Իմաստութիւն Սողոմոնի
11
1Իմաստութիւնը սուրբ մարգարէի ձեռքով յաջողեցրեց նրանց գործերը։
2Նրանք շրջեցին անբնակ անապատում եւ վրաններ խփեցին անկոխ վայրերում,
3կանգնեցին պատերազմողների դէմ եւ վանեցին թշնամիներին,
4ծարաւեցին եւ աղերսեցին քեզ, նրանց ջուր տրուեց ապառաժ քարից, եւ նրանց պապակը յագեցաւ կարծր քարից։
5Արդարեւ, ինչ բանով որ պատժուեցին իրենց թշնամիները,
6նոյն այդ բանից նրանք, երբ կարիքի մէջ էին, բարերարութիւն գտան։
7Արիւնով կարմրած եւ ալեխռով մշտնջենական գետի փոխարէն,
8որպէս կշտամբանք մանկակոտոր հրամանի, դու առատ ջուր տուիր անյոյսներին՝
9ցոյց տալով, թէ ծարաւի ժամին ինչպէս ես տանջել հակառակորդներին.
10երբ իրենց պատժի չափն առան, քո ողորմածութեամբ խրատուած՝ հասկացան, թէ ինչպէս են տանջւում քո բարկութեամբ դատապարտուած ամբարիշտները։
11Սրանց, իբրեւ խրատող հայր, փորձութեան ենթարկեցիր, իսկ ամբարիշտներին, իբրեւ խիստ թագաւոր, կշտամբեցիր դատապարտելով։
12Նոյն վտանգին ենթարկուեցին թէ՛ հեռու եւ թէ՛ մօտիկ գտնուողները,
13եւ նրանց կրկին համակեց անցեալի յիշողութիւնների տրտմութիւնն ու հեծութիւնը,
14որովհետեւ, երբ նրանք լսում էին, թէ իրենց կրած պատժի միջոցով բարեպաշտները երախտիքի են արժանացել, ճանաչում էին քո չափը, Տէ՛ր։
ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԸ ՊԱՏԺՒՈՒՄ ԵՆ ՉԱՓԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ
15Դեռ երէկ եւ վաղուց ի վեր ում նրանք ուրացել եւ ծաղրում էին, դէպքերի վերջին ելքից դրդուած՝ զարմացան, թէ իրենք արդարների նման չէին եւ պիտի ծարաւէին։
16Իրենց անիրաւ ու անմիտ մտածումների փոխարէն, որոնցով մոլորուած՝ նրանք անխօս սողուններ եւ վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրայ արձակեցիր անբան անասունների մի բազմութիւն՝ վրէժխնդիր լինելու համար,
17որպէսզի գիտենան, թէ ինչով որ մեղանչում է մարդ, նոյն բանով էլ պիտի պատժուի։
18Ամենազօր քո ձեռքի համար, որ անկերպարան նիւթից հաստատեց այս աշխարհը, դժուար չէր արձակել նրանց վրայ արջերի մի բազմութիւն կամ վայրագ առիւծներ
19կամ նորաստեղծ, անծանօթ կատաղի այլ գազաններ՝ հուր ու կրակ շնչող, շարաւալից ծուխ արձակող, աչքերից սաստիկ կայծեր փայլատակեցնող։
20Նրանց խորտակելու համար բաւական էր ոչ միայն դրանց պատճառած վնասը, այլեւ դրանց տեսքից զգացուած սարսափը կը սպանէր նրանց։
21Բայց առանց դրան էլ նրանց կարող էին կործանել՝ մի հողմով իսկ հալածելով ու ցրելով նրանց քո հոգու զօրութեամբ եւ արդարադատութեամբ։
22Բայց դու ամէն ինչ կարգեցիր չափով, թուով ու կշռով, որովհետեւ իւրաքանչիւր ժամ քեզ հետ է քո ամենազօր ուժը, եւ ո՞վ կարող է դէմ կանգնել քո բազկի զօրութեանը,
23որովհետեւ ամբողջ աշխարհը քո առջեւ է իբրեւ կշեռքի նժար եւ կամ ինչպէս ցօղի մի կաթիլ, որ իջնում է երկիր։
24Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետեւ կարող ես անել ամէն բան եւ թողնում ես, որ ապաշխարութեամբ քաւուեն մարդկային մեղքերը։
25Քանի որ ատելո՛վ չէ, որ ստեղծել ես ամէն ինչ, այդ պատճառով էլ սիրում ես ինչ որ կայ եւ գարշանք չես զգում քո արարածներից եւ ոչ մէկից։
26Ինչպէ՞ս կարող էր որեւէ բան լինել, եթէ դու չկամենայիր, եւ ինչպէ՞ս կարող էր գոյատեւել մի բան, եթէ դու գոյութեան կանչած չլինէիր այն։
27Խնայի՛ր բոլորին, ո՛վ հոգեսէր Տէր, քանզի քոնն է ամէն բան։