Իմաստութիւն Սողոմոնի
10
ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ.
ԱԴԱՄԻՑ ՄԻՆՉԵՒ ՄՈՎՍԷՍ
1Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին։
2Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։
3Իսկ անիրաւը բարկութեամբ հեռացաւ դրանից եւ կործանուեց իր եղբայրասպան զայրոյթի մէջ։
4Դրա համար էլ իմաստութիւնը երկրորդ անգամ փրկեց հեղեղուած երկիրը չնչին այն փայտի շնորհիւ, որի նաւապետն էր արդարը։
5Իմաստութիւնն էր նոյնպէս, որ միաբանութեամբ չարութեան մէջ խռնուած ազգերի միջից ճանաչեց արդարին, նրան անարատ պահեց Աստծու առջեւ եւ հզօրին պահպանեց որդու նկատմամբ տածած գթութեամբ։
6Իմաստութիւնն ամբարիշտների կորստի ժամանակ փրկեց արդարին՝ փախցնելով նրան հինգ քաղաքների վրայ իջնող հրից,
7ուր որպէս չարիքի վկայ՝ հողերը ծխալով դեռեւս մնում են խոպան, ուր պտղատու տունկերը ժամանակին պտուղ չեն տալիս, եւ ուր որպէս անհաւատ հոգու յիշատակ՝ կանգուն է աղի արձանը։
8Զանց անելով իմաստութիւնը՝ նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլեւ աշխարհում անմտութեան յիշատակ թողեցին, որպէսզի իրենց յանցանքները ծածկուած չմնան։
9Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։
10Նա եղբօր բարկութիւնից փախածին առաջնորդեց դէպի ուղիղ շաւիղներ, ցոյց տուեց նրան Աստծու արքայութիւնը եւ սրբութիւնները ճանաչելու գիտութիւնը։ Յաջողութիւն եւ շահ տուեց նրան իր տքնութիւնների մէջ եւ բազմացրեց նրա վաստակը։
11Բռնացողների ագահութիւնից պաշտպանեց նրան,
12աւելի հարստացրեց նրան եւ պահպանեց թշնամիներից։ Նրան զգուշացրեց դարանակալներից եւ յաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպէսզի գիտենայ, թէ աստուածպաշտութիւնը զօրաւոր է ամէն բանից։
13Իմաստութիւնը չլքեց վաճառուած արդարին, այլ մեղքերից փրկեց նրան,
14նրա հետ իջաւ փոսը եւ կապանքների մէջ չթողեց նրան, մինչեւ իսկ նրա ձեռքը թագաւորական գաւազան դրեց եւ նրան իշխանութիւն տուեց իրեն նեղողների վրայ, ցոյց տուեց, որ ստախօսներ էին իրեն բամբասողները, եւ յաւիտենական փառք տուեց նրան։
ԵԼՔ
15Իմաստութիւնը փրկեց սուրբ ժողովրդին եւ անարատ սերնդին՝ իրեն նեղող ազգի ձեռքից։
16Իմաստութիւնը մտաւ Տիրոջ ծառայի հոգու մէջ եւ հրաշագործութիւններով ու սքանչելիքներով դիմագրաւեց ահազդու թագաւորներին.
17սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղաւ, իսկ գիշերը՝ աստղալոյս։
18Նրանց անցկացրեց Կարմիր ծովով եւ տարաւ նրանց առատ ջրերի միջով։
19Ընկղմեց նրանց թշնամիներին, իսկ իրենց վերեւ հանեց անդնդի խորքերից։
20Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին եւ օրհնեցին, Տէ՛ր, քո սուրբ անունը. քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։
21Իմաստութիւնը բացեց համրերի բերանը եւ յստակախօս դարձրեց մանուկների լեզուն։