Տոբիթ

3

ՏՈԲԻԹԻ ԱՂՕԹՔԸ

1Ես տխրեցի ու լաց եղայ. վեր կացայ եւ զայրացած սրտով սկսեցի աղօթել ու ասել.

2«Տէ՛ր, արդար ես դու, եւ քո բոլոր գործերն ու ճանապարհները ողորմութիւն են. դատաստաններդ ճշմարիտ են, եւ միշտ արդար ես դատում.

3նայի՛ր եւ յիշի՛ր ինձ, մի՛ հատուցիր ինձ ըստ իմ մեղքերի եւ ըստ իմ չարիքների, նաեւ իմ հայրերի գործած չարիքների համար, որոնք մեղանչեցին քո առաջ։

4Նրանք անտեսեցին քո պատուիրանները, դու մեզ յափշտակութեան, գերութեան եւ մահուան մատնեցիր, նախատինքի նշաւակ դարձրիր բոլոր ժողովուրդների առաջ, որոնց մէջ եւ ցրուած ենք։ Արդ, Տէ՛ր, այժմ բազում են քո արդար դատաստանները, որ արեցիր իմ եւ մեր հայրերի հետ,

5որովհետեւ մենք քո պատուիրանները չկատարեցինք եւ արդարութեամբ չընթացանք քո առջեւ։

6Այժմ ինձ հետ վարուի՛ր ըստ քո կամքի հաճութեան եւ իմ հոգին առնելու հրաման տուր, որպէսզի ազատուեմ հոգուցս եւ հող դառնամ, որովհետեւ ինձ համար մեռնելն աւելի լաւ է, քան իմ այս կեանքը, քանի որ անտեղի նախատինքներ լսեցի, եւ տրտմութիւնն իմ մէջ շատ է. ազատի՛ր ինձ իմ վշտերից, ուղարկի՛ր յաւիտենական հանգըրուան եւ քո երեսը մի՛ շրջիր ինձանից»։

ՍԱՌԱՅԻ ԿՐԱԾ ՆԱԽԱՏԻՆՔՆԵՐԸ

7Նոյն օրն իսկ իմացել էր այն, ինչ կատարուել էր Ռագուէլի դուստր Սառայի հետ, որ Մարաստան երկրի Եկբատան քաղաքում էր. 8իր հօր աղախինները նախատում էին աղջկան, որն ամուսնութեան էր տրուել եօթը մարդու, իսկ Ազմոդեւս չար դեւը սպանում էր նրանց՝ աղջկան մերձենալուց առաջ, համաձայն այր ու կնոջ մերձեցման կարգի։ Աղախինները նրան նախատում էին ու ասում. «Չգիտե՞ս, որ խեղդում ես քո ամուսիններին, որովհետեւ արդէն եօթը մարդ առար եւ ոչ մէկին չվայելեցիր. 9ուրեմն մեզ ինչո՞ւ ես տանջում, ինչո՞ւ դու էլ նրանց հետ չմեռար, որպէսզի մենք երբեք չտեսնենք քո զաւակին»։

10Երբ աղջիկն այս լսեց, շատ տխրեց ու ցանկանում էր խեղդել իրեն։ Նա ասում էր. «Ես իմ հօր միամօր զաւակն եմ, ուրեմն եթէ անեմ այս, նրան անարգանք կը բերեմ ու ծերունուն ցաւերով կ’իջեցնեմ»։

ՍԱՌԱՅԻ ԱՂՕԹՔԸ

11Եւ նա սկսեց աղօթել այն պատուհանի մօտ, որ նայում էր դէպի ։ Նա ասում էր.

13«Օրհնուած ես դու, Տէ՛ր Աստուած իմ, եւ յաւիտեան օրհնուած է քո սուրբ եւ պատուական անունը։

14Այժմ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով աղաչում եմ քեզ

15եւ խնդրում, որ հոգիս մարմնիցս ազատես, որպէսզի այլեւս նախատինքներ չլսեմ.

16քանզի, Տէ՛ր, դու գիտես, որ իմ կուսութեամբ մաքուր եմ բոլոր մեղքերից,

17չեմ աղտոտել իմ անունն ու իմ հօր անունը, իմ հօր միամօր զաւակն եմ, նա ուրիշ որդի չունի, որ ժառանգ լինի իրեն։ Նա ո՛չ մերձաւոր , ո՛չ էլ եղբօրորդի ունի, որպէսզի նրան կնութեան գնալու համար պահպանեմ անձս, որովհետեւ ահա արդէն եօթը ամուսիններս մահացան, այլեւս ինչի՞ համար ապրեմ հիմա։ Իսկ եթէ մահս չես ցանկանում, Տէ՛ր, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր, որպէսզի այլեւս նախատինքներ չլսեմ»։

24Եւ երկուսի աղօթքներն էլ լսելի եղան մեծ Ռափայէլին։ 25Նա ուղարկուեց բժշկելու երկուսին էլ՝ Տոբիթի աչքերից հատերը վերացնելու եւ Ռագուէլի դուստր Սառայից Ազմոդեւս դեւին հանելու, նրան կնութեան տալու Տոբիթի որդի Տուբիին, որովհետեւ հէնց Տուբիին էր վիճակուած ժառանգել նրան։ Այդ նոյն պահին Տոբիթը շրջուեց ու մտաւ իր , իսկ Ռագուէլի դուստր Սառան իջաւ իր վերնասենեակից։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն