինչ չեմ արել, ինչ որ դրանք նյութում են իմ դեմ»։ 44Եվ Տերը լսեց նրա ձայնը։
45Եվ մինչ նրան տանում էին կորստյան մատնելու, Աստված արթնացրեց Սուրբ Հոգին մի մանուկ տղայի մեջ, որի անունը Դանիել էր։ 46Եվ բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ես անպարտ եմ դրա արյունից»։ 47Ողջ ժողովուրդը շրջվեց դեպի նա և ասաց. «Ի՞նչ է այդ խոսքը, որ դու ասացիր»։ 48Եվ նա կանգնեց նրանց մեջ և ասաց. «Այդպես անմի՞տ եք, Իսրայելի՛ որդիներ. ո՛չ քննեցիք, ո՛չ էլ իրավահասու եղաք և դատապարտեցի՞ք Իսրայելի այդ դստերը։ 49Վերադարձե՛ք ատյան, որովհետև դրանք սուտ վկայեցին նրա մասին»։ 50Ժողովուրդն անմիջապես վերադարձավ, և ծերերն ասացին նրան. «Ե՛կ, նստի՛ր մեր մեջ և պատմի՛ր մեզ, որովհետև Աստված քե՛զ տվեց ավագությունը»։ 51Դանիելն ասաց նրանց. «Դրանց հեռացրե՛ք իրարից, և քննենք դրանց»։ 52Երբ իրարից հեռացվեցին, կանչեց նրանցից մեկին և ասաց նրան. «Ա՛յ չարության օրերով ծերացած, քո մեղքերը, որ գործում էիր հնում, ահա այժմ եկան հասունացան, 53քանի որ անիրավությամբ էիր դատաստան անում. դատապարտում էիր անմեղներին և ազատ արձակում վնասակարներին, ուր Աստված ասել էր, թե անմեղին և արդարին չսպանես։ 54Բայց արդ, եթե տեսել ես դրանց, ասա՛, ո՞ր ծառի տակ բռնեցիր դրանց, մինչ խոսում էին իրար հետ»։ Եվ նա ասաց. «Հերձիի տակ»։ 55Դանիելն ասաց. «Բարվոք ստեցիր քո գլխով։ Ահա Աստծու հրեշտակը, հրաման առնելով, քեզ մեջտեղից կհերձի»։ 56Եվ դուրս հանեց նրան։ Հրամայեց բերել մյուսին և ասաց նրան. «Զավա՛կ Քանանի և ո՛չ Հուդայի. նրա գեղեցկությունը խաբե՞ց քեզ, և ցանկությունը հեղաշրջե՞ց քո սիրտը։ 57Այդպե՞ս էիք անում Իսրայելի դուստրերին, և նրանք վախից մերձենում էին ձեզ, սակայն Հուդայի այդ դուստրը հանձն չառավ ձեր անօրենությունները։ 58Բայց լավ, արդ ասա՛, ո՞ր ծառի տակ բռնեցիր դրանց, մինչ խոսում էին իրար հետ»։ 59Եվ նա ասաց. «Սղոցիի տակ»։ Դանիելն ասաց նրան. «Դու էլ բարվոք ստեցիր քո գլխով, քանի որ ահա Աստծու հրեշտակը կանգնած է՝ մերկ սուրը ձեռքին՝ քեզ մեջտեղից սղոցելու, որպեսզի սատկեցնի քեզ»։ 60Ամբողջ ժողովուրդը մեծաձայն աղաղակեց, և օրհնաբանեցին Աստծուն, որ փրկում է իրեն հուսացողներին։ 61Եվ հարձակվեցին այն երկու ծերերի վրա, քանի որ Դանիելը նրանց հանդիմանեց իրենց բերանների սուտ վկայություններով, և վարվեցին նրանց հետ ըստ Մովսեսի օրենքի, ինչպես ընկերոջ դեմ չարության մտադրություն ունեցողների, 62և սպանեցին նրանց։ Եվ այդ օրը մի արդար արյուն փրկվեց։ 63Իսկ Քեղկիան և նրա կինն օրհնաբանեցին Աստծուն իրենց դստեր՝ Շուշանի համար, նրա ամուսնու՝ Հովակիմի և նրա բոլոր ազգականների հետ, քանի որ գարշելի բաներ չգտնվեցին նրա մեջ։ 64Եվ Դանիելն այդ օրվանից և դրանից հետո մեծարվեց ժողովրդի առաջ։