Տոբիթ
2
ՏՈԲԻԹԸ ԿՈՒՐԱՆՈՒՄ Է
1Պենտեկոստէի մեծ տօնին, որ եօթներորդ շաբաթուայ սուրբ տօնն է, ինձ համար ճոխ ճաշ պատրաստեցին, եւ ես նստեցի ուտելու եւ խմելու։ 2Իմ առջեւ բազմաթիւ խորտիկներ տեսայ եւ որդուս ասացի. «Գնա՛ եւ մեր աղքատ եղբայրներից ում գտնես՝ բե՛ր, իսկ ես կը սպասեմ քեզ»։ 3Նա եկաւ եւ ասաց. «Հա՛յր, մեր ազգից մէկը, որի ոտքերը քայքայուած ու կոճերն ընկած են, այնտեղ՝ հրապարակում ընկած մեռած է»։ 4Ես, քանի դեռ չէի ճաշել, գնացի, վերցրի նրան եւ արեգակի մայր մտնելուց առաջ բերի իմ տուն։ 5Իսկ երեկոյեան լուացուեցի եւ տրտմութեամբ ուտում էի իմ հացը։ 6Յիշեցի Ամոսի մարգարէութիւնը, թէ ինչպէս նա ասել էր. «Ձեր տօները սուգ կը դառնան, եւ ձեր բոլոր ուրախութիւնները՝ տրտմութիւն»։ Եւ ես դառնօրէն արտասուեցի։ 7Երբ արեգակը մայր մտաւ, գերեզման փորեցի եւ թաղեցի նրան։ 8Իսկ իմ մերձաւորները ծաղրում էին ինձ եւ ասում. «Այժմ էլ չի՞ վախենում այս գործերի պատճառով մեռնելուց, որովհետեւ դրա համար հալածուեց, եւ կրկին եկել՝ դիակներն է թաղում»։
9Նոյն գիշերը, դիակը թաղելուց յետոյ, վերադարձայ եւ, պղծուած լինելով, պառկեցի գաւթի պատի մօտ. 10երեսս էլ չծածկեցի։ 18Չգիտէի, որ առաստաղին ճնճղուկներ էին նստած, ու բաց աչքերով վերեւ էի նայում, իսկ նրանց ձագերը տաք-տաք ծրտում էին աչքերիս մէջ. դրանից աչքերիս մէջ հատեր գոյացան։ Գնացի բժիշկների մօտ, բայց նրանք ինձ չօգնեցին։ Մինչեւ Ելիմադիա գնալս Աքիաքարոսն ինձ կերակրում էր իր ծախսով։ 19Իսկ իմ կինն իր ձեռքով մանում ու գործում էր եւ տալիս գործատէրերին, 20սրանք էլ տալիս էին նրա վարձը։ Մի անգամ էլ վարձից բացի նրան տուեցին նաեւ մի ուլ։ 21Երբ նա եկաւ ինձ մօտ, սկսեց ինձ հետ վիճել. ես նրան ասացի. «Դու որտեղի՞ց բերեցիր այդ ուլը, մի՞թէ գողացուած է. տա՛ր, տո՛ւր իր տէրերին, որովհետեւ ինձ համար գողացուածը ուտելն օրէնք չէ»։ 22Իսկ կինս ասաց. «Պատիւ արեցին ինձ՝ վարձիս հետ տուին»։ Բայց ես չհաւատացի նրան, այլ ստիպում էի ուլը տալ իր տէրերին։ Ես նրա կողմից ամօթանքի արժանացայ. նա ինձ ասաց. «Հիմա ո՞ւր են քո ողորմութիւններն ու արդարութիւնները, ահա թէ ինչպէ՜ս յայտնի եղան քեզ»։