Ա Եզրաս
9
1Եվ Եզրասը, ելնելով Տիրոջ տաճարի սրահից, գնաց Հովնանի՝ Ելիասիբի որդու տուն 2և իջևանեց այնտեղ։ Հաց չճաշակեց և ջուր չխմեց՝ ողբալով ժողովրդի անօրենությունների ու մեծամեծ մեղքերի վրա։ 3Եվ ազդարարվեց ողջ Հուդայի երկրում ու Երուսաղեմում, որ գերությունից բոլոր վերադարձողները գան հավաքվեն Երուսաղեմում։ 4Ովքեր երկու-երեք օրից չժամանեն, պիտի դատվեն առաջնորդների և ծերերի կողմից, նրանց ունեցվածքը պիտի հափշտակվի, և նրանք, օտար համարվելով, պիտի հեռացվեն գերեդարձների բազմությունից։
5Հուդայի ու Բենիամինի բոլոր ցեղակիցները երեք օրվա ընթացքում՝ իններորդ ամսի քսանին, հավաքվեցին Երուսաղեմում։ 6Ողջ բազմությունը նրա ընկերակցությամբ նստեց Տիրոջ տան ընդարձակ սրահում՝ սարսռալով ու դողալով ձմեռվա ցրտից։ 7Եզրասը ոտքի կանգնեց և ասաց նրանց. «Դուք եք որ մեղանչել եք՝ կին առնելով այլազգիների դուստրերից և ավելացնելով Իսրայելի անօրենությունները։ 8Արդ, խոստովանություն և փա՛ռք տվեք Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն, 9կատարե՛ք նրա կամքը և զատվե՛ք, հեռացե՛ք երկրի բոլոր հեթանոսներից ու ձեր այլազգի կանանցից»։ 10Եվ ողջ բազմությունը միաբանվելով մեծ աղաղակ բարձրացրեց ու ասաց. «Կանենք այնպես, ինչպես որ դու ասացիր, 11բայց քանի որ հիմա ձմեռ է, ուստի մեր հսկայական բազմությունը չի կարող դիմանալ այս վշտին ու նեղությանը, մանավանդ որ դա մեկ-երկու օրվա գործ չէ, քանի որ մենք չափազանց սաստիկ մեղանչեցինք այդ գործում։ 12Արդ, թող բազմության վրա իշխաններ ու առաջնորդներ նշանակվեն, և գնալով այն տունը, որտեղ այլազգի կին կա, ժամանակ սահմանեն։ 13Ամեն տեղ թող ծերեր ու դատավորներ նշանակվեն, և լուծելով քավեն մեզնից Տիրոջ բարկությունը այն մեծամեծ չարիքների համար, որ գործել ենք»։ 14Հովնաթասը՝ Ազայելի որդին, և Եզիասը՝ Թոկանի որդին, ինչպես նաև նրանց հետ միաբանված Մոսոլամոսը, Ղևին և Սաբատեոսը հանձն առան կատարել այդ բանը, 15և արեցին այն ամենի համաձայն, ինչպես որոշել էին գերությունից վերադարձածները։ 16Եվ Եզրաս քահանան ըստ նահապետական տների իշխաններ ընտրեց և նրանց անունները գրանցեց, որոնք տասներորդ ամսի ամսամուտին ժողովի նստեցին՝ այդ հարցը լուծելու համար։ 17Եվ մինչև առաջին ամսվա սկիզբը հավաքագրեցին այն մարդկանց, ովքեր այլազգի կին ունեին։
Այլազգի կին ունեցողների ցանկը
(Բ Եզր. 10.18-44)
18Հավաքված քահանաների մեջ ևս գտնվեցին ոմանք, որ այլազգի կին ունեին և հաղորդակից էին դարձել ամբարշտությանը՝ 19Հովսեդեկի որդու՝ Հեսուի որդիներից ու նրա եղբայրներից՝ Մաթելան, Եղիազարը, Հորիբոսը և Հովադան, 20որոնք սկսեցին վտարել իրենց այլազգի կանանց, և յուրաքանչյուրը խոյ մատուցեց չգիտակցված մեղքերի համար։ 21Եմմովրի որդիներից՝ Անանիասը, Զաբդեոսը, Մանեսը, Սամեոսը, Հերիելը և Ազարիասը, 22Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասիասը, Իսմայելը, Նաթանայելը, Ովկիդելոսը և Սալթոսը. 23ղևտացիներից՝ Հովզաբդոսը, Սեմեիսը և Կովլիոսը՝ նույն ինքը Կալիտասը, և Փաթեասը, Հուդասը և Հովանասը. 24սաղմոսասացներից՝ Ելիասիբոսը, Բաքուրոսը. 25դռնապաններից՝ Սալոիմոսը և Տոլբանեսը։ 26Իսրայելից, Փորոսի որդիներից՝ Հերմասը, Հեզիասը, Մելքիասը, Միամիոսը, Եղիազարը, Ասաբիասը և Բանեասը, 27Եղիակիմի որդիներից՝ Մատթանիասը, Զաքարիասը, Հեզրիելը, Հովադիոսը, Հերիմովթը և Այեդիասը, 28Զաթոմի որդիներից՝ Ելիադասը, Ելիասիմոսը, Օթոնիասը, Հարիմովթը, Սաբաթոսը և Զարդեասը, 29Բեբեի որդիներից՝ Հովհաննեսը, Անանիասը, Զաբդոսը և Եմաթոսը, 30Մանիի որդիներից՝ Ովլամոսը, Մալուքոսը, Հեդեոսը, Հասուբոսը, Հասաելոսը և Հերեմովթը, 31Ադդիի որդիներից՝ Նաաթոսը, Մոոսիասը, Ղակունոսը, Նաիդոսը, Մատաթիասը, Սեսթելը, Բալնուոսը և Մանասիասը, 32Աննասի որդիներից՝ Ելիովնասը, Ասեասը, Մելքիասը, Սաբեոսը, Սիմովնը և Քոսամեոսը, 33Ասոմի որդիներից՝ Ալտանեոսը, Մատաթիասը, Բանեուսը, Ելիփալատը, Մանասեն և Սեմեին, 34Բաանի որդիներից՝ Երեմիասը, Մոադիոսը, Մաերոսը, Հուելը, Մամդեն, Պեդիասը, Անովսը, Կարաբասիովնը, Ելինասիբոսը, Մամնիտանեմոսը, Ելիասիսը, Բանուսը, Ելիալին, Սոմեին, Սելեմիասը, Նաթանիասը, Եզովրի որդիներից՝ Սեսիսը, Եզրիլը, Ազայելը, Սամատոսը, Զամբրին, Հովսեփը, 35Նաումի որդիներից՝ Մազիտեասը, Զաբադեասը, Եդեսը, Իուելը և Բանեասը։ 36Սրանք բոլորն այլազգի կանայք էին առել և արձակեցին նրանց, իրենց որդիների հետ։
Եզրասը հրեաներին ընթերցում է Օրենքը
(Նեմ. 7.72–8.12)
37Քահանաները, ղևտացիներն ու իսրայելացիներից շատերը յոթերորդ ամսի ամսամուտին բնակվեցին Երուսաղեմում ու նրա շրջակայքում։ Իսրայելի որդիները բնակվեցին իրենց բնակավայրերում։ 38Ողջ բազմությունը միակամ հավաքվեց տաճարի արևելյան դռան առջև՝ ընդարձակ վայրում, 39և ասացին Եզրաս քահանայապետին ու օրենքի քարոզչին, որ բերի Մովսեսի օրենքները՝ տրված Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից։ 40Եզրասը մեջտեղ բերեց օրենքը բոլոր մարդկանց ու կանանց և բոլոր քահանաների առաջ։ Եվ յոթերորդ ամսվա ամսամուտին լսեցին Տիրոջ օրենքը։ 41Նա առավոտից մինչև միջօրե կարդում էր տաճարի դռան առջևի ընդարձակ վայրում, բոլոր տղամարդկանց ու կանանց առաջ, և ողջ բազմությունը ուշադիր լսում էր Տիրոջ՝ Աստծու օրենքը։ 42Եզրաս քահանան՝ Տիրոջ օրենքի ընթերցողը, կանգնած էր փայտաշեն բեմի վրա։ 43Նրա աջ կողմում կանգնած էին Մատաթիան, Սամուսը, Անանիասը, Ազարիասը, Ուրիասը, Եզեկիասը և Բաալսամոսը։ 44Իսկ ձախ կողմում՝ Փադեոսը, Միսայելը, Մելքիասը, Լովթասը, Ուբոսը, Նաբարիասը և Զաքարիասը։ 45Եզրասը, իր ձեռքին Օրենքի գիրքը, մեծ փառքով նստել էր բոլորի առջև, իսկ ողջ բազմությունը նստել էր նրա առաջ։ 46Երբ նա բացեց Օրենքի գիրքը, ողջ բազմությունը ոտքի կանգնեց, և Եզրասը օրհնություն մատուցեց Տիրոջը՝ Բարձրյալ Աստծուն՝ ամենակալ Սաբավովթ Աստծուն։ 47Եվ ողջ բազմությունը միաբերան ասաց՝ Ամեն, ապա իրենց ձեռքերը վեր բարձրացնելով՝ նրանք իրենց երեսների վրա ընկան գետնին ու երկրպագեցին Տիրոջը՝ Աստծուն։
48Հեսուսը, Աննիուսը, Սարաբիասը, Հադինոսը, Հակուբոսը, Սաբուտեոսը, Ավդեասը, Մեաննասը, Կալիտասը, Ազարիասը, Հովզաբդոսը, Անանիասը և Փիլասը այն ղևտացիներն էին, որ ժողովրդին ուսուցանում էին Տիրոջ օրենքը, բացատրում ու հասկացնում Տիրոջ՝ Աստծու օրենքը։
49Եվ Ատթարատեսը բոլորի առաջ ասաց Եզրաս քահանային՝ Տիրոջ օրենքի քարոզչին, և այն ղևտացիներին, որ ուսուցանում էին բազմությանը. 50«Այս օրը Տիրոջ սրբության օրն է,- բոլորը հուզված էին Տիրոջ օրենքը լսելուց,- 51գնացե՛ք, ճոխ կերակուրնե՛ր կերեք և հաճելի ըմպելիքնե՛ր ըմպեք. մա՛ս ուղարկեք նաև չունևորներին։ 52Որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ համար, ուստի մի՛ տխրեցրեք այն, քանի որ Տերը՝ Աստված, ինքը փառավորեց մեզ»։ 53Եվ բոլոր ղևտացիները հրամայեցին բազմությանը՝ ասելով. «Այս օրը սուրբ է, և տխուր մի՛ դարձրեք այն»։ Բազմությանն ասացին նաև. 54«Ով ունի, թող ուտի, խմի և ուրախանա, նաև տա նրան, ով չունի, և թող բոլորն այսօր շատ ուրախ լինեն, 55որովհետև դուք հագեցաք Տիրոջ օրենքի խոսքերով, որոնց համար հավաքվեցիք այստեղ, և որոնք մենք ուսուցանեցինք ձեզ»։