Սիրաք
27
ԽՐԱՏՆԵՐ ՓՈՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1Շատերը մեղանչում են կայքի համար, եւ ով ուզում է շատացնել այն, դէմքը շրջում է։
2Ինչպէս իրար կից քարերի միջեւ ցից է խփւում,
3այնպէս էլ մեղքն է տեղ գտնում վաճառելու եւ գնելու միջեւ։
4Եթէ մէկը նախանձախնդրութեամբ հաստատակամ չէ Տիրոջ երկիւղի մէջ, արագ կը կործանուի նրա տունը։
5Մաղելիս մաղի մէջ աղբն է մնում, ինչպէս մարդու կղկղանքը՝ նրա մտքերի մէջ։
6Բրուտի անօթները փորձւում են կրակի մէջ, իսկ մարդը փորձւում է իր խորհուրդների մէջ։
7Ծառերի մշակութիւնը երեւում է նրա պտղից, ինչպէս խօսքից՝ մարդու սրտի խորհուրդները։
8Մի՛ գովիր մարդուն նրա խօսելուց առաջ. այսպէս են փորձում մարդկանց։
9Եթէ արդարութեան յետեւից գնաս, կը հասնես նրան, եւ այն կը հագնես իբրեւ փառքի զգեստ։
10Թռչունները հանգստանում են իրենց նմանների մօտ, եւ ճշմարտութիւնը վերադառնում է իրեն փնտռողների մօտ։
11Ինչպէս առիւծն է դարանակալ որսին, այնպէս էլ մեղքը՝ անիրաւութիւն անողին։
12Բարեպաշտի զրոյցը յարատեւ իմաստութիւն է, իսկ անզգամը լուսնի պէս այլափոխւում է։
13Խնայի՛ր ժամանակդ, երբ անմիտների մէջ ես, բայց տեւապէ՛ս մնա խելացիների հետ։
14Յիմարների զրոյցները ձանձրալի են, եւ ծաղրելու համար նրանք պիտի մեղքեր գործեն։
15Շատ երդուողի խօսքից ցցւում են լսողի մազերը, իսկ նրանց վէճը ականջ է խլացնում։
16Ամբարտաւանների վէճն արիւնահեղութիւնն է, եւ նրանց բամբասանքը ձանձրալի է լսել։
17Ով յայտնում է գաղտնիքները, կորցնում է հաւատարմութիւնը եւ չի գտնի բարեկամ իր հոգու համար։
18Երկա՛ր մնա բարեկամի մօտ եւ հաւատարի՛մ եղիր նրան.
19իսկ եթէ յայտնես նրա գաղտնիքները, չես գնայ նրա յետեւից։
20Ինչպէս մարդ կորցնում է իր թշնամուն, այնպէս կորցնում է մերձաւորի սէրը։
21Ինչպէս թռչունին, որ քո ձեռքից բաց ես թողնում եւ էլ չես կարող բռնել, այնպէս էլ չես բռնի մերձաւորին, որին բաց ես թողնում։
22Մի՛ գնա նրա յետեւից, քանզի նա հեռացաւ եւ այծեամի պէս փրկուեց որոգայթից։
23Վէրքը կարելի է կապել, եւ հայհոյանքից յետոյ հաշտութիւն կայ։
24Ով յայտնում է գաղտնիքները, նա կորցնում է հաշտութեան յոյսը։
ԵՐԿԱԿԻ ԼԵԶՈՒ
25Ով ակնարկում է աչքով, չարիք է նիւթում, եւ ով տեսնում է այն, թող հեռու մնայ նրանից։
26Քո աչքի առջեւ նա կը քաղցրացնի իր բերանը, կը զարմանայ քո խօսքի վրայ, իսկ յետոյ կը ծռի իր բերանը եւ քո խօսքը գայթակղութեան առարկայ կը դարձնի։
27Շատ բան ատեցի, բայց ոչ մի բան այնպէս չեմ ատել, ինչպէս նրան. Տէրը նոյնպէս ատելու է նրան։
28Ով քարը երկինք է նետում, այն իր գլխին կ’ընկնի. նենգաւոր մարդու հարուածները բացում են վէրքերը։
29Ով հոր փորի, նրա մէջ կ’ընկնի, եւ ով որոգայթ լարի, կը բռնուի նրա մէջ։
30Ով չարութիւն անի, կը գլորուի նրա մէջ եւ չի էլ իմանայ, թէ այն որտեղից հասաւ իրեն։
31Ամբարտաւանների ծաղրն ու նախատինքը, նաեւ վրէժխնդրութիւնը առիւծի նման դարանակալ է նրանց։
32Որոգայթով կը բռնուեն նրանք, ովքեր ուրախանում են բարեպաշտների անկումով. իրենց մահից առաջ հեծութիւնը պիտի մաշի նրանց։
33Ոխը եւ բարկութիւնը նոյնպէս գարշելի են, եւ մեղաւոր մարդը ամուր կառչում է նրանցից։