Ա Եզրաս

7

Տաճարի նավակատիքը

(Բ Եզր. 6.13-18)

1Այն ժամանակ Ստորին Ասորիքի ու Փյունիկեի կողմերի մեծ Սիսինը, Սաթրաբուզանը և նրանց մյուս ընկերները, որ խափանում էին տաճարի գործը, երբ ստացան Դարեհ թագավորի հրամանը, 2սկսեցին հսկել և հոգ տանել աշխատանքին՝ դառնալով հրեաների ծերերի ու քահանաների գործակիցը։ 3Տաճարի գործը հաջողությամբ առաջ էր գնում, որովհետև Անգեն և Զաքարիան մարգարեանալով քաջալերում էին։ 4Այս ամենը կատարվեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանով 5և Կյուրոսի ու Դարեհի պատվերով ու կամքով, մինչև Դարեհ թագավորի վեցերորդ տարին։ Սուրբ տաճարն ավարտվեց Ադար ամսի քսաներեքին, Դարեհի թագավորության վեցերորդ տարում։ 6Եվ Իսրայելի որդիները, քահանաները, ղևտացիներն ու գերությունից բոլոր վերադարձածներն արեցին այնպես, ինչպես կարգվել և հրամայվել էր Մովսեսի օրենքի գրքում։ 7Տիրոջ տան նավակատիքին մատուցեցին հարյուր ցուլ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ, 8իսկ Իսրայելի մեղքերի համար՝ տասներկու միամյա ուլ՝ Իսրայելի իշխանների տասներկու ցեղերի թվին համապատասխան։ 9Քահանաներն ու ղևտացիները, ըստ իրենց կարգերի, շքեղ զգեստավորված կանգնեցին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն ծառայելու համար՝ Մովսեսի գրքերի հրամանների համաձայն, իսկ դռնապանները՝ յուրաքանչյուր դռանը։

Զատկի տոնակատարությունը

(Բ Եզր. 6.19-22)

10Իսրայելի որդիները, որ դուրս էին ելել գերությունից, կատարեցին Տիրոջ զատիկը առաջին ամսվա տասնչորսին, քանի որ քահանաներն ու ղևտացիները մաքրվել էին։ 11Գերությունից ելած բոլորը չէ որ սրբվեցին, այլ միայն ղևտացիները, որոնք մաքրվեցին, 12մորթեցին Իսրայելի՝ գերությունից դուրս եկած որդիների, ինչպես նաև իրենց եղբայրների՝ քահանաների, նաև իրենց Տիրոջ զատկական գառը։ 13Եվ կերան Իսրայելի որդիները, որոնք ելել էին գերությունից, բոլոր նրանք, որոնք զատվել, հեռացել էին հեթանոսների պղծություններից ու փնտրել Տիրոջը՝ Աստծուն։ 14Ապա Բաղարջակերաց տոնը յոթ օր կատարեցին և Տիրոջ առաջ ուրախ էին, 15որովհետև Տերը շրջել էր թագավորի մտադրությունը իրենց նկատմամբ և հզորացրել իրենց ձեռքերը Տիրոջ՝ Իսրայելի Աստծու գործի համար։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն