Սիրաք

3

ԽՐԱՏ ՈՐԴԻՆԵՐԻՆ

2Լսեցէ՛ք ինձ՝ ձեր հօրը, որդինե՛ր, եւ արէ՛ք այդպէս, որպէսզի փրկուէք.

3քանզի Տէրը փառաւորում է հօրն իր զաւակների նկատմամբ եւ հաստատում մօր իրաւունքները որդիների վրայ։

4Ով պատւում է հօրը, քաւում է իր մեղքերը, եւ ով յարգում է իր մօրը, նման է գանձ դիզողի։

5Ով պատւում է հօրը, ինքն էլ կ’ուրախանայ իր որդիներով, եւ նրա աղօթքը լսելի կը լինի։

6Ով փառաւորում է հօրը, երկարակեաց կը լինի։

8Ով լսում է Տիրոջը, կը հանգստացնի իր մօրը եւ իր ծնողներին կը ծառայի այնպէս, ինչպէս տէրերին։

9Գործով եւ խօսքով պատուի՛ր քո հօրը, որպէսզի նրա կողմից օրհնութիւն գայ քեզ վրայ։

11Հօր օրհնութիւնը ամրացնում է որդիների տները, իսկ մօր անէծքը խարխլում է հիմքերը։

12Մի՛ փնտռիր քո հօր անարգանքի մէջ, որովհետեւ քո հօր անարգանքը փառք չէ քեզ համար։

13Արդարեւ, մարդու փառքը իր հօր պատուից է գալիս, որդիների նախատինքը՝ մօր անպատուութիւնից։

14Որդեա՛կ, զօրավի՛գ եղիր քո հօրը ծերութեան ժամանակ եւ նրան մի՛ տրտմեցրու իր կեանքի ընթացքում։

15Եւ եթէ պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։

16Ով հոգատար է հօր հանդէպ, չի մոռանայ նրան։

17Դրա փոխարէն չարը կը ներուի քեզ, քո նեղութեան օրը Տէրը կը յիշի քեզ եւ, ինչպէս սառոյցն է հալւում ջերմութիւնից, այնպէս էլ կը հալուեն քո մեղքերը։

18Ով լքում է հօրը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մօրը, անիծուած է Տիրոջից։

ՀԱՄԵՍՏՈՒԹԵԱՆ ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

19Որդեա՛կ, քո գործը հեզութեա՛մբ կատարիր եւ կը սիրուես ընտիր մարդկանցից։

20Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, եւ կը գտնես Տիրոջ առջեւ, քանզի մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ նա փառաւորում է իր կամքը կատարող խոնարհներին։

22Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, եւ այն, ինչ հզօր է քեզանից, մի՛ քննիր։ Մտքիդ մէջ պահի՛ր այն, ինչ հրամայուեց քեզ,

23քանզի քեզ պէտք չեն գաղտնի բաներ։

24Աւելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետեւ աւելի իմաստութիւն է տրուած քեզ, քան շատ մարդկանց։

26Արդարեւ, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, եւ դրանով չար մտածումը սողոսկեց նրանց միտքը։

27Ով որ սիրում է տագնապը, նրա մէջ էլ պիտի կորչի։

28Յամառ սիրտը ի վերջոյ չարաչար պիտի կործանուի,

29քանզի դաժան սիրտը ցաւերով կը ծանրանայ, եւ մեղաւորը մեղքերի վրայ մեղքեր կ’աւելացնի։

30Ամբարտաւանի հարուածներից բժշկութիւն չկայ, որովհետեւ չարութեան բոյսը արմատաւորուեց իր մէջ։

31Իմաստունի սիրտը իր միտքն է բերում առակը. իմաստունի ցանկութիւնն է, որ լինի լսող ականջ։

33Ջուրը հանգցնում է բորբոքուած կրակը, եւ ողորմածութիւնը քաւում է մեղքերը։

34Ով բարիք է հատուցում, պիտի յիշուի յետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն