Զաքարիա մարգարեյի գիրք

4

ե) ԱՇՏԱՆԱԿԻ ՏԵՍԻԼՔԸ

1Եւ հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, դարձաւ եւ արթնացրեց ինձ, ինչպէս մարդ արթնանում է իր քնից, եւ ասաց ինձ. 2«Ի՞նչ ես տեսնում դու»։ Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթը ճրագ, ճրագների վրայ՝ եօթը բերաններ»։ 3Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ, մէկը՝ վառուած գնդի աջ կողմում եւ մէկը՝ ձախ կողմում։ 4Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ես հարցրի եւ ասացի. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»։ 5Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»։ Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»։

ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՒՄԸ ԶՕՐԱԲԱԲԷԼԻՆ

6Պատասխան տուեց Հրեշտակը եւ ասաց ինձ. «Սա Տիրոջ խօսքն է Զօրաբաբէլին՝ ասուած ոչ թէ մեծ զօրութեամբ եւ ուժգնութեամբ, այլ իմ հոգո՛վ, - ասում է Ամենակալ Տէրը։ -

7Ո՞վ ես դու՝ մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զօրաբաբէլի առաջ, ես կը հանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»։

8Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց.

9«Զօրաբաբէլի ձեռքերը հիմք գցեցին այս Տանը եւ նրա ձեռքերն էլ կը կանգնեցնեն դա»։ Երբ դա պատահի, դու կ’իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ։ 10Արդարեւ, ո՞վ է նա, որ արհամարհեց փոքր գործերը եւ պիտի խնդայ. պիտի տեսնեն անագէ քարը Զօրաբաբէլի ձեռքին. սրանք են այն եօթը աչքերը, որ նայում են ամբողջ երկրին»։

11Պատասխանեցի եւ ասացի նրան. «Իսկ ի՞նչ են երկու ձիթենիները, որ կան աշտանակի աջ եւ ձախ կողմերում»։ 12Կրկին հարցրի եւ ասացի նրան. «Ի՞նչ են ձիթենու այն երկու ոստերը, որոնք երկու ոսկեայ ճրագաբերանների՝ երկու խողովակների միջոցով հեղում են ոսկեգոյն իւղը»։ 13Ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»։ Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»։ Եւ Նա ասաց ինձ. «Դրանք պարարտութեան որդիներն են, որ կանգնած են ամբողջ աշխարհի Տիրոջ առաջ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն