Սիրաք

9

ԽՈՀԵՄՈՒԹԵԱՆ ԽՐԱՏՆԵՐ

1Մի՛ խանդիր սրտակից կնոջդ եւ չար խորհուրդներ մի՛ յարուցիր քո նկատմամբ։

2Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպէսզի նա չիշխի քեզ վրայ։

3Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպէսզի յանկարծ նրա որոգայթների մէջ չընկնես։

4Մի՛ յաճախիր երգող ու կաքաւող կնոջ մօտ, որպէսզի յանկարծ կուլ չգնաս նրա լրբութեանը։

5Երկար մի՛ նայիր կոյսին, որպէսզի չգայթակղուես նրա հմայքով։

6Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպէսզի չկորցնես քո ունեցուածքը։

7Դէս ու դէն մի՛ գցիր աչքերդ քաղաքի փողոցներում եւ մի՛ թափառիր նրա աւերակների մէջ։

8Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից եւ երկար մի՛ նայիր օտարի գեղեցկութեանը։

9Շատերը մոլորուեցին կնոջ գեղեցկութիւնից. դրանից կրակի նման սէր է բորբոքւում։

12Ամենեւին մի՛ նստիր ամուսնացած կնոջ մօտ եւ նրա հետ մի՛ խմիր. գուցէ քո անձը շեղուի դէպի նա, եւ քո հոգով կորստեան մատնուես։

14Մի՛ լքիր հին բարեկամին, քանզի նորը հաւասար չէ նրան։

15Նոր գինի՝ նոր բարեկամ. երբ հնանայ, ուրախութեա՛մբ վայելիր։

16Մեղաւորի փառքին մի՛ նախանձիր, որովհետեւ չգիտես, թէ ինչպիսին կը լինի նրա կործանումը։

17Հաւանութիւն մի՛ տուր ամբարիշտների հաւանած բանին. յիշի՛ր, որ մինչեւ չես արդարանայ։

18Հեռո՛ւ մնա այն մարդուց, որ սպանելու իշխանութիւն ունի, եւ դու չես տագնապի մահուան երկիւղից։

19Եթէ մօտ էլ լինես, զգո՛յշ եղիր սխալ գործելուց, որպէսզի նա չխլի կեանքդ.

20համարի՛ր, թէ որոգայթների միջով ես անցնում եւ քաղաքի պարիսպների վրայով ես քայլում։

21Ըստ քո կարողութեան ճանաչի՛ր մերձաւորիդ եւ իմաստունների հետ խորհրդակցի՛ր։

22Արդարները թող քո սեղանակիցները լինեն, եւ Տիրոջ երկիւղը՝ քո պարծանքը։

23Զրուցի՛ր իմաստունների հետ, եւ քո բոլոր զրոյցները թող լինեն Բարձրեալի Օրէնքի մասին։

24Ճարտար վարպետները գովաբանւում են իրենց ձեռքի գործով, իսկ ժողովրդի առաջնորդը՝ իր իմաստուն խօսքով։

25Լեզուանի մարդը ահաւոր է իր քաղաքում, եւ ատելի է նա, ով յանդուգն է իր խօսքով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն