Իմաստութիւն Սողոմոնի
3
ԱՐԴԱՐՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
1Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց։
2Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում,
3բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ։
4Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն,
5ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլարժանի գտաւ իրեն։
6Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց։
7Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով։
8Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը։
9Նրանք, որ իրենց յոյսը դրել են Աստծու վրայ, պիտի իմանան ճշմարտութիւնը, եւ նրանք, որ հաւատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները եւ ողորմութիւնը, եւ իր ընտրեալների համար է նրա այցելութիւնը։
10Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարութիւնն ու ապստամբեցին Տիրոջ դէմ, պիտի կրեն իրենց պատիժը՝ իրենց խորհուրդներին համապատասխան։
11Արդարեւ ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը։
12Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները։
ԱՒԵԼԻ ԼԱՒ Է ԱՄԼՈՒԹԻՒՆԸ, ՔԱՆ ԱՐԳԱՍԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ
13Երանելի է անարատ ամուլը, որ մեղքի անկողին չի ճանաչել. նա վարձ կ’ընդունի դատաստանի օրը։
14Նաեւ ներքինին, որ իր ձեռքով անիրաւութիւն չի գործել եւ ոչ էլ չարութիւն է խորհել Տիրոջ մասին, նրան ըստ իր հաւատի ընտիր շնորհ է տրուելու եւ ցանկալի վիճակ՝ Տիրոջ տաճարում։
15Արդարեւ, փառաւոր է բարի վաստակների պտուղը, եւ անսխալ՝ իմաստութեան արմատը։ 16Շնացողների որդիները լինելու են պակասաւոր, եւ պիտի ոչնչանայ ապօրինի անկողնու զաւակը։
17Եւ եթէ նոյնիսկ երկարակեաց էլ լինեն, ոչնչութիւն են համարուելու. իրենց կեանքի վախճանին էլ անարգուելու է նրանց ծերութիւնը։
18Իսկ եթէ շուտ էլ լինի նրանց վախճանը, յոյս չեն ունենալու, եւ ոչ էլ դատաստանի օրը՝ մխիթարութիւն։
19Այո՛, այսպէս է կարգը. անիրաւ սերնդին՝ չարաչար վախճան։