Ա Եզրաս

8

Եզրասի ժամանումը Երուսաղեմ

(Բ Եզր. 7.1-10)

1Այս ամենից հետո, պարսիկների Արտաշես արքայի թագավորության ժամանակ, եկավ Եզրասը՝ որդին Ազարիայի, որը որդին էր Եզերիայի, որը՝ Քեղկեի, որը՝ Սաղեմի, 2որը՝ Սադովկի, որը՝ Աքիտովբի, որը՝ Համարեթի, որը՝ Հազեկի, որը՝ Մարերովթի, որը՝ Զարեի, որը՝ Սեուիայի, որը՝ Բովկի, որը՝ Հաբասեի, որը՝ Փանեեսի, որը՝ Եղիազարի, որն էլ՝ առաջին Ահարոնի։ 3Այս Եզրասը Աստծու կողմից Իսրայելին տրված Մովսեսի օրենքների հաջողակ դպիր էր. նա եկավ Բաբելոնից։ 4Թագավորը նրան գնահատում էր մեծապես։ Նա էր գտնում թագավորի առաջ իր բոլոր ծառայությունների ընթացքում։ 5Նա դեպի ելավ Իսրայելի որդիների, քահանաների, ղևտացիների, սաղմոսասացների, դռնապանների և տաճարի սպասավորների ուղեկցությամբ, Արտաշես արքայի թագավորության յոթերորդ տարվա հինգերորդ ամսին։ 6Բաբելոնից ելնելով առաջին ամսվա ամսամուտին՝ նա Երուսաղեմ մտավ հինգերորդ ամսվա սկզբին, քանի որ հաջողեցրեց նրա ճանապարհը։ 7Եզրասը լի էր իմաստությամբ, Տիրոջ պատվիրաններից ոչինչ չէր անտեսում և Տիրոջ օրենքի համաձայն՝ Իսրայելին ուսուցանում էր ողջ դատաստաններն ու իրավունքները։

Եզրասին տրված հրովարտակը

(Բ Եզր. 7.1-26)

8Տիրոջ օրենքի քարոզիչ Եզրաս քահանային հասավ Արտաշես թագավորի հրամանագիրը, որը այս օրինակն ուներ. 9«Արտաշես թագավորից Եզրաս քահանային և Տիրոջ օրենքի քարոզչին՝ ողջույն։ 10Իմ մարդասիրական ոգու համաձայն, հրամայեցի. հրեա ազգից նրանք, որ ցանկանում են գնալ Երուսաղեմ, նաև քահանաներն ու ղևտացիները թող համարձակությամբ քեզ հետ ելնեն Երուսաղեմ։ 11Նրանք, ովքեր փափագում են գնալ և պատրաստ են, թող քեզ հետ ելնեն, որովհետև այդպես հարմար գտանք ես և իմ յոթ խորհրդականները։ Հրամայում ենք, 12որ տեղ հասնելով՝ նրանք Օրենքի համաձայն կատարեն ամեն ինչ, 13և մատուցեն Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։ Ինչպես ես ու իմ յոթ խորհրդականները խոստացանք Երուսաղեմի տաճարին և Տիրոջը՝ Աստծուն պատկանող ողջ ոսկին ու արծաթը, որ գտնվում է բաբելացիների երկրում, թող վերցնեն ու հանձնեն՝ Երուսաղեմում։ 14Եվ Տիրոջ՝ Աստծու քահանաները Երուսաղեմ տանելու համար թող բաբելացիների երկրից վերցնեն և արծաթ, ցուլեր, խոյեր, գառներ և այլ նվիրական զոհեր, 15որպեսզի Երուսաղեմում դրանք մատուցեն Տիրոջ՝ Աստծու սեղանին։ 16Եվ ամեն ինչ, որ ցանկանաս անել քո եղբայրների հետ, արա՛. ոսկին և արծաթը օգտագործի՛ր ըստ անհրաժեշտության, ի փառս Տիրոջ՝ քո Աստծու։ 17Քահանայական զգեստներն ու Տիրոջ սպասքը տանելով Երուսաղեմ՝ հոգա՛ Տիրոջ՝ Աստծու տաճարի պետքերը և այդ ամենը դի՛ր Տիրոջ՝ քո Աստծու առջև՝ Երուսաղեմում։ 18Իսկ այն ամենը, ինչ որ պակաս կլինի տաճարի պետքերի համար, կհատկացվի թագավորական գանձատնից։ 19Ես՝ Արտաշես թագավորս, հրամայեցի Ասորիքի ու Փյունիկեի գանձապահներին, որ Եզրաս քահանային՝ Բարձրյալ Աստծու օրենքի քարոզչին անխափան արծաթ տան, որքան որ նա ցանկանա՝ մինչև հարյուր տաղանդ, 20ինչպես նաև՝ մինչև հարյուր քոռ ցորեն և նույնչափ ու ձեթ։ 21Եվ ամեն ինչ օրենքի համաձայն թող մատուցվի Տիրոջը՝ Բարձրյալ Աստծուն, որպեսզի Աստծու ցասումը չթափվի իմ թագավորության և իմ որդու վրա։ 22Հրամայում եմ նաև, որ ոչ ոք չհամարձակվի ձեր քահանաներից, ղևտացիներից, սաղմոսասացներից, դռնապաններից, տաճարի սպասավորներից ու Տիրոջ տան այլ ծառայողներից հարկ կամ որևէ այլ բան պահանջել։ 23Իսկ դու, Եզրա՛ս, քո իմաստությամբ, որ տրվել է քեզ Աստծուց, վերակացուներ ու նշանակիր, որ Ասորիքի և Փյունիկեի կողմերում դատեն բոլոր նրանց, ովքեր ուսանել են Տիրոջ՝ քո Աստծու օրենքը, իսկ անտեղյակներին սովորեցրո՛ւ։ 24Իսկ բոլոր նրանց, ովքեր կանտեսեն Տիրոջ՝ քո Աստծու օրենքը և մեր թագավորական պատվիրանը, քեզ է տրվում պատուհասելու և խոշտանգելու. եթե մահապարտ են՝ սպանելու, եթե արժանի են պատժի՝ պատժելու, տուգանելու կամ ձերբակալելու»։ Եվ Եզրասը՝ Տիրոջ օրենքի ուսուցիչը, ասաց.

Եզրասը փառաբանում է Աստծուն

(Բ Եզր. 7.27-28)

25«Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս ամենը տվեց թագավորի սրտին՝ փառավորելու Տիրոջ տաճարը, որ Երուսաղեմում է։ 26Եվ ինձ մեծ պատվի արժանացրեց թագավորի և նրա բոլոր խորհրդականների, նրա սիրելիների և բոլոր մեծամեծների առաջ։ 27Ես չափազանց քաջալերվեցի Տիրոջ՝ իմ Աստծու օգնությամբ»։ Ապա նա հավաքեց Իսրայելի բոլոր մարդկանց, որոնք նրա հետ Երուսաղեմ էին ելել։

Եզրասի հետ վերադարձողները

(Բ Եզր. 8.1-14)

28Սրանք են այն իշխանները՝ ըստ իրենց հայրերի նահապետական տների և ըստ իրենց ընտանիքների, որոնք Արտաշես արքայի թագավորության ժամանակ Եզրասի հետ ելան Բաբելոնից. 29Փանեեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Գամայելը, Դավթի որդիներից՝ Փարեսը, 30Փորոսի որդիներից՝ Զաքարիասը և նրա հետ գերված հարյուր հիսուն այր. 31Փաաթմովաբի որդիներից՝ Ելիաովնիասը՝ Զարեի որդին և նրա հետ՝ երկու հարյուր այր. 32Զաթսեսի որդիներից՝ Հեզոնիոսը՝ Հեթելեի որդին և նրա հետ՝ երեք հարյուր այր. Ադինոբի որդիներից՝ Հովնաթանի որդին և նրա հետ՝ երեք հարյուր հիսուն այր. 33Ելամի որդիներից՝ Հեսիասը՝ Գոթողիայի որդին և նրա հետ՝ յոթանասուն այր. 34Սափատի որդիներից՝ Զաքարիասը՝ Միքայելի որդին և նրա հետ՝ յոթանասուն այր. 35Հովաբի որդիներից՝ Աբադեասը՝ Եզելի որդին և նրա հետ՝ երկու հարյուր տասներկու այր. 36Բանեյի որդիներից՝ Ասալիմովթը՝ Հովսափի որդին և նրա հետ՝ հարյուր վաթսուն այր. 37Բեբիի որդիներից՝ Զաքարիան՝ Բեբեի որդին և նրա հետ՝ քսանութ այր. 38Ասգաթի որդիներից՝ Հովհաննեսը՝ Կատանի որդին, և նրա հետ՝ հարյուր տասը այր. 39Ադոնիկամի որդիներից, վերջինները, որոնց անուններն են՝ Ելիփալատ, Դևուել և Սամեաս և նրանց հետ՝ յոթանասուն այր. 40Բանեի որդիներից՝ Ութին՝ Աստավկուրիի որդին և նրա հետ՝ յոթանասուն այր։

Եզրասը գտնում է քահանաներ և ղևտացիներ տաճարի համար

(Բ Եզր. 8.15-20)

41Եվ հավաքելով նրանց Թերան կոչվող գետի ափին ու երեք օր իջևանելով այնտեղ, երբ մարդահամար արեցի, 42և քահանաների ու ղևտացիների որդիներից ոչ ոք չգտնվեց նրանց մեջ, 43ես լուր ուղարկեցի Եղիազարին, Իդուելոնին, Սամեասին, Հովրիբոնին, Նաթանին, Եննատանին, Զաքարիային և Մոսոլամոնին՝ օրենքի այս իշխաններին ու վարդապետներին, 44և նրանց ասացի, որ գնան Գանձավորների Ադդեոյի մոտ, 45և պատվիրեցի նրանց, որ Ադդեոյին ու նրա եղբայրներին և Գանձավորների տարածքում եղող բոլորին ասեն, որ մեզ քահանաներ ուղարկեն Տիրոջ տան համար։ 46Եվ մեզ այրեր ուղարկեցին, որոնք տիրապետում էին Տիրոջ խոսքերին ու գիտակ էին Տիրոջ օրենքներին։ Իսրայելի որդի Ղևիի որդի Մոոլի որդիներն էին դրանք՝ Ասեբեբիան և նրա որդիներն ու եղբայրները՝ տասնութ ։ 47Նաև Քանունեի որդիներից Ասեբիանը, Անունոն և Ովսեա եղբայրը՝ իրենց որդիներով՝ քսան հոգի։ 48Իսկ տաճարի սպասավորներից, որոնց Դավիթը և իշխանները կարգեցին ղևտացիներին օգնելու համար՝ երկու հարյուր քսան հոգի։ Բոլորի անունները ցուցակագրվեցին։

Ճամփորդության նախապատրաստությունները

(Բ Եզր. 8.21-30)

49Այնտեղ պահք հայտարարեցինք ու Տիրոջ՝ մեր Աստծու առջև մատուցեցինք՝ 50դյուրություն ու հաջողություն խնդրելով մեր որդիների և նրանց համար, որ մեզ հետ էին։ 51Քանզի հարմար չհամարեցինք թագավորից մեզ ուղեկցող հետևակներ ու հեծյալներ խնդրել, որ պաշտպանեին մեզ մեր հակառակորդներից։ 52Որովհետև թագավորին ասել էի, թե Տիրոջ՝ մեր Աստծու զորությունը մեզ հետ է և բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են նրան։ 53Այդ իսկ պատճառով հորդորեցի պահք պահել և աղոթել, որպեսզի Տերը պահպանի մեզ և մեր ճանապարհը խաղաղ անցնի։ 54Եվ ընտրեցի ցեղերի գլխավոր քահանաներին՝ տասներկու հոգու՝ Եսերեբիային, Ասամիային ու նրանց հետ տասը այլ եղբայրների։ 55Ապա կշռեցի ու նրանց տվեցի Տիրոջ տան արծաթն ու ոսկին, սպասքն ու քահանայական հանդերձանքը, որ մեզ պարգևել էին թագավորն ու նրա խորհրդականները, իշխաններն ու ողջ Իսրայելը։ 56Եվ կշռելով նրանց տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ արծաթ, հարյուր տաղանդ արծաթե սպասք, հարյուր տաղանդ ոսկի, ինչպես նաև քսան ոսկե և տասներկու ոսկեգույն մաքրափայլ պղնձե անոթներ։ 57Եվ ասացի նրանց. «Տիրոջ համար սուրբ եք և՛ դուք, և՛ այս ամբողջ ոսկե ու արծաթե սպասքը. աղո՛թք մատուցեք Տիրոջը, և Տերը՝ մեր հայրերի Աստվածը, կպահպանի ու խաղաղությամբ կհասցնի սրբության վայրը։ 58Արթո՛ւն մնացեք և պահպանե՛ք, մինչև որ տեղ հասնելով դրանք հանձնեք Երուսաղեմում գտնվող քահանաների ու ղևտացիների գլխավորներին և Իսրայելի գերդաստանների իշխաններին»։ 59Եվ Տիրոջ տաճարի պահապանները՝ քահանաներն ու ղևտացիները, վերցրին արծաթը, ոսկին և սպասքը՝ տանելու Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը։

Ժամանում Երուսաղեմ

(Բ Եզր. 8.31-36)

60Առաջին ամսվա տասներկուսին ելնելով՝ մեկնեցինք Թերան գետից և Տիրոջ բարձր ու հզոր բազկի հովանու ներքո եկանք հասանք Երուսաղեմ։ Տերը՝ մեր Աստվածը, մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, և ողջ-առողջ հասանք Երուսաղեմ։ 61Եվ երբ երեք օր հանգստացանք Երուսաղեմում, չորրորդ օրը, արծաթն ու ոսկին կշռելով, մուծեցինք Տիրոջ՝ մեր Աստծու ՝ անձամբ Մարմովթի քահանային՝ Ուրիի որդուն։ 62Նրա հետ էին նաև Եղիազարը՝ Փենեսի որդին, Հովսաբդոսը՝ Հեսուի որդին, Մովեթը՝ Սաբանի որդին, որոնց և տվեցինք կշռով ու հաշվով, և հաշվեկշիռն արձանագրվեց նույն օրը։ 63Եվ նրանք, որ ինձ հետ ելել էին Բաբելոնի գերությունից, մատուցեցին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն. Իսրայելի համար՝ տասներկու ցուլ, փրկության համար՝ իննսուն խոյ, յոթանասուներկու գառ և տասներկու նոխազ. այս ամենը զոհ մատուցեցին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։ 64Եվ թագավորի հրամանագիրը տվեցին թագավորի գործակալներին, Ստորին Ասորիքի և Փյունիկեի իշխաններին ու գավառապետներին, և մեր ազգն ու Տիրոջ տաճարը փառավորվեցին մեծ պատվով։

Հրեաների խառն ամուսնությունները

(Բ Եզր. 9.1-15)

65Իսկ այս ամենը կատարվելուց հետո Իսրայելի որդիների առաջնորդներն ու իշխանները եկան ինձ մոտ և ասացին. 66«Իսրայելի որդիները, նրանց իշխանները, քահանաներն ու ղևտացիները խառնվեցին հեթանոսների, այլազգիների և անհավատների պղծության հետ, քանանացիների ու քետացիների, փերեզացիների և հեբուսացիների, մովաբացիների և ամովնացիների, եգիպտացիների և եդովմացիների հետ։ 67Որովհետև նրանք իրենց սրտի սիրով ամուսնացան նրանց դուստրերի հետ, և նրանց սուրբ սերմը խառնվեց երկրի այլազգի հեթանոսների մեջ. այս անօրենությունը հանձն առան բոլոր իշխաններն ու մեծամեծները, և նրանք եղան այս չար խառնակությունների առաջնորդները»։ 68Լսելով այս ամենը՝ ես պատռեցի իմ հանդերձը և ողբալով սկսեցի փետել իմ գլխի մազերն ու իմ մորուքը, նստեցի սգավոր և տրտում։ 69Եվ երբ լսեցին իմ ողբը, որ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար էր, բոլորը հավաքվեցին՝ տեսնելու, թե ի՛նչ եմ անելու իրենց անօրենության պատճառով, իսկ ես այդպես տրտմած նստեցի մինչև երեկո՝ մինչև երեկոյան զոհաբերության ժամը։ 70Ապա ելնելով սգից, պատառոտված հանդերձով ու ծունկի եկած՝ ձեռքերս բարձրացրի դեպի Տերը՝ Աստված, և աղաղակելով ասացի. 71«Տե՜ր, ամաչում ու դողում ենք քո առաջ, 72որովհետև գլխից վեր մեղքեր գործեցինք, և մեր անօրենությունները երկնքից ավելի վեր բարձրացան։ 73Մեր հայրերի տարիներից ու ժամանակներից մինչև այսօր մեծամեծ մեղքերի մեջ ենք մենք։ 74Եվ մեր մեղքերի ու մեր հայրերի հանցանքների համար մենք գերության մատնվեցինք մեր եղբայրներով, մեր թագավորներով և մեր քահանաներով հանդերձ։ Երկրի բոլոր թագավորները, սրի բերան քշելով, գերեցին մեզ և ավերեցին մեր բնակավայրերը, և մենք մինչև այսօր ամոթահար մնացինք։ 75Եվ այժմ, Տե՜ր, որքա՜ն եղավ քո ողորմությունը մեր հանդեպ, որ քո սրբության այս վայրում արմատ, զավակ և թողեցիր։ 76Տիրոջ՝ մեր Աստծու տաճարում հայտնեցիր և մեր ստրկության ժամանակ կերակուր տվեցիր մեզ։ 77Գերության ժամանակ մեզ չլքեցիր, այլ օգնական եղար մեզ համար, Տե՜ր, պարսից թագավորի առջև մեզ շնորհի արժանացրիր, 78և նա պատիվ տվեց մեզ ու դարմանեց մեր կարիքները։ Նա փառավորեց Տիրոջ՝ մեր Աստծու տաճարը, վերականգնեց ու շենացրեց անապատը և մեզ հաստատեց Հուդայի երկրում ու Երուսաղեմում։ 79Եվ այժմ, Տե՛ր, այս ամենի դիմաց ի՞նչ պատասխան տանք քեզ. չէ՞ որ անտեսեցինք քո օրենքն ու հրամանները, Տե՜ր, որ մեզ տվեցիր քո ծառա մարգարեների ձեռքով, ասելով. 80“Այն երկիրը, որ դու մտնելու ես ժառանգելու, պղծված է այդ երկրի ազգերի պղծություներից և լի է նրանց աղտեղություններով։ 81Արդ դու նրանց դուստրերից քո որդիներին մի՛ առ և քո դուստրերին մի՛ տուր նրանց որդիներին։ 82Եվ երբեք մի՛ ձգտիր հաստատել նրանց հետ, որպեսզի կարողանաս վայելել այդ երկրի բարիքները, և քո որդիները հավիտյան ժառանգեն այդ երկիրը”։ 83Եվ ինչ տանջանք որ գալիս է մեզ վրա, մեր գործերի և մեր չար մեղքերի պատճառով է։ 84Այլ դու, Տե՜ր, բազում անգամ թողություն տվեցիր մեր մեղքերին և մեզ այսպիսի զավակ ու արմատ պարգևեցիր, թեև մենք դարձյալ խոտորվեցինք ու խախտեցինք քո օրենքները և խառնվեցինք այս երկրի հեթանոսների աղտեղություններին։ 85Սակայն դու չբարկացար մեզ վրա և անհետ չկորցրիր մեր արմատը, զավակն ու անունը։ 86Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, արդար ես դու և ճշմարիտ, չսպառեցիր մեր սերունդը, այլ զավակով ու արմատով մնացինք մինչև այսօր։ 87Եվ արդ, քո առջև ենք այսօր մեր անօրենություններով, և այլևս չենք կարող կանգնել քո առջև, որովհետև մեր գլխից վեր անօրենություններ ու չարիքներ գործեցինք»։

Խառն ամուսնությունների լուծարումը

(Բ Եզր. 10.1-17)

88Եվ երբ Եզրասը այս խոստովանություններով ու մեծամեծ ողբերով երեսնիվայր ընկած այսպես աղոթում էր Տիրոջ տաճարի առաջ, բոլոր նրանք, ովքեր գտնվում էին Երուսաղեմում, անհամար բազմությամբ, այրերով ու կանանցով, երիտասարդներով ու կույսերով հավաքվեցին նրա մոտ, և ժողովուրդը մեծ սուգ արեց։ 89Իսրայելի որդիներից Հեքոնիան՝ Հեելուի որդին, դիմեց Եզրասին ու ասաց. «Մենք մեղանչեցինք Տիրոջ՝ Աստծու առջև և կին առանք այս երկրի այլազգիներից, և այդ անօրենությունները այսօր մեզ վրա են։ 90Եկեք բոլորս տանք Տիրոջ առաջ և հեռացնենք մեզանից մեր կանանց, որոնց առել ենք այլազգիներից, նրանց որդիներով հանդերձ, ինչպես որ հրամայվում է Տիրոջ՝ մեր Աստծու օրենքներում։ 91Վե՛ր կաց փութով և գործի՛ր, քանզի մեր գործը քո ձեռքում է, և մենք քեզ հետ ենք, ինչ որ հրամայես՝ կանենք»։ 92Եվ Եզրասը, ոտքի կանգնելով, երդվեցրեց քահանաների ու ղևտացիների ցեղերի իշխաններին և ողջ Իսրայելին՝ գործելու այդպես, և երդվեցին։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն