Տոբիթ

8

ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԳԻՇԵՐԸ

1Երբ նրանք ընթրելն աւարտեցին, Տուբիին տարան աղջկայ մօտ։ 2Երբ նա ներս մտաւ, յիշեց Ռափայէլի խօսքերը, վերցրեց խնկի մոխրախառն կրակը, նրա վրայ դրեց ձկան սիրտն ու լեարդը եւ ծխեց. իսկ երբ դեւն առաւ այդ հոտը, փախաւ Եգիպտոսի սահմանների վերին կողմը, 3եւ Հրեշտակը կապեց նրան։ Երբ երկուսով անկողին մտան, Տուբին ելաւ մահճից եւ ասաց. 4«Քո՛յր, դո՛ւ էլ արի, աղօթենք, որպէսզի մեզ ողորմի»։ Տուբին սկսեց աղօթել ու ասաց.

7«Օրհնուած ես դու, մեր հայրերի Տէ՛ր Աստուած, օրհնուած է քո սուրբ անունը եւ փառաւորուած յաւիտեան, թո՛ղ քեզ փառաբանեն երկինքը եւ քո բոլոր արարածները։

8Դո՛ւ ստեղծեցիր Ադամին եւ նրան օգնական տուիր Եւային, նրա կնոջը որպէս զօրավիգ տուիր նրան. նրանցից եղան մարդկանց բոլոր զաւակները. դո՛ւ ասացիր, թէ՝ “Լաւ չէ, որ մարդ լինի մենակ, նրա համար իրեն նման օգնական ստեղծենք”։

9Այժմ, Տէ՛ր, այս քրոջս առնում եմ ոչ թէ պոռնկութեան համար, այլ՝ արդարութեամբ, որպէս ։

10Նայի՛ր, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ, որպէսզի մենք միասին ծերանանք»։ Եւ աղջիկն աղօթում էր նրա հետ։ Այն գիշեր նրանք քնեցին երկուսով՝ միասին։

11Իսկ Ռագուէլը գնաց եւ նրա համար գերեզման փորեց, 12քանզի վախենում էր, թէ գուցէ նա էլ մեռնի։ 13Ռագուէլը եկաւ եւ ասաց իր կին Հեդնային. 14«Աղախիններից մէկին ուղարկի՛ր, որպէսզի տեսնի, թէ կենդանի՞ է արդեօք, իսկ եթէ ոչ, կը թաղենք նրան, եւ ոչ ոք չի իմանայ»։ 15Աղախինը ներս մտաւ ու տեսաւ, որ երկուսով քնած են։ 16Նա դուրս ելաւ ու ասաց, որ կենդանի են։

ՌԱԳՈՒԷԼԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ

17Ռագուէլը օրհնեց Աստծուն ու ասաց. «Օրհնուած ես դու, Տէ՛ր Աստուած, քո բոլոր օրհնութիւնների ու փառքերի մէջ. թող քեզ օրհնեն քո բոլոր սրբերը, քո բոլոր ստեղծածները, քո ընտրեալները թող քեզ օրհնեն յաւիտեան։

18Օրհնուած ես դու, Տէ՛ր Աստուած, որովհետեւ ուրախացրիր ինձ, եւ ինձ հետ չպատահեց այն, ինչ թւում էր ինձ, այլ մեզ հետ վարուեցիր ըստ քո մեծ ողորմութեան։

19Օրհնուած ես դու, Տէ՛ր, որովհետեւ ողորմեցիր այս երկու միամօրիկ զաւակներին, Տէ՛ր, սրանց համար արա՛ քո ողորմութիւնները, թո՛ղ սրանց կեանքն աւարտուի առողջութեամբ եւ ուրախութեամբ»։

20Եւ նա իր ծառաներին հրամայեց լցնել գերեզմանը։

22Ապա տասնչորս օր արեց նրանց հարսանիքը։ 23Ռագուէլն ասաց Տուբիին. «Երդուեցնում եմ քեզ. դու այստեղից չես գնայ, մինչեւ չաւարտուի հարսանիքի տասնչորս օրը. 24իսկ յետոյ կը վերցնես իմ ունեցուածքի կէսը, դու եւ աղջիկը խաղաղութեամբ կը գնաք քո հօր մօտ, իսկ երբ ես եւ իմ կինը մեռնենք, դուք կը վերցնէք մնացած մեր ամբողջ ունեցուածքը»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն