Ա Եզրաս
1
Հովսիա թագավորը տոնում է Զատիկը
(Բ Թագ. 23.21-23, Բ Մն. 35.1-19)
1Հովսիա թագավորը տոնեց Տիրոջը նվիրված զատիկը Երուսաղեմում և զոհեց զատիկը առաջին ամսի տասնչորսին։ 2Քահանաներին կարգեց Տիրոջ տաճարում՝ ըստ իրենց ծառայության կարգի՝ քահանայական հանդերձներով զգեստավորված։ 3Եվ ասաց ղևտացիներին՝ տաճարի սպասավորներին. «Սրբե՛ք ձեր անձերը և պատրաստվե՛ք Տիրոջ Ուխտի տապանակը սրբությամբ դնելու այն տաճարում, որ կառուցեց Սողոմոն թագավորը՝ Դավթի որդին։ Կարիք չկա այլևս այն ուսերի վրա կրելու։ 4Այսուհետև պաշտամո՛ւնք մատուցեք Տիրոջը՝ ձեր Աստծուն և սպասարկե՛ք Իսրայելի ժողովրդին, պատրաստվե՛ք ըստ ձեր ընտանիքների ու տոհմերի կարգի, ինչպես որ կարգել և գրել է Իսրայելի Դավիթ թագավորը, ինչպես նաև նրա որդի մեծն Սողոմոնը։ 5Եվ ղևտացիները տաճարում թող իրենց հայրերի կարգի համաձայն կանգնեն՝ իրենց եղբայրներին՝ Իսրայելի որդիներին սպասարկելու համար։ 6Ըստ նախկին կարգի զոհե՛ք զատիկը և պատրաստե՛ք զոհերը, զատիկը արե՛ք ըստ Մովսեսի միջոցով տրված Տիրոջ հրամանի»։
7Եվ Հովսիան ժողովրդին նվիրեց երեսուն հազար գառ ու ուլ և երեք հազար հորթ։ Այս ամենը թագավորի հրամանի համաձայն տրվեց ժողովրդին, քահանաներին ու ղևտացիներին։ 8Նաև Քեղկիասը, Զաքարիան և Եսիլոսը՝ տաճարի վերակացուները, զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր ոչխար և երեք հարյուր հորթ։ 9Իսկ Հեքոնիաս, Սամեաս, Նաթանայել եղբայր, Ասաբիաս, Ոզիել, և Յովրամ հազարապետները զատկի համար ղևտացիներին տվեցին հինգ հազար ոչխար և հինգ հարյուր հորթ։ 10Եվ քահանաները, առնելով այս ամենը, փառավորապես և ամենայն վայելչությամբ 11պատրաստեցին բաղարջը, ըստ իրենց տոհմերի 12և ըստ իրենց հայրենի դասերի կարգի դասավորված՝ կանգնեցին ժողովրդի առջև՝ մատուցելու Տիրոջ զատիկը Մովսեսի օրենքում գրվածի համաձայն։ Առավոտյան 13հրով խորովելով՝ պատրաստեցին Տիրոջ զատիկը, իսկ մնացած զոհերը համեմունքներով եփեցին կաթսաների և սաների մեջ, և մատուցեցին ողջ ժողովրդին։ 14Եվ այս ամենից հետո ղևտացիները պատրաստեցին իրենց և իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ Քանի որ քահանաները զբաղված էին ճարպը հրով այրելով, ուստի ղևտացիները պատրաստում էին ինչպես իրենց, այնպես էլ իրենց քահանա եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ 15Եվ Ասափի որդիների՝ սաղմոսերգուների համար էլ նրանք պատրաստեցին զատիկը, ինչպես որ կարգել էին Դավիթ թագավորը, Ասափը, Զաքարիան և Ելդինոնը։ Եվ քանի որ բոլոր դռների դռնապետները զգուշությամբ կատարում էին իրենց պարտականությունը, նրանց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստեցին նաև նրանց համար։ 16Եվ այն օրը բոլորը միասին կատարեցին Տիրոջ զոհը և Տիրոջ զատիկը մատուցեցին զոհասեղանի վրա՝ Հովսիա թագավորի հրամանի համաձայն։ 17Եվ Իսրայելի որդիները, որոնք այն ժամանակ այնտեղ էին, կատարեցին Տիրոջ զատիկը և ապա Բաղարջակերաց տոնը՝ յոթ օր։ 18Սամուել մարգարեի ժամանակից Իսրայելում այդպիսի Զատիկ երբևէ չէր եղել։
Հովսիայի թագավորության վախճանը
(Բ Թագ. 23.28-30, Բ Մն. 35.20-27)
19Եվ Իսրայելի թագավորներից ոչ ոք այսպիսի Զատիկ չէր արել, ինչպես արեց Հովսիա թագավորը, նաև քահանաները, ղևտացիները, հրեաները և ողջ Իսրայելը, որ այն ժամանակ բնակվում էին Երուսաղեմում։ 20Այդ Զատիկը կատարվեց Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։
21Եվ Հովսիայի գործերն ուղիղ էին իր Տիրոջ՝ Աստծու առջև, և նա ծառայում էր Տիրոջն իր ողջ սրտով և մտքով։ 22Մինչդեռ մյուս թագավորները, որ նրանից առաջ եղան, որոնց մասին գրված է, մեղանչեցին և անօրինություն գործեցին բոլոր ազգերի մեջ, տրտմեցրին Տիրոջը և նրա խոսքերին դեմ կանգնեցին Իսրայելի մեջ։
23Հովսիայի այս բոլոր առաքինի գործերից հետո փարավոնը՝ եգիպտացիների թագավորը, պատերազմելու եկավ Քարկամիս՝ Եփրատի կողմերը։ Եվ Հովսիան նրա դեմ պատերազմի ելավ։ 24Եգիպտացիների թագավորը նրան լուր ուղարկեց, ասելով. «Ի՞նչ կա իմ և քո մեջ, Հուդայի՛ թագավոր։ 25Տերը՝ Աստված, ինձ քո դեմ չի ուղարկել, ես գնում եմ պատերազմելու Եփրատի կողմերը։ Այժմ Տերն ինձ հետ է, և արգելք մի եղիր ինձ, որովհետև Տերն ինձ ստիպում է գնալ ու պատերազմել Եփրատի կողմերը։ Հեռո՛ւ մնա ինձանից և մի՛ ընդդիմացիր Տիրոջը»։ 26Բայց Հովսիան իր կառքերը հետ չդարձրեց, այլ նրա դեմ պատերազմ ձեռնարկեց և չլսեց Երեմիա մարգարեի խոսքերը, որ հաղորդում էր նրան Տիրոջ անունից։ 27Նա պատրաստվեց ճակատամարտ տալ փարավոնի դեմ Մագեդդավուսի դաշտում, և աղեղնավորները նետահար արեցին Հովսիային։ 28Եվ Հովսիա թագավորն ասաց իր ծառաներին. «Դո՛ւրս հանեք ինձ ճակատամարտի վայրից, որովհետև շատ տկարացա»։ Եվ նրա ծառաները նրան շտապ դուրս հանեցին ճակատամարտի վայրից։ 29Եվ նստեց իր երկրորդ կառքը և Երուսաղեմ հասնելով՝ վախճանվեց ու թաղվեց իր հայրական դամբարանում։ 30Ողջ ժողովուրդը ողբաց և սուգ պահեց Հովսիայի համար։ Իսկ Երեմիա մարգարեն ողբաց Հովսիայի մահը։ Եվ իշխանները, իրենց կանանց հետ, ողբում են մինչև այսօր։ Իսրայելի բոլոր ցեղերին հրաման տրվեց մշտապես ողբալ։
31Այս ամենը գրված է Հուդայի թագավորների պատմությունների գրքում։ Այն գործերը, որ կատարեց Հովսիան, և այն առաքինությունները, որոնցով առաքինացավ, ինչպես և նրա մեծ արդարությունն ու փառքը, Տիրոջ օրենքի նկատմամբ ունեցած նրա ակնածանքը և այն ժամանակ ու հետագայում նրա արածները պատմում են Իսրայելի և Հուդայի թագավորների գրքերը։
Հովսիայի հաջորդները և Երուսաղեմի կործանումը
(Դ Թագ. 23.20–25.21, Բ Մն. 35.20–36.21, Երմ. 52.1-3, 39.1-10, 52.4-27)
32Ազգի կողմից թագավոր կարգվեց Հովսիայի որդի Հեքոնիան։ Նա իր հոր՝ Հովսիայի փոխարեն թագավորեց քսաներեքամյա հասակում։ 33Նա Հուդայի և Երուսաղեմի վրա թագավորեց երեք ամիս։ Եվ եգիպտացիների թագավորն արգելեց նրան թագավորել Երուսաղեմում 34և նրանց վրա հարյուր տաղանդ արծաթի ու մի տաղանդ ոսկու հարկ դրեց։
35Եվ եգիպտացիների թագավորը նրանց թագավոր կարգեց Հովակիմին՝ Հեքոնիայի եղբորը, և թագավորեց Հովակիմը Հուդայի և Երուսաղեմի վրա։ 36Հովակիմը բանտարկեց Իսրայելի տան մեծամեծներին և իշխաններին, ձերբակալեց իր եղբայր Զարային և ուղարկեց Եգիպտոս։ 37Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավորեց Հուդայի և Երուսաղեմի վրա ու Տիրոջ առջև չար գործեր արեց։ 38Նրա օրոք բաբելոնացիների արքա Նաբուքոդոնսորը ելավ, շղթայեց նրան պղնձե կապանքներով ու տարավ Բաբելոն։ 39Նաբուքոդոնոսորը առավ նաև Տիրոջ տան սպասքներից և տարավ դրեց իր կուռքերի տանը՝ Բաբելոնում։ 40Այս ամենի, ինչպես և նրա պղծությունների ու անօրենությունների մասին գրված է թագավորների ժամանակագրություններում։
41Նրա փոխարեն թագավորեց նրա որդի Հովաքինը, որ տասնութ տարեկան էր։ 42Նա Երուսաղեմում թագավորեց երեք ամիս և տասը օր ու Տիրոջ առջև չար գործեր արեց։ 43Մի տարի անց Նաբուքոդոնոսորը նրան բերել տվեց Բաբելոն Տիրոջ տան գանձերի հետ միասին։
44Եվ Հուդայի Երուսաղեմի վրա թագավոր կարգեց Սեդեկիային։ Սեդեկիան քսանմեկ տարեկան էր և թագավորեց տասնմեկ տարի։ 45Նա Տիրոջ առջև չար գործեր արեց, հետ չկանգնեց իր չարագործությունից ու չանսաց Երեմիա մարգարեի խոսքերին, որ խոսեց նրա հետ Տիրոջ անունից։ 46Եվ հավատարիմ չմնաց այն երդմանը, որ Տիրոջ անունով տվեց Նաբուքոդոնոսոր արքային, այլ ստեց ու հեռացավ Նաբուքոդոնոսորից և խստացնելով իր պարանոցն ու սիրտը՝ անտեսեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու օրենքները։
47Ժողովրդի իշխաններն ու քահանաները նույնպես բազմաթիվ ամբարշտություններ գործեցին, անօրինացան և հեթանոսներից ավելի բազմացրին իրենց պղծություններն ու պղծեցին Տիրոջ սուրբ տաճարը Երուսաղեմում։ 48Նրանց հայրերի Աստվածը նրանց մոտ ուղարկեց իր պատգամաբերներին ու մարգարեներին, որ դարձի գան, որովհետև խնայում էր նրանց և իր սուրբ տաճարը։ 49Նրանք արհամարհեցին նրա պատգամաբերներին և այն օրը, երբ Տերը խոսում էր նրանց հետ, կատակում և ծաղրում էին նրա մարգարեներին։ Տերը բարկացավ նրանց ազգի վրա ու նրանց ամբարշտության համար քաղդեացիների թագավորներին ուղարկեց նրանց դեմ։ 50Նրանք սրով սպանեցին նրանց երիտասարդներին և նրանց արյունը թափեցին սուրբ տաճարի շուրջը՝ չխնայելով նրանց մանուկներին, կույսերին, ծերերին ու երիտասարդներին, այլ բոլորին տվեց նրանց ձեռքը։ 51Նաև Տիրոջ տան բոլոր մեծ ու փոքր սպասքը, Տիրոջ տապանակի սպասքը, Իսրայելի թագավորի գանձերը ամբողջությամբ առնելով՝ տարան Բաբելոն։ 52Նրանք հրկիզեցին Տիրոջ տաճարը, քանդեցին Երուսաղեմի պարիսպը, հրով այրեցին նրա աշտարակները, 53որ դարձավ նրա փառքի վախճանը։ Իսկ մնացածներին սրի առջևից վարելով՝ գերեցին Բաբելոն։ 54Եվ մինչ պարսից թագավորությունը, մնացին նրանց ու նրանց որդիների ծառայության տակ, որպեսզի կատարվեր Տիրոջ խոսքը, որ ասվեց Երեմիա մարգարեի բերանով. 55«Մինչև որ հողը չվայելի իր շաբաթները, իր ամայացման ողջ շրջանում թող շաբաթանա, մինչև որ լրանա յոթանասուն տարի»։