Ա Եզրաս
6
Սկսվում է տաճարի վերաշինությունը
(Բ Եզր. 5.1-17)
1Դարեհի թագավորության երկրորդ տարում Անգե և Զաքարիա մարգարեները Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից սկսեցին խոսել Հուդայի երկրի և Երուսաղեմի բնակիչներին։ 2Այդ ժամանակ էր, որ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն Տիրոջ մարգարեների աջակցությամբ սկսեցին շինել Տիրոջ տաճարը Երուսաղեմում։ 3Նույն ժամանակ նրանց մոտ եկան Ասորիքի և Փյունիկեի իշխան Սիսինը, Սաթրաբուզանը՝ իրենց ընկերներով հանդերձ, և ասացին նրանց. 4«Ո՞ւմ հրամանով եք շինում այդ տաճարն ու նրա տանիքը, և ո՞վքեր են ցանկանում շինել և ավարտել դա»։ 5Բայց Տիրոջ այցելության շնորհքը եղավ քահանաների ու հրեաների վրա, 6և նրանց չարգելեցին շինելու, մինչև որ գրեն Դարեհ թագավորին և հրաման առնեն նրանից։ 7Ահա այն նամակը, որ գրեցին և Դարեհ արքային ուղարկեցին. «Սիսինը՝ իշխանը Ասորիքի ու Փյունիկեի և Սաթրաբուզանը, ինչպես և նրանց հետ եղող Ասորիքի ու Փյունիկեի գործակալները և գլխավորները՝ 8Դարեհ թագավորին ողջույն։ Թող հայտնի լինի քեզ, մեր տե՛ր թագավոր, որ մենք գնացինք հասանք Հուդայի երկիրն ու մտանք Երուսաղեմ քաղաքը և այնտեղ՝ Երուսաղեմ քաղաքում, գտանք գերությունից վերադարձածներին ու նրանց քահանաներին և տեսանք, որ շքեղ կերպով կառուցում էին Տիրոջ մեծ տաճարը՝ մեծաշուք ու նորասքանչ, կոփածո և մեծամեծ քարերով, պատերի մեջ տեղադրված գերանակապերով։ 9Նրանց ձեռնարկած գործը մեծ փութով ու հաջողությամբ առաջ էր գնում, նրանք ցանկանում էին շուտով և փառքով ավարտել այն։ 10Հարցնելով ավագներին՝ մենք ասացինք. «Ո՞ւմ հրամանով եք շինում այդ տունը և կամ ո՞ւմ խոսքով եք դրա հիմքերը գցել»։ 11Նրանց հարցրինք, որպեսզի տեղյակ պահենք քեզ և ցույց տանք քեզ նրանց առաջնորդներին ու գրենք նրանց անունները, որոնք այդ գործի ղեկավարներն են։ 12Իսկ նրանք, պատասխան տալով մեզ, ասացին. «Մենք ծառաներն ենք Տիրոջ՝ Աստծու, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։ 13Այս տաճարը շինված էր շատ տարիներ առաջ Իսրայելի մեծ ու հզոր թագավորի ձեռքով։ 14Երբ մեր հայրերը մեղանչելով դառնացրին Տիրոջը՝ Իսրայելի երկնավոր Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, նա մատնեց նրանց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որ քաղդեացիների թագավորն էր։ 15Տունը քանդելով՝ հրկիզեցին և ժողովրդին գերեվարեցին Բաբելոն։ 16Բաբելոնում Կյուրոսի թագավորության առաջին տարում Կյուրոս արքան գրեց և հրամայեց շինել այս տաճարը։ 17Եվ ոսկյա ու արծաթյա այն բոլոր սպասքը, որ Նաբուքոդոնոսոր արքան վերցրել էր Երուսաղեմի Տիրոջ տանից ու պահ էր տվել իր կուռքերի տանը, Կյուրոսը վերադարձրեց բաբելացիների կուռքերի տնից և հանձնեց Զորաբաբելին ու Սամանասարին։ 18Եվ նրանց հրամայեց այդ կահ-կարասին ու սպասքը բերել դնել Երուսաղեմի Տիրոջ տաճարում՝ պատվիրելով, որ Տիրոջ այս տաճարը կառուցվի իր նույն տեղում։ 19Այնժամ Սամանասարը, գալով Երուսաղեմ, գցեց այս տաճարի հիմքերը, և դրանից ի վեր՝ մինչև այսօր, շինում ենք ու դեռևս չենք ավարտել»։ 20Արդ այժմ, մեր տեր և թագավո՛ր Դարեհ, եթե հարմար դատես, թող փնտրեն Բաբելոնի մատենադարանում, որտեղ պահվում են թագավորների հիշատակարանների գրքերը։ 21Եթե պարզվի, որ Տիրոջ տունը Երուսաղեմում շինում են Կյուրոս թագավորի հրամանով ու պատվերով, և դա համապատասխանում է Կյուրոս թագավորի հրամաններին, ապա մեզ տեղյա՛կ պահիր այս ամենի մասին։
Կյուրոսի հրովարտակի հայտնաբերումը
(Բ Եզր. 6.1-5)
22Այնժամ Դարեհ թագավորը հրամայեց փնտրել Բաբելոնի թագավորական մատենադարաններում։ Եվ Մարաց աշխարհի Եկբատան ամրոցում, որտեղ պահվում էին հիշատակարանների գրքերը, գտնվեց մի մատյան, որի մեջ կար հետևյալ գրությունը. 23«Կյուրոսի թագավորության առաջին տարում Կյուրոս արքան հրամայեց շինել Տիրոջ տունը Երուսաղեմում, որպեսզի այնտեղ կարողանան ամենօրյա ողջակեզները մատուցել։ 24Եվ հրամայեց շինել հետևյալ չափերով. բարձրությունը՝ վաթսուն կանգուն և լայնությունը՝ վաթսուն կանգուն, երեք քարաշեն և մեկ փայտաշեն հարկերով։ Իսկ ծախսը հրամայված էր վճարել արքունիքից։ 25Եվ Տիրոջ տան ոսկյա ու արծայա սպասքը, որ Նաբուքոդոնոսոր արքան Երուսաղեմի Տիրոջ տաճարից բերել էր Բաբելոն, Կյուրոս թագավորը հրամայեց տանել Տիրոջ տունը, որ Երուսաղեմում էր, որպեսզի դնեն այնտեղ, որտեղ գտնվում էին նախապես»։
Դարեհ թագավորը հրամայում է շարունակել շինարարությունը
(Բ Եզր. 6.6-12)
26Դարեհ թագավորն այդ հրամանին ավելացրեց նաև հետևյալը. «Ողջ Ասորիքի և Փյունիկեի իշխան Սիսինին, Սաթրաբուզանին և ձեր մյուս ընկերներին, որ գործակալության են նշանակվել Ասորիքում ու Փյունիկեում. հեռո՛ւ մնացեք այդ վայրից և մի՛ մոտեցեք Տիրոջ ծառա Զորաբաբելին, որ հրեաների իշխանն է, և ոչ էլ հրեաների ավագներին, որոնք շինում են Տիրոջ տունը՝ իր նախկին տեղում։ 27Ես ևս հրամայում եմ, որ այն ամբողջությամբ շինվի։ Աջակցե՛ք այն հրեաներին, որ ելան Երուսաղեմ, մինչև որ վերականգնեն Տիրոջ՝ իրենց Աստծու տաճարը։ 28Հրամայում եմ նաև, որ Տիրոջը զոհ մատուցելու համար Ստորին Ասորիքի ու Փյունիկեի հարկերից այդ մարդկանց և Զորաբաբել իշխանին տրվեն ցուլեր, խոյեր ու գառներ, 29ինչպես նաև ցորեն, աղ, գինի և ձեթ, և այս ամենը, որքան ժամանակ Երուսաղեմի քահանաները կպահանջեն Տիրոջ ծախսերի համար, տարի առ տարի, օր առ օր անխափան պետք է տրվի, 30որպեսզի նրանք Տիրոջը՝ Բարձրյալ Աստծուն զոհ մատուցեն թագավորի ու նրա զորքի համար և աղոթեն թագավորի կյանքի համար։ 31Նաև հրամայում եմ, որ եթե մեկը ծուլանա կամ անտես անի այն, ինչ որ հրամանագրեցի, ապա կպատժվի ու կզրկվի ամեն ինչից, կկախվի ու կխոշտանգվի, և նրա ողջ հարստությունը հարքունիս կգրավվի։ 32Եվ Տերը, որի անունը կանչվում է այնտեղ, թող ջնջի ամեն մի թագավորություն և ազգ, որը իր ձեռքը կերկարի՝ խանգարելու կամ չարագործելու Տիրոջ այն տանը, որ Երուսաղեմում է։ 33Ես՝ Դարեհ թագավորս, հրամայում եմ մեծ բծախնդրությամբ իրագործել այս ամենը»։