Սիրաք
22
ԾՈՅԼԻ ՄԱՍԻՆ
1Ծոյլը նման է շաղախուած կղկղանքի. ամէն ոք զզուանքով կը թքի նրա վրայ։
2Ծոյլը հաւասար է աղբի եւ թրիքի. ամէն ոք, ով այն վերցնի, թափ կը տայ իր ձեռքը։
ՎԱՏԱԲԱՐՈՅ ԶԱՒԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3Անդաստիարակ որդու ծնունդը հօր ամօթն է, իսկ դստեր ծնունդը՝ նրա նուաստացումը։
4Ողջախոհ դուստրն իր ամուսինը կ’ունենայ, իսկ անամօթը տրտմութիւն է ծնողների համար։
5Անառակը ամօթով կը թողնի իր հօրն ու մօրը եւ երկուսից էլ կ’անարգուի։
6Տարադէպ պատմութիւնը նոյնն է, ինչ որ երաժշտութիւնը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստութիւն է ամէն ժամանակ։
7Յիմարին սովորեցնողը նման է կոտրած խեցի կպցնողի
8եւ քնածին խոր քնից արթնացնողի։
ՅԻՄԱՐՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ Է
9Ով պատմում է յիմարին, նոյնն է թէ պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է՝ «Ի՞նչ»։
10Լա՛ց եղիր նաեւ տխմարի վրայ, քանզի նրա համար չքացաւ իմաստութիւնը։
11Մեղմ լա՛ց եղիր մեռելի վրայ, քանզի նա գտաւ իր հանգիստը, իսկ յիմարի համար ապրելը մահից վատ է։
12Մեռելի վրայ սուգը եօթն օր է,
13իսկ անմիտ եւ ամբարիշտ մարդու համար՝ իր կեանքի բոլոր օրերին։
14Անզգամի հետ շատ մի՛ խօսիր եւ անմիտ մարդու մօտ մի՛ գնա։
15Զգո՛յշ եղիր նրանից, որպէսզի տանջանք չկրես եւ նրանից հեռանալիս կեղտով չշաղախուես,
16այլ զատուի՛ր նրանից, եւ հանգիստ կը գտնես ու չես ձանձրանայ նրա անմտութիւնից։
17Կապարից աւելի ծանր ի՞նչ կայ, եւ ի՞նչ է նրա անունը, եթէ ոչ՝ յիմար։
18Աւելի դիւրին է տանել աւազը, աղը եւ շիկացած երկաթը, քան անմիտ մարդուն։
19Ինչպէս փայտէ պահանգով ամրացուած շինուածքը ցնցումներից չի խախտւում, այդպէս էլ անխախտ է մնում իմացութեան խորհրդով հաստատուած սիրտը։
20Իմաստութեան խորհրդով հաստատուած սիրտը վախի ժամանակ չի վհատուի։
21Ինչպէս բարձրաւանդակի վրայ գտնուող յարդը եւ աւազաշաղախ քարաշէն պատի խճաքարերը հողմերի առաջ չեն դիմանայ,
22այնպէս էլ վախկոտ սիրտը տխմար խորհուրդների պատճառով չի տոկայ ամէն տեսակ երկիւղի առաջ։
ԲԱՐԵԿԱՄԻ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
24Ով աչքն է խոցում, արտասուք է բերում, եւ ով սիրտն է խոցում, զգացմունքներ է յարուցում։
25Ով քար է նետում թռչուններին, քշում է նրանց, եւ ով նախատում է բարեկամին, խզում է բարեկամութիւնը։
26Թէ սուր էլ քաշես բարեկամի վրայ, անյոյս մի՛ եղիր, քանզի դարձ կայ։
27Թէ բարեկամի վրայ բերան էլ բացես, մի՛ վախեցիր, քանզի հաշտութիւն կայ, միայն թէ դա չլինի նախատինք, ամբարտաւանութիւն, գաղտնիք յայտնել եւ նենգ վիրաւորանք։
28Ամէն տեսակ բարեկամ փախչում է սրանցից։ Մերձաւորի մօտ հաւատարմութի՛ւն ունեցիր նրա աղքատութեան ժամանակ, որպէսզի նրա հարստութեան օրօք ուրախ լինես։
29Նեղութեան ժամանակ մօ՛տ եղիր նրան, որպէսզի դու էլ ժառանգես նրա ժառանգութիւնից։
30Ինչպէս հնոցում կրակից առաջ գոլորշի եւ ծուխ է դուրս գալիս, այդպէս էլ արիւնահեղութիւնից առաջ՝ բամբասանքը։
31Ես չեմ ամաչի բարեկամիս պաշտպանել եւ նրա երեսից չեմ թաքնուի, թէկուզ ինձ չարիք պատահի նրա պատճառով,
32մինչդեռ ամէն ոք, ով լսի այդ մասին, պիտի խորշի նրանից։
33Ո՞վ ինձ կը տար պահապան իմ բերանի վրայ եւ խորագիտութեան կնիք՝ իմ շուրթերին, որպէսզի չխորտակուեմ, եւ իմ լեզուն չկործանի ինձ։