Զաքարիա մարգարեյի գիրք

3

դ) ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԻ ՏԵՍԻԼՔԸ

1Տէրը ցոյց տուեց ինձ մեծ քահանային, որ կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ. եւ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակուելու համար։ 2Տէրն ասաց սատանային. «Տէրը կը սաստի քեզ, ՛յ, Տէրը, որ ընտրեց Երուսաղէմը, կը սաստի քեզ. արդեօք նա կրակից փրկուած կիսախանձ մի փայտ չէ՞»։ 3Եւ Յեսուն, որ կեղտոտ հագուստներ էր հագել, կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ։ 4Հրեշտակը պատասխան տուեց եւ ասաց նրանց, որոնք կանգնած էին նրա առաջ. «Հանեցէ՛ք կեղտոտ հագուստները նրա վրայից»։ 5Եւ ասաց նրան. «Ահա վերացրի քեզնից քո անօրէնութիւնները։ Պարեգօ՛տ հագցրէք նրան եւ սուրբ խո՛յր դրէք նրա գլխին»։ Սուրբ խոյր դրեցին նրա գլխին եւ հագցրին նրան։ 6Տիրոջ Հրեշտակը կանգնած էր։ Տիրոջ Հրեշտակը վկայութիւն տուեց Յեսուին եւ ասաց.

7այսպէս ասաց Ամենակալ Տէրը. “ Եթէ իմ ճանապարհներով գնաս եւ պահես իմ հրամանները, դու կը լինես դատաւորը իմ Տան. եւ եթէ պահես իմ գաւիթները, քեզ կը դարձնեմ մէկը նրանցից, որոնք ահա շրջում են դրանց մէջ։

8Բայց լսի՛ր, Յեսու մե՛ծ քահանայ, դո՛ւ եւ քո մերձաւորները, որ նստած են քո առաջ, քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են։

9Ահա ես բերում եմ իմ ծառային՝ Շառաւիղին, քանի որ այն քարի վրայ, որ դրեցի Յեսուի դիմաց, եօթը աչքեր կան. ահա ես խորխորատ պիտի փորեմ, - - ասում է Ամենակալ Տէրը, - եւ պիտի շօշափեմ այդ երկրի ամբողջ անօրէնութիւնը մէկ օրում։

10Այն օրը, - ասում է Ամենակալ Տէրը, - բոլորդ պիտի կանչէք, իւրաքանչիւրն իր ընկերոջը, որթատունկի եւ թզենու տակ”։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն