Զաքարիա մարգարեյի գիրք
6
ը) ՉՈՐՍ ԿԱՌՔԵՐԻ ՏԵՍԻԼՔԸ
1Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսնում էի. ահա չորս կառքեր դուրս էին գալիս լեռների արանքից, եւ լեռները պղնձեայ լեռներ էին։ 2Առաջին կառքին լծուած էին աշխէտ ձիեր, երկրորդ կառքին՝ սեւ ձիեր, 3երրորդ կառքին՝ սպիտակ ձիեր, եւ չորրորդ կառքին՝ պէսպէս, պուտաւոր ձիեր։ 4Ես հարցրի եւ ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»։ 5Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են կանգնելու ամբողջ աշխարհի Տիրոջ առաջ»։ 6Այն կառքը, որին սեւ ձիեր էին լծուած, գնում էր դէպի հիւսիսի երկիր, սպիտակ ձիերինը՝ նրա յետեւից, 7աշխէտ ձիերինը գնում էր դէպի հարաւի երկիր, իսկ պուտաւոր ձիերինը ելնում ու ձգտում էր շրջել ամբողջ երկրում։ Եւ Տէրն ասաց. «Գնացէ՛ք եւ շրջեցէ՛ք երկրով մէկ»։ Եւ նրանք շրջեցին երկրով մէկ։ 8Տէրը ձայն տուեց եւ ասաց ինձ. «Ահա, նրանք, որ գնում են դէպի հիւսիսի երկիր, հանգցրին իմ բարկութիւնը հիւսիսի երկրի նկատմամբ»։
ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՅՈՍԻԱՅԻ ՊՍԱԿԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
9Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. «Դու ինձ համար կը վերցնես գերութեան մէջ գտնուող այդ իշխաններից, պիտանի մարդկանցից եւ գիտուններից 10եւ այն օրը կը մտնես Սոփոնիայի որդի Յոսիայի տունը, որ եկել է Բաբելոնից։ 11Ոսկի եւ արծաթ կը վերցնես, պսակներ կը պատրաստես, կը դնես Յոսեդեկ մեծ քահանայի որդի Յեսուի գլխին 12եւ կ’ասես նրան, թէ այսպէս ասաց Ամենակալ Տէրը. “Ահա այն մարդը, որի անունը Շառաւիղ է, նա պիտի ծագի իր արմատից եւ պիտի շինի Տիրոջ տաճարը։
13Նա քաջութիւն պիտի ստանայ, պիտի նստի եւ տիրի իր աթոռին։ Նրա աջ կողմում պիտի լինի քահանայ եւ խաղաղութեան խորհուրդ՝ երկուսի միջեւ։
14Այդ պսակը պիտի լինի նրանց համար, ովքեր ապաւինում են նրան, արժանի են նրան, ովքեր ճանաչում են այն, նաեւ Սոփոնիայի որդու շնորհների համար եւ Տիրոջ տաճարի երգերի համար”»։
15Եւ նրանք, ովքեր հեռու են, պիտի գան ու շինեն Տիրոջ տաճարը, եւ դուք պիտի իմանաք, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ ձեզ մօտ։ Այս բանը պիտի կատարուի, եթէ դուք ջանադիր ականջ դնէք ձեր Տէր Աստծու ձայնին։