Իմաստութիւն Սողոմոնի
9
ԱՂՕԹՔ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին.
2եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին,
3սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհը եւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։
4Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնից եւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։
5Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ եւ կարճատեւ կեանքի տէր, ես հասուն չեմ դատի ու օրէնքի իմացութեան մէջ։
6Եւ եթէ նոյնիսկ որեւէ մէկը կարող է կատարեալ լինել մարդու որդիների մէջ, բայց եթէ քո իմաստութիւնը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարուի։
7Դու ինձ ընտրեցիր քո ժողովրդի թագաւոր եւ քո տղաների եւ աղջիկների դատաւոր։
8Դու ասացիր, որ ես տաճար շինեմ քո սուրբ լերան վրայ եւ զոհասեղան՝ քո բնակութեան քաղաքում, քո այն սուրբ խորանի նմանութեամբ, որ սկզբից եւեթ, նախապէս, ինքդ պատրաստեցիր։
9Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքին ու որն է քո պատուիրաններին համապատասխան։
10Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ,
11քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կ’առաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կը պահպանի ինձ,
12իմ գործերն ընդունելի կը լինեն, ես արդարութեամբ կը դատեմ քո ժողովրդին եւ արժանի կը լինեմ իմ հօր գահին։
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԱՐԴՈՒՆ
13Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը.
14քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։
15Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։
16Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։
17Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։
18Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ։