Իմաստութիւն Սողոմոնի

8

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ ԻԴԷԱԼԱԿԱՆ

ԸՆԿԵՐԱԿԻՑ ՍՈՂՈՄՈՆԻ ՀԱՄԱՐ

1Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ, իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին։

2Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը։

3Փառաւոր է նրա ազնուական ծագումը, քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծու հետ, եւ բոլորի Տէրը սիրեց այն։

4Նա խորհրդակից է Աստծու իմաստութեանը եւ ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը։

5Եթէ կեանքում հարստութիւնն է ցանկալի ունեցուածքը, ապա ո՞ր հարստութիւնն է աւելի մեծ, քան իմաստութիւնը, որ կարող է ամէն ինչ անել։

6Եթէ իմացականութեամբ է, որ գործւում է այս կամ այն բանը, ապա ո՞վ կարող է առաւել լաւ ճարտարապետ լինել եղած բաների մէջ, քան իմաստութիւնը։

7Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է, որովհետեւ նա է, որ սովորեցնում է գիտութիւն եւ խոհեմութիւն, արդարամտութիւն եւ արիութիւն, որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում.

8իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտի անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ու ժամանակների ելքերը։

9Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից, գիտակցելով, որ նա խորհրդատու կը լինի ինձ համար եւ կը մխիթարի ինձ հոգսերից եւ տրտմութիւնից։

10Ես նրա շնորհիւ կը վաստակեմ ժողովրդի մէջ եւ պատիւ՝ ծերերի առջեւ։

11Դեռ պատանի՝ միտքս սուր կը լինի դատ ու դատաստանի ժամանակ, եւ ես փառաւոր կ’երեւամ հզօրների աչքին։

12Երբ լռեմ, պիտի սպասեն, որ ինձ լսեն, երբ սկսեմ խօսել, ուշադիր պիտի հետեւեն ինձ, եւ երբ խօսելիս լինեմ, պիտի զարմանքից ափ ի բերան մնան։

13Իմաստութեան շնորհիւ ես անմահութիւն պիտի գտնեմ եւ յաւերժ յիշատակ թողնեմ իմ յետնորդների մէջ։

14Դարման պիտի լինեմ ժողովուրդներին, եւ ազգերը պիտի հնազանդուեն ինձ։

15Սոսկալի բռնակալները պիտի սարսափեն ինձնից՝ լսելով իմ մասին. բազմութեան մէջ ես շնորհաշատ պիտի երեւամ եւ պատերազմի մէջ՝ առաքինի։

16Մտնելով իմ տունը՝ ես պիտի հանգստանամ իմաստութեան հետ, քանզի նրա ընկերակցութեան մէջ դառնութիւն չկայ, եւ նրա կեանքի հետ հաղորդակցուելն էլ վիշտ ու ցաւ չունի, այլ՝ ուրախութիւն եւ խնդութիւն։

ՍՈՂՈՄՈՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԽՆԴՐԵԼ

17Իմ մէջ խորհելով այսպէս՝ ես վճռեցի իմ սրտում, որ անմահութիւնը ազգակից է իմաստութեանը,

18որ բարիքների վայելչութիւնը բխում է նրա բարեկամութիւնից, անսպառ հարստութիւնը՝ նրա ձեռքի վաստակներից, իմաստութիւնը՝ նրա խօսքերի կրթութիւնից, փառքի ձեռքբերումը՝ նրա մտքերին հաղորդակից լինելուց, ուստի ես շրջում եւ փնտռում էի այն, որ վերցնէի ինձ մօտ։

19Ես մտավարժ մանուկ էի եւ բարի հոգու հանդիպեցի.

20մանաւանդ՝ խիստ ազնիւ էի, եւ մարմինս էլ՝ անարատ։

21Եւ այն էլ հասկացայ, որ եթէ ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն։ Իմաստութիւնը նաեւ այն է, որ ճանաչես, թէ ումից է շնորհը տրւում։ Ես ընկայ Տիրոջ առջեւ եւ ամբողջ սրտով աղաչեցի նրան։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն