Սիրաք
33
ԱՂՕԹՔ ՏԻՐՈՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
1Ողորմի՛ր մեզ, բոլորի Տէր Աստուած, եւ նայի՛ր։
2Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մէջ։
3Քո ձեռքը բարձրացրո՛ւ օտար ազգերի վրայ, եւ նրանք թող տեսնեն քո զօրութիւնը։
5Ինչպէս նրանց առջեւ ցոյց տուեցիր մեր մէջ եղած քո սրբութիւնը, այնպէս մեր առջեւ ցո՛յց տուր նրանց մէջ եղած քո մեծութիւնը, եւ թող ճանաչեն քեզ, ինչպէս որ մենք ճանաչեցինք, քանզի չկայ Աստուած քեզանից բացի, Տէ՛ր։
6Նորոգի՛ր նշանները եւ նոր զարմանահրաշ գործե՛ր կատարիր։
7Փառաւորի՛ր քո ձեռքն ու աջ բազուկը։
8Զարթնեցրո՛ւ քո զայրոյթը եւ թափի՛ր բարկութիւնդ։
9Վերացրո՛ւ ախոյեանին, ոչնչացրո՛ւ թշնամուն։
10Փութա՛ հասնել ժամանակին եւ յիշի՛ր ժամադրութիւնը, եւ թող պատմեն քո մեծագործութիւնները։
11Կրակի բարկութեամբ թող ոչնչանայ սրից փախչողը, եւ ովքեր չարչարում են քո ժողովրդին, թող կորուստ գտնեն։
12Փշրի՛ր թշնամի այն իշխանների գլուխը, ովքեր ասում են. «Ոչ ոք չկայ մեզանից բացի»։
13Հաւաքի՛ր Յակոբի բոլոր ցեղերին, թող նրանց սիրտը լինի պայծառ, թող մտահոգուեն առատ խորտիկների սեղանների համար։ Նրանց դարձրո՛ւ քո ժառանգութիւնը, ինչպէս սկզբում էր։