Ամովս մարգարեյի գիրք

1

1Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղեմի համար Հուդայի արքա Ոզիայի օրերին և Իսրայելի արքա Հովասի որդու՝ Հերոբովամի օրերին՝ երկրաշարժից երկու տարի առաջ, և ասաց.

2«Տերը Սիոնից խոսեց և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը. սուգ արեցին հոտերի արոտավայրերը, և չորացան Կարմելոսի բարձունքները»։

Տերը դատում է Իսրայելին և նրա հարևաններին

ա. Դամասկոսի դեմ

3Տերն ասում է. «Դամասկոսի երեք անօրենությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ երկաթե սղոցներով կտրատում էին գաղաադացիների հղիներին»։

4«Կրակ կուղարկեմ Ազայելի տան վրա, և կուտի Ադերի որդու հիմքերը։

5Եվ կփշրեմ Դամասկոսի նիգերը, կբնաջնջեմ Ովնի դաշտերի բնակիչներին և կկոտորեմ Խառանի տղամարդկանց ցեղը, և կգերեվարվի ասորիների ընտիր ժողովուրդը»,- ասում է Տերը։

6Այսպես է ասում Տերը. «Գազայի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ գերեվարեցին Սողոմոնի գերիներին՝ արգելափակելով Եդովմում»։

7«Կրակ կուղարկեմ Գազայի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը։

8Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։

բ. Տյուրոսի դեմ

9Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։

10Կրակ կուղարկեմ Ծուրի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը»։

գ. Եդովմի դեմ

11Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։

12Կրակ կուղարկեմ Թեմանի վրա, և կրակը կուտի նրա պարիսպների հիմքերը»։

դ. Ամովնի դեմ

13Այսպես է ասում Տերը. «Ամովնի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ հերձում էին գաղաադացիների հղիներին, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանները։

14Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։

15«Գերության կգնան նրանց թագավորները, նրանց քրմերն ու նրանց իշխաններն էլ՝ միասին»,- ասում է Տեր Տերը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն