Զաքարիա մարգարեյի գիրք
2
գ) ՉԱՓԵԼՈՒ ԼԱՐԻ ՏԵՍԻԼՔԸ
1Բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ. ահա մի մարդ, որ իր ձեռքում ունէր երկրաչափի լար. 2ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Ասաց ինձ. «Գնում եմ չափելու Երուսաղէմը եւ տեսնելու, թէ որքա՞ն է նրա լայնութիւնը եւ որքա՞ն՝ երկարութիւնը»։ 3Եւ ահա Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, կանգնած էր այնտեղ. մի ուրիշ Հրեշտակ ելաւ նրան ընդառաջ 4եւ ասաց նրան. «Գնա՛, խօսի՛ր այդ երիտասարդի հետ եւ կ’ասես. “Երուսաղէմը իր մէջ եղող մարդկանց եւ անասունների առատութիւնից կը դառնայ պտղալից”»։
5«Ես հրեղէն պարիսպ կը լինեմ նրա շուրջը եւ կ’ապրեմ նրա մէջ իր փառքի համար», - ասում է Տէրը։
ՏԻՐՈՋ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՐԱՒԷՐ
6«Հէ՛յ, հէ՛յ, փախէ՛ք հիւսիսի երկրից, - ասում է Տէրը, - քանզի երկնքի չորս կողմերից պիտի հաւաքեմ ձեզ, - ասում է Տէրը։
7Դէպի Սիոն դիմելով՝ փրկեցէ՛ք ձեզ, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։
8Այսպէս է ասում Ամենակալ Տէրը։ Փառքի յետեւից նա ուղարկեց ինձ այն ազգերի մէջ, որոնք կողոպտեցին ձեզ, քանի որ, ով որ մօտենում է ձեզ, նման է նրան, ով հարուածում է իր աչքի բիբին։ 9Ահաւասիկ ես իմ ձեռքը կը տարածեմ նրանց վրայ, նրանց ծառայեցնողները աւար կը դառնան, եւ դուք կ’իմանաք, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ։
10«Խնդա՛ եւ ուրախացիր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կը գամ եւ կը բնակուեմ քո մէջ, - ասում է Տէրը, -
11եւ այդ օրը շատ ազգեր կ’ապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կը դառնան ու կը բնակուեն քո մէջ»։ Երբ դա պատահի, դու կ’իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ։ 12Տէրը կը ժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կը լինի Երուսաղէմի հանդէպ, 13եւ ամէն մարմին երկիւղ կը կրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից։