Երգ Երգոց
4
ՄԱՐԴԸ
1«Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների՝ հարսնաքօղիդ տակ։ Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։
2Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, եւ ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։
3Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսած նռան՝ հարսնաքօղիդ տակ։
4Քո պարանոցը նման է Դաւթի աշտարակին, որ շինուած է Թալպիոթում. հազար վահան է կախուած նրանից, նաեւ՝ ռազմիկների բոլոր նետերը։
5Քո երկու ստինքները նման են այծեամի երկուորեակ ուլերի, որոնք արածում են շուշանների մէջ,
6մինչեւ ցերեկն անցնի, եւ ստուերները շարժուեն։ Ես էլ առանձին գնամ զմուռսի սարը եւ կնդրուկի բլուրը։
7Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկայ քո մէջ։
8Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ եկ Լիբանանից. արի անցի՛ր Հաւատքի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի կատարներից, առիւծների որջերից եւ ինձերի լեռներից։
9Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս, քո մի հայեացքով, քո պարանոցի մի մանեակով կարօտով լցրիր սիրտը մեր։
10Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները, եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։
11Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ. եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։ 12Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս, փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։
13Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով, 14նարդոս են ու քրքում, խնկեղէգն ու կինամոն՝ Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝ բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ,
15բուրաստանների աղբիւր են եւ կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։
ԿԻՆԸ
16Վե՛ր կաց, հիւսիսի՛ քամի, եւ ե՛կ, հարաւի՛ հով, փչի՛ր իմ պարտէզի մէջ, եւ թող իմ խնկերն իրենց բոյրը տարածեն։